Ռուսաստանում ակնկալում են, որ Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքում ձևավորված նոր կառավարությունը կապահովի ռուս-հայկական հարաբերությունների առաջանցիկ զարգացումը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
«Կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը շարունակի հարմար միջավայր ստեղծել ռուս ներդրողների գործունեության համար և ապահովի նրանց իրավունքների, օրինական շահերի պահպանումը», – ասել է Միշուստինը:
Մոսկվայում ակնկալում են ռուս-հայկական հարաբերությունների շարունակական զարգացում՝ բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի հաշվառման ոգով։
ՌԴ վարչապետի խոսքով` չնայած համաշխարհային տնտեսության տուրբուլենտությանը` Ռուսաստանը պահպանում է Հայաստանի խոշորագույն արտաքին առևտրային գործընկերոջ և ներդրողի կարգավիճակը: Միշուստինը նշել է, որ ռուսական ընկերություններն ակտիվորեն աշխատում են հայկական տնտեսության առանցքային ոլորտներում՝ հանքարդյունաբերություն, մեքենաշինություն, տրանսպորտային ենթակառուցվածք, Էներգետիկա, ներառյալ խաղաղ ատոմի ոլորտը:
Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչները «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի հարթակում նոր հնարավորություններ կգտնեն համատեղ նախագծերի իրականացման, արտադրությունների ստեղծման և կոոպերացիայի ընդլայնման համար:
«Հատկապես կարևոր է այս գործընթացում ներգրավել մեր երկրների փոքր և միջին ձեռնարկություններին», – ասել է Միշուստինը:
ՌԴ վարչապետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Եկատերինբուրգ կատարած այցը Փաշինյանի առաջին արտասահմանյան ուղևորությունն է։
Եկատերինբուրգում տեղի է ունեցած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպման ժամանակ Միշուստինն ի խոսքում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասել է․
«Բարի օր, հարգելի՛ Նիկոլ Վովայի,
Հարգարժա՛ն գործընկերներ, բարեկամներ,
Ռուսաստան այցելությունը Ձեր առաջին արտասահմանյան ուղևորությունն է Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։ Ակնկալում ենք, որ նոր Կառավարությունը, որը կձևավորվի քվեարկության և ընտրությունների արդյունքներով, կապահովի մեր հարաբերությունների զարգացումը, Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների առաջընթաց զարգացումը բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու ոգով։
Չնայած համաշխարհային տնտեսության տուրբուլենտությանը՝ Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների և ներդրողների շարքում։ Հայրենական ընկերություններն ակտիվորեն աշխատում են Հայաստանի հանքարդյունաբերության, մեքենաշինության, տրանսպորտային ենթակառուցվածքների, էներգետիկայի, այդ թվում՝ խաղաղ ատոմի, ինչպես նաև թվային տնտեսության ոլորտներում։ Կարևոր է, որ Հայաստանի Կառավարությունը շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար և ապահովի նրանց իրավունքների ու օրինական շահերի պահպանումը։
Փոխգործակցության բոլոր հարցերը գտնվում են մեր Միջկառավարական հանձնաժողովի մշտական վերահսկողության ներքո, որը մեր կողմից գլխավորում է փոխվարչապետ Ալեքսեյ Լոգվինովիչ Օվերչուկը։
Այսօր մենք Ձեզ հետ միասին մասնակցեցինք Ռուսաստանում խոշորագույն «ԻՆՆՈՊՐՈՄ» ցուցահանդեսին, ծանոթացանք արդյունաբերության, մեքենաշինության և գիտատեխնոլոգիական մշակումների ոլորտի ամենաժամանակակից լուծումներին։
Վստահ եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչները ևս այստեղ կգտնեն համատեղ նախագծերի, համատեղ արտադրության հնարավորություններ և կհաստատեն կոոպերացիա։ Դա հատկապես կարևոր է անել՝ հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի փոքր ու միջին ձեռնարկությունների մասնակցությունը։
Մենք կարևորում ենք մեր հայ գործընկերների հետ մշակութային և հումանիտար համագործակցությունը։ Առաջարկում ենք շարունակել Մշակույթի օրերի, ցուցահանդեսների, փառատոնների անցկացման ավանդույթը, ամրապնդել կրթական, երիտասարդական միջոցառումները, ցուցահանդեսներն ու համաժողովները։
Լավ հնարավորություններ կան նաև մեր ուղղակի միջտարածաշրջանային կապերի ընդլայնման համար։ Պատրաստ եմ Ձեզ հետ քննարկել երկկողմ հարաբերությունների հարցերի ողջ համալիրը։
Հարգելի՛ Նիկոլ Վովայի, խոսքը փոխանցում եմ Ձեզ»։
Հիշեցնենք, այսօր առավոտյան ՀՀ վարչապետը մեկնել է Եկատերինբուրգ՝ մասնակցելու «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Եկատերինբուրգում նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։

Բաց մի թողեք
Փաշինյանը մեկնել է Ռուսաստան
Ամեն թուղթ ՀԴՄ չէ. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով սրճարանում տրվող թղթերի նշանակությունը. Լուսանկար
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը. Տեսանյութ