08/07/2026

EU – Armenia

13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Արթուր Պողոսյանը ցուցադրում 70 ամյա Ծառուկյանի տապալման կադրերը

«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված քրեական գործընթացը շարունակում է մնալ հանրային և քաղաքական քննարկումների առանցքում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուշադրության են արժանի ոչ միայն առաջադրված մեղադրանքները, այլև ամբողջ գործընթացի կազմակերպման, իրավական տրամաբանության ու ցուցադրական բաղադրիչը։ Երեկ հենց Ծառուկյանը կալանավորվեց, իսկ րոպեներ անց ՔԿ-ն տարածեց տեսանյութը։

Այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը «պետք է նստի», գործնական փուլ մտան նաև իրավապահների գործողությունները։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի ղեկավարած կառույցը սկսեց լայնածավալ գործողություններ, որոնք ուղեկցվեցին շուրջ 13 ժամ տևած խուզարկությամբ։

Դրանից հետո Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ քննվող քրեական վարույթով ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց՝ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ գործող խումբը 2022-2024 թվականներին, առերևույթ, իրականացրել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Ըստ ՔԿ-ի՝ խոսքը վերաբերում է Իրանից Հայաստան ներմուծված 52 միավոր տրանսպորտային միջոցների, տեխնիկայի, վառելիքի և այլ ապրանքների, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 21 մլն ԱՄՆ դոլար կամ ավելի քան 8 միլիարդ դրամ։ Քննչական կոմիտեն պնդում է, որ ներմուծման փաստաթղթերը կեղծվել են, գույքը հափշտակվել, իսկ հետագայում՝ օրինականացվել։ Նույն հաղորդագրությամբ հայտարարվեց նաև, որ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, իսկ ավելի քան 70 հասցեներում կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, առարկաներ և տրանսպորտային միջոցներ։

Սրան զուգահեռ Քննչական կոմիտեն հրապարակեց նաև մեկ այլ հաղորդագրություն, ըստ որի՝ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող ապօրինի որսի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 190 խրտվիլակ, ինչպես նաև երեք առյուծ և մեկ վագր, որոնք ճանաչվել են իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի։ ՔԿ-ն նաև հայտարարեց, որ ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս, իսկ մնացած կենդանիների առգրավումը նախատեսվում է հաջորդող օրերին։

Սակայն այստեղ սկսվում են այն հարցերը, որոնք իրավական տեսանկյունից վիճահարույց են։

Եթե իրավապահները շուրջ 13 ժամ շարունակ գտնվել են առանձնատանը, ապա ինչո՞ւ էր անհրաժեշտ ձերբակալության պահին 70-ամյա, անզեն և որևէ դիմադրություն չցուցաբերող Գագիկ Ծառուկյանին գետնին տապալել։ Եթե անձն այդ ամբողջ ընթացքում գտնվել է իրավապահների վերահսկողության ներքո, ո՞րն էր նման ուժի կիրառման անհրաժեշտությունը։ Փաշինյանի սիրտը հովացնելու համա՞ր էր դա։

Կադրերում նկատելի է նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք. Ծառուկյանի ձեռքերը փաստացի ձեռնաշղթայված չեն, քանի որ ձեռնաշղթաները նրա ձեռքերի համար չէին, փոքր էին։ Եթե իրավապահները գնում էին հաղթանդամ գործարարին տապալելու, ինչո՞ւ չէին պատրաստել նաև նրա չափի ձեռնաշղթաներ։ Սա անկազմակերպ, թափթփված աշխատանքի արդյունք էր։
Հարցեր են ծագում նաև կենդանիների և հատկապես խրտվիլակների առգրավման մասով։ Եթե քրեական վարույթի շրջանակում բավարար հիմքեր չկային ապօրինի որսի մասով, ապա իրավապահներն ինչո՞ւ էին որպես իրեղեն ապացույց առգրավում նաև այդ ծավալի խրտվիլակները։ Կենդանիների խրտվիլակները, որոնք Հայաստանում չեն ապրում, ի՞նչ կապ ունեն ներկայացված մեղադրանքների հետ։

Միաժամանակ այս ամբողջ գործընթացն արդեն ողբերգական հետևանք է ունեցել նաև կենդանիների համար։ Առգրավված առյուծներն ու վագրը թեև տեղափոխվեցին Երևանի կենդանաբանական այգի, սակայն հաջորդ օրը հայտնի դարձավ, որ քնեցված կենդանիներից մեկը չի արթնացել։ Դրանից հետո Քննչական կոմիտեն հայտարարեց, որ նշանակվել են համապատասխան ստուգումներ՝ պարզելու կենդանու մահվան պատճառները։ Պատասխանատվության բացակայություն, որի արդյունքում կենդանին էլ չկա։

Գործընթացի իրավական կողմի մասին Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանի բացահայտումները, թերևս, սպասելի էին։ Նրա խոսքով՝ սկզբնական փուլում ներկայացված չորս մեղադրանքներից մեկը՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մասով, արդեն իսկ կարճվել է։ Պաշտպանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ապօրինի որսի մեղադրանք նույնպես չկա, իսկ մնացած երկու մեղադրանքները պաշտպանության կողմը համարում է անհիմն և վիճարկելու է օրենքով սահմանված կարգով։

Ստացվում է, որ դիմակավորված շոուն Արթուր Պողոսյանը բեմադրեց իր պաշտոնը պահպանելու և հնարավոր վերանշանակումն ապահովելու համար, սակայն իրավական հիմնավորումները թերի են։ Չորս վարույթներից երկուսը երկու օրում ոչնչացան, իսկ մնացած երկուսն էլ, ըստ այս գնահատականի, կկոտրվեն քննության փուլում, քանի որ վերաբերում են 2022-2024 թվականների դեպքերին։

Բայց այս փուլում Ծառուկյանի տապալումն ու առյուծազրկումը կազմակերպվել են Արթուր Պողոսյանի կողմից, քանի որ նոր կառավարության շրջանակներում երերում է նաև նրա աթոռը, և նա հավատարմության նոր նշաձող սահմանեց։ Ոչինչ, որ այս ամենի արդյունքում անմեղ կենդանին սատկեց, և այդ մահվան պատասխանատվությունը, ըստ այս պնդման, առաջին հերթին կրում է հենց Արթուր Պողոսյանը, ապա՝ քաղաքային իշխանությունը»։