Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրգործի շրջանակներում հուլիսի 6-ին խուզարկություններ են իրականացվել «Մուլտի գրուպ»-ի ավելի քան 70 հասցեում, այդ թվում՝ «Արարատցեմենտ» գործարանում։ Խուզարկության ընթացքում աշխատակիցներին շտապ հեռացրել են տարածքից, անգամ չեն թույլատրել պատշաճ կարգով անջատել արտադրական սարքավորումները, վառարանները որի հետեւանքով վթարներ են տեղի ունեցել։
Ըստ որոշ լուրերի, պատճառված վնասն այնքան մեծ է, որ գրեթե համարժեք է նոր գործարան կառուցելուն: Բացի այդ` Հայաստանի ամենամեծ ցեմենտի գործարանը կանգնած է, եւ դա կառուցապատման ոլորտի համար լրջագույն խնդիրներ է առաջացրել: Մեզ դիմած կառուցապատողները նշում են, որ շինարարական ընկերությունները ցեմենտի պաշարներ չեն կարող պահեստավորել` աշխատում են ընթացիկ մատակարարումների հաշվին, եւ եթե մինչեւ ուրբաթ օրը «Արարատցեմենտը» չվերագործարկվի, հանրապետությունով մեկ բազմաթիվ շինարարություններ կկանգնեն։
Թեմայի մասին Հրապարակ թերթը զրուցել է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանի հետ:
– Կառուցապատողներն ասում են, որ «Արարատցեմենտ»-ի հետ կապված իրավիճակն էապես կարող է ազդել կառուցապատման աշխատանքների վրա, քանի որ Հայաստանի շինարարական ոլորտի զգալի մասը կախված է «Արարատցեմենտ»-ի մատակարարած ցեմենտից, իսկ գործարանն արդեն քանի օր է՝ չի գործում: Կառուցապատողներն ասում են` եթե մինչեւ ուրբաթ օրը խնդիրը չկարգավորվի, եւ ցեմենտ չմատակարարեն իրենց, կառուցապատման աշխատանքները հանրապետությունով մեկ կանգ կառնեն:
– Այս պահի դրությամբ կառուցապատողներից, որպես այդպիսին, բողոք չկա, որովհետեւ կան այլընտրանքային տարբերակներ, բնականաբար, եթե լինեն դժգոհություններ, այդ մասով կքննարկենք, այս պահի դրությամբ հանրային հնչեղություն ունեցող դժգոհության ալիք չկա:
– Ի՞նչ այլընտրանքի մասին է խոսքը: Հայաստանում նման ծավալի ցեմենտ արտադրող ուրիշ գործարաններ կա՞ն, որքանով մեզ հայտնի է` «Արարատցեմենտ»-ը միակն է:
– Քանի որ կառուցապատողները հանդիսանում են պատվիրատուներ, իրենք աշխատանքները պատվիրում են շինարարներին, շինարարներն են հայթայթում եւ մատակարարում բետոն, ցեմենտ եւ այլ նյութեր, հետեւաբար՝ կառուցապատողները չպետք է նման մտահոգություններ ունենան, իսկ թե շինարարներն ինչ մտահոգություններ ունեն այս պահին, այդ մասով չունեմ ինֆորմացիա:
– Ասում եք՝ շինարարները պետք է հայթայթեն, եւ կա այլընտրանք: Ինչի՞ մասին է խոսքը:
– Մշտապես եղել են բերելու տարբերակներ, եւ դրանք շարունակվում են, օրինակ` հարեւան Իրանից, այնտեղ մշտապես առկա է այն, եւ շինարարները միշտ էլ բերել են, եթե չեմ սխալվում՝ այլ ԱՊՀ երկրներից եւս ցեմենտ բերելու հնարավորություն կա, օրինակ` Ռուսաստանի Դաշնությունից, սակայն հիմա կոնկրետ խոսքն իրանական ցեմենտի մասին է:
– Բայց մասնագետներն ասում են, որ, նախ, իրանական ցեմենտը որակապես զիջում է հայկականին, դրան գումարած` դրսից ցեմենտ բերելը եւ Հայաստանում արտադրելը նույն բանը չեն, ժամանակի խնդիր կա, մատակարարումների պարբերականության խնդիր կա:
– Քանի որ այս պահի դրությամբ որեւէ ինֆորմացիայի չեմ տիրապետում, թե այն ինչ տնտեսական հետեւանքներ կարող է առաջացնել կառուցապատման շուկայի բնականոն աշխատանքի վրա, հետեւաբար, չեմ կարող հստակ պատասխանել Ձեր հարցերին, սակայն կարող եմ ասել, որ այդ ներմուծումները եղել են եւ շարունակվում են:
– Քանի՞ օր է տեւում ցեմենտն Իրանից բերելը:
– Չեմ կարող հստակ ասել:
– Իսկ կարծում եք` կարելի է հույսը դնել Իրանի կամ ՌԴ-ի վրա՞, թե՞ պետք է Հայաստանում ցեմենտ արտադրող գործարանից ստանալ այն:
– Ես այդ հարցից ձեռնպահ կմնամ, բայց կասեմ, որ Հայաստանում ինչքան շատ գործարաններ աշխատեն, այդքան ավելի լավ մեզ համար:

Բաց մի թողեք
Մեր ապրանքը Եվրոպայում Ռուսաստանից թանկ ենք վաճառելու
Այդքան տարի է անցել` նո՞ր իմացան, որ այդ շենքը Բրյուսովի ձեռքից առել են
Վերականգնումը լինելու է բարդ ու երկարատև