14/07/2026

EU – Armenia

Ամբողջ ձմեռ ընտանիքս պահում եմ այս 3 ամսվա աշխատանքով, հիմա ծախսերն էլ չեմ հանում

Ռուսաստանը Փաշինյանի հակառուսական գործողություններին ի պատասխան կողպել է ռուսական շուկայի դռները հայ արտադրողների առաջ:

Հրապարակ թերթը գրել է․ Ու չնայած Փաշինյանն ու իր արբանյակները հայտարարում են, որ ռուսական շուկայի այլընտրանքը գտել են՝ հայ արտադրողների առաջ բացվել է եվրոպական շուկան, եւ ապրանքը կարող են տանել ԵՄ երկրներ, սակայն հայ գյուղացիները, ջերմոցատերերը եւ արտադրողները հայտնվել են անելանելի վիճակում:

Ռուսաստանը մայիսի 22-ից կասեցրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից։ Ըստ պաշտոնական բացատրության՝ պատճառը հայտնաբերված վնասատուներն են։ Ռուս մասնագետները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ դեռ մայիսին ջերմոցային տնտեսություններում տեսչական ստուգումներ էին իրականացրել, եւ իբր խախտումներ էին հայտնաբերվել, ինչի հետեւանքով ծաղկի հայաստանյան շուկայում լճացում է․ ծաղկի արտադրությամբ զբաղվողներն իրացման լուրջ խնդիրների առջեւ են կանգնել։

Ծաղիկների մուտքը Ռուսաստան արգելվել էր նաեւ անցյալ տարվա հուլիսին։ Ծաղկավաճառներն ու ջերմոցատերերը բողոքի ակցիաներ էին սկսել Երեւանում, տեղական շուկան կոլապսի մեջ էր։ Սննդի տեսչությունն այն ժամանակ խնդրել էր ռուսական կողմին՝ կրկին ստուգել հայկական ջերմոցների սանիտարական պայմանները։

Տեսազանգերով ռուսաստանցի էքսպերտները նայել էին՝ ծաղիկների վրա միջատներ կա՞ն արդյոք, թե՝ ոչ, եւ հարցը կարգավորվել էր: Սակայն այժմ որեւէ ընկերություն ծաղիկ չի կարողանում արտահանել ՌԴ: Օրինակ՝ 2025-ին Հայաստանից արտահանվել էր շուրջ 34 միլիոն դոլարի ծաղիկ։ Բայց ծաղիկը դեռ ամենը չէ:

«Ռոսսելխոզնադզորի» նախագահ Սերգեյ Դանկվերտը մայիսի 22-ին հայտարարել էր, որ «խնդիրներ են ծագել» նաեւ հայկական մրգերի եւ բանջարեղենի հետ կապված, եւ հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը նույնպես արգելվեց: Հիշեցնենք, որ անցյալ տարի էլ հայկական ծիրանի մոտ 80 տոննա բերքն էր մնացել Լարսի անցակետում։ Գյուղատնտեսները բողոքի ակցիաներ էին անում սահմանին:

Այս տարի ռուսաստանցի մասնագետներն անձամբ էին ժամանել Հայաստան, որ ստուգումներ անեին տեղի մի քանի ձկնաբուծարաններում եւ ջերմոցներում։ Նրանք դեռ Ռուսաստան չէին վերադարձել, երբ մայիսի 28-ին «Ռոսսելխոզնադզորը» նոր հայտարարություն տարածեց, թե կարգելվի նաեւ թարմ լոլիկի, կանաչ պղպեղի, վարունգի, կանաչեղենի ու ելակի ներմուծումը։ Հայաստանից ամեն տարի ավելի քան հարյուր միլիոն դոլարի միրգ ու բանջարեղեն են արտահանվել ՌԴ։

Մայիսի 22-ին «Ռոսպոտրեբ­նադզորն» արգելել է նաեւ «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը Ռուսաստանում։ Պատճառաբանությունը տեխնիկական է՝ հայտնաբերել են «բիկարբոնատ իոնների, քլորիդների եւ սուլֆատների չափազանց մեծ քանակ»։ Նկատենք, որ դեռ տարեսկզբից միայն 38,4 միլիոն շշի վաճառք էր կասեցվել։ Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմինը «Ջերմուկի» մայր գործարանում բոլորովին վերջերս ստուգումներ է արել, արտադրանքի մեջ տեղացի փորձագետները չեն հայտնաբերել ռուսական կողմի նշած ցուցանիշներով խախտումներ։ Ռուսաստան արտահանվում է տարեկան մոտ 15 միլիոն լիտր ջերմուկ։

Մայիսի 23-ին կասեցվել է նաեւ Հայաստանում արտադրվող որոշ ալկոհոլային խմիչքների մուտքը Ռուսաստան։

«Հրապարակը» նախ զրուցեց Արմավիր քաղաքում գյուղատնտեսությամբ զբաղվող Գրիգոր Բեկնազարյանի հետ: Մեր զրուցակիցը պատմեց, որ վարունգ եւ լոլիկ է աճեցնում, ամեն տարի կարողանում է այդ գումարներով ընտանիքը պահել, սակայն այս տարի, երբ ռուսական շուկան Հայաստանի համար անհասանելի է դարձել, անգամ սերմերի, ոռոգման ջրի եւ իր աշխատողների գումարը չի կարողանում հայթայթել, քանի որ զգալիորեն բանջարեղենի արժեքը նվազել է։

«Նախորդ տարի 200-300 դրամով էինք վաճառում, էս տարի Մեյմանդարի շուկայում 70 դրամով ենք վաճառում: Արդեն տասը տարուց ավելի ամբողջ ձմեռ ընտանիքս պահում եմ ամռան երեք ամիսների աշխատանքով` բերքի եկամտով, էս տարի անգամ ծախսերը չեմ կարողանում հանել»,- ասում է մեր զրուցակիցը:

Զրուցեցինք նաեւ տարբեր ջերմոցային տնտեսությունների ղեկավարների հետ: Շիրակի մարզում գործող «Վարդերի աշխարհ» ջերմոցային տնտեսությունից «Հրապարակի» հետ զրույցում ասացին, որ սարսափելի վիճակում են հայտնվել, չեն կարողանում որեւէ ուղղությամբ ծաղիկ արտահանել: Հարցին` չե՞ք կարողանում ծաղիկը եվրոպական շուկա արտահանել, մեր զրուցակիցն ասաց. «Ոչ մի ուղղությամբ չենք կարողանում ծաղիկն արտահանել, ահավոր վիճակում ենք: Ինչ մնում է ծաղիկը Եվրոպա տանելուն, կատարյալ սուտ է` նման բան չկա: Տեղական շուկայում էլ սարսափելի ցածր գներով ենք վաճառում առաջվա թանկ վարդերը»:

«Պիոն» ջերմոցային տնտեսության ղեկավար Անահիտ Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում հարցին հարցով պատասխանեց. «Հիմա ո՞վ է կարողանում ծաղիկ արտահանել, որ մենք կարողանանք»: Իսկ ինչպե՞ս եք վաճառում ծաղիկը, մեր զրուցակիցն ասաց, որ այժմ աշխատում են ծաղիկը Եվրոպա տանելու ուղղությամբ, կստացվի, թե ոչ, Աստված գիտի: Իսկ թե որ եվրոպական երկիր են ցանկանում արտահանել, Հովհաննիսյանն ասաց` գաղտնիք է:
«Դրիմ ռոզ» ջերմոցային տնտեսության ղեկավար Ռուբեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ամենը ռուսական կողմից հատուկ է արվում` Հայաստանում խժդժություններ հրահրելու համար. «Չենք տրվելու ռուսական սադրանքին, պետք եղած դեպքում կթափենք զիբիլը մեր ապրանքը, բայց ռուսին չենք խնդրի ոչ մի բան: Ու ինձ նման մտածում են իմ շրջապատի բոլոր ջերմոցատերերը»: Ինչպե՞ս եք կարողանում արտահանել ծաղիկը։ «Կոնկրետ ես արտահանել եմ Իտալիա, իհարկե, գինն էն չի, բայց ոչինչ»,- ասաց մեր զրուցակիցը եւ հրաժարվեց ասել, թե քանի ծաղիկ է կարողացել արտահանել Իտալիա, ինչ եկամուտ է ստացել։ Պնդեց, որ այդ տեղեկությունները կոմերցիոն գաղտնիք են: