14/07/2026

EU – Armenia

Ընտրություններից հետո ո՞ր նախընտրական խոստումների մասին այլեւս չի խոսվում

Նախընտրական էյֆորիան արագ հօդս ցնդեց: Իսկ այն, ինչ տեսնում ենք մեր շուրջը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս անց, ամենեւին էլ ՔՊ-ի խոստացած դրախտը չէ:

Հրապարակ թերթը գրել է․ Թոշակառուները շատ արագ սովորեցին 10 հազարով ավելացած թոշակ ստանալու «երջանկությանը» եւ հայտնաբերեցին, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել, իսկ գներն ավելի կատաղի են սկսել աճել: Ապրիլին կենսաթոշակների բարձրացման ֆոնին գների ընդհանուր մակարդակը չեզոքացրել է այդ 10 հազարի արժեքը։ Ապրիլին՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ, պարենային ապրանքները թանկացել էին 9.5%-ով: Մեր աչքի առաջ հօդս է ցնդում նաեւ Փաշինյանի «տժվժիկը»՝ առողջության համընդհանուր ապահովագրությունը: Անվճար ծառայությունները կամաց փակվում են, բուժհաստատությունները հանգիստ օգտվում են համավճար վերցնելու իրենց իրավունքից, եւ այս հարցում ուղղակի ամենաթողություն է` ով ինչքան ուզում է, համավճար է գանձում պացիենտներից:

Քարոզարշավի ընթացքում ներդրումների, տարեկան նոր՝ 25 հազար աշխատատեղի, գների կայունացման, բիզնես միջավայրի բարելավման մասին էին պատմում: Բայց այսօր այդ ամենը հետին պլան է մղվել, իսկ հանրային օրակարգում այլ թեմաներ են՝ գետնին տապալված կամ սպանված առյուծներ, իրավական անարխիա, դաշտերում չորացող բերք, գործազրկության տագնապ, հարուստներին պատժելու հրամայական:

«Մարդիկ հիմա վարկեր պիտի մուծեն։ Ամիսը լրանում է։ Որտեղի՞ց պիտի մուծենք»,- ասում էր «Արարատցեմենտի» աշխատակիցներից մեկը՝ գործարանի հարկադիր պարապուրդի օրերին։ ԲՀԿ-ականներն էլ հայտարարում էին, որ Ծառուկյանի բիզնեսների նկատմամբ իրավապահ գործողությունների հետեւանքով հարկադիր պարապուրդի է մատնվել մոտ 10 հազար մարդ։ Նախօրեին հայտարարվեց, որ «Արարատցեմենտի» աշխատանքը վերականգնվել է, որ աշխատողների իրավունքները կպահպանվեն։ Բայց տեսնելով, թե ինչ է կատարվում Ծառուկյանի շուրջ, աշխատողները վաղվա հանդեպ հույս չունեն:

Նույնքան հակասական է բիզնես միջավայրի պատկերը։ Քարոզարշավի ընթացքում իշխանությունը մեծ-մեծ խոսում էր ներդրումների խթանման, ձեռնարկատիրության զարգացման եւ բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու մասին: «Ներդրումը ներդրում է բերում», «Մենք խոսում ենք ներդրումային նոր էկոհամակարգի ձեւավորման մասին»,- ճամարտակում էր Փաշինյանը, բայց այսօր մարդիկ շունչները պահած հետեւում են, թե առաջիկայում որ գործարարից ինչ է խլվելու, ով է պատժվելու, ով է ունեզրկվելու, եւ արդյո՞ք բիզնեսն այսօր իրեն զգում է այդ էկոհամակարգի մասնակից, ու կարելի է խոսել ներդրումային միջավայրի նկատմամբ վստահության մասին:

«Եթե դու ուրիշի բիզնեսը քաղաքական դրդապատճառներով խլում ես, մեկից՝ ՀԷՑ-ը, մյուսից՝ «Արարատցեմենտ»-ը, ձեռնարկություններ, մարզասրահներ ես փակում, բնականաբար, այդ երկրում ներդրումներ չեն լինում»,- համոզված է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Ըստ նրա, խոստումները չէին կարող համապատասխանել այսօրվա իրավիճակին, երբ տասնյակ բեռնատարներ օրերով կանգնած են սահմանին, արագ փչացող մրգերի եւ բանջարեղենի զգալի մասը դեն է նետվում, ֆինանսական ֆիասկոյի ռիսկի առաջ՝ գյուղացին լքում է հողը: Արդեն արտադրված բերքը շուկա հասցնելն է երազանք դարձել, ծիրանի, կեռասի, ծաղկի, այլ գյուղարտադրանքի ճանապարհը դեպի Ռուսաստան մնում է փակ:

«Միայն դրանց առաջ չի փակ, գյուղատնտեսական բոլոր մթերքների, կորիզապտուղ բույսերի, ձկնեղենի, ջերմուկի, կոնյակի մեծ մասի ու փակ էլ մնալու է: Իշխող քաղաքական ուժին պետք էր ամեն գնով իշխանությունը պահել, իսկ դրանից հետո ինչ խոստում որ տրվել է, ջրվեց: Հիմա նա այլ քաղաքականություն է իրականացնում, իսկ խոստումների մասին կվերհիշեն ՏԻՄ ընտրությունների ժամանակ»,- ասում է քաղտեխնոլոգը:

Բայց Փաշինյանը խոստանում է, որ Մոսկվայի հետ առաջացած խնդիրները կարգավորելու է, ռուսական իշխանություններն էլ հայերի մասին լավ-լավ բաներ են ասում՝ օրինակ, Զախարովայի շուրթերով, եւ ի՞նչ, ոչինչ չի՞ փոխվելու: «Ուշադրություն պետք է դարձնել ոչ թե խոսքերին, այլ՝ գործողություններին: Տնտեսական սահմանափակումները շարունակվում են: Հայաստանում եվրոպական կառույցների դիրքերն ամրապնդվում են, այսօր էլ Կայա Կալլասն ասաց, որ Հայաստանում ԵՄ նոր առաքելություն է հիմնվում: Մի մոռացեք, որ մայիսի 30-ի որոշմամբ ԵԱՏՄ-ն Հայաստանին 6 ամիս ժամանակ է տվել, եւ եթե այս նույն իրավիճակը մնա, դեկտեմբերի 30-ին Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս կշպրտեն, կկասեցնեն մեր անդամությունը, իսկ դա կբերի ընդհանուր արտաքին առեւտրի կոլապսի: Էլ չեմ ասում, որ գազի գինը բարձրանալու է, եւ մարդիկ, ովքեր ընտրեցին ՔՊ-ին, պետք է իմանան, որ այն մատնաքաշը, որը նրանք հիմա գնում են 200-220 դրամով, կարող է դառնալ 600-700 դրամ: Ու կապ չունի, թե ինչ է խոսում Ուրսուլա ֆոն դեր Լայենը: ԵՄ աջակցությունը 52 մլն եվրո է: Իսկ Հայաստանը Ռուսաստանից՝ այնտեղ ուղարկվող ապրանքներով եւ աշխատանքային միգրանտների միջոցով ստանում էր տարեկան 7 մլրդ դոլարի եկամուտ: Եթե ԵՄ-ն տարեկան այդքան մեզ տա, ապա կկոմպենսացնի այս խնդիրները, բայց նման բան չի լինի: Իսկ մեզ հենց էդքան է պետք»,- ասում է Արմեն Բադալյանը: