Սահմանադրական դատարանը մի քանի օր առաջ հրապարակեց ընտրությունների արդյունքների վիճարկման գործով իր որոշման ամբողջական տեքստը՝ ներկայացնելով այն հիմնավորումներն ու իրավական դիրքորոշումները, որոնց վրա հիմնվել է դատարանի վերջնական եզրակացությունը, այն է` ԿԸՀ որոշումն օրինական է, եւ այն հարկավոր է ուժի մեջ թողնել, ըստ այդմ` ՍԴ-ն ճանաչում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները։
Հրապարակ թերթը գրել է․ Որոշման բովանդակության, դրա իրավական նշանակության եւ հնարավոր հետեւանքների մասին զրուցել ենք փաստաբան Տաթեւիկ Սողոյանի հետ, որը նաեւ դիմող քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչն էր ՍԴ-ում։
– Սահմանադրական դատարանի որոշման ամբողջական տեքստում առկա հիմնավորումներից կարելի՞ է եզրակացնել, որ դատարանն այս կամ այն կերպ հաստատել կամ ընդունել է ընտրախախտումների առկայությունը։
– ՍԴ որոշման տեքստում ասվում է, որ, իհարկե, նորմալ չի եղել, որ այս ամեն ինչը եղել է, մենք շատ կուզեինք, որ բոլոր պետական մարմիններն ավելի լավ աշխատած լինեին, այսինքն՝ ըստ էության, համաձայնում է այդ խախտումների գոյության հետ, համաձայնում է, որ ԿԸՀ-ն աշխատանքը չի կազմակերպել այնպես, որ տվյալ ընտրատեղամասերում մինչեւ ուշ ժամը քվեարկություն չլիներ, որ հետո էլ անվավերության հիմք ստեղծեր։ Այսինքն, ընդունում է որպես սխալ՝ ուղղակի մի փոքր անկյունները կլորացնելով։ Բայց ասում է՝ քանի որ, ընդհանուր առմամբ, ընտրությունների արդյունքը չեղարկելը ծայրահեղ միջոց է, եւ պետք է բոլոր տեղերում այնպիսի լայնածավալ խախտումներ տեսնեինք, որ ասեինք` ժողովրդի կամքի արտահայտման ընդհանուր պատկերն է աղավաղված եղել, քանի որ մենք այդպիսի հետեւության չենք գալիս, ապա ընտրություններն անվավեր չենք ճանաչում, բայց, իհարկե, արձանագրում է, որ դիմումատուների բողոքի փաստական հիմքերը, այո, ճշմարիտ են։
– Արդյո՞ք նույն սկզբունքով ՍԴ-ն նաեւ ԲՀԿ-ի՝ խորհրդարան չանցնելու հարցում է խնդիրներ արձանագրել։
– ԲՀԿ-ի մասով էլ նույն կերպով անկյունները կլորացնելով, չանդրադառնալով, խորությամբ չվերլուծելով 101-րդ հոդվածի առաքելությունը, խուսափելով նշել է, որ քանի որ հիմա նորմի սահմանադրականություն չի քննարկվում, չեմ կարող քննարկել կամ չեղարկել այդ նորմը եւ նոր փաստի առաջ կանգնեցնել, հետեւաբար ասում է, որ, այո, թեեւ սխալ է եղել այս ամեն ինչը, բայց այս ամենը, ըստ էության, չի ազդել ընտրության ընդհանուր պատկերի վրա։ Եվ վերաքվեարկություն չներկայացնելու հարցով շատ տարօրինակ ՔՊ-ական որոշում է բերել դատարանը, որում ասվում է, որ եթե մենք հիմա վերաքվեարկություն նշանակենք ու այդ ընտրատեղամասի ընտրողներին նորից ընտրելու հնարավորություն տանք, մենք այդպիսով կվնասենք կամ կխախտենք ընտրություններին մասնակցած մնացած 1.4 մլն ընտրողների իրավունքը։
– Եթե 101-րդ հոդվածը սահմանադրականության խնդիր ունի, ինչո՞ւ այս հարցն իրավական հարթության մեջ չի լուծվում, եւ միայն իրենց ձեռնտու ժամանակ են հիշում ու շահարկում այս հանգամանքը։
– Սահմանադրականության հարցը կարող է միայն Սահմանադրական դատարանը որոշել, եւ դրա կիրառողները պարզապես սահմանափակված են այդ հոդվածով, պետք է վարվեն այնպես, ինչպես հոդվածն է պահանջում, իրենք ինքնուրույն սահմանադրականության որոշման լիազորություն չունեն։ Հիմա Վահագն Հովակիմյանը բռնել՝ ինքնուրույն հոդվածի սահմանադրականություն է որոշել՝ իր լիազորությունները վերազանցելով, իսկ ՍԴ-ն էլ, որ այդ լիազորությունն ունի, ասում է` ես չեմ կարող դա իրացնել ընտրական վեճի սահմաններում, պետք է առանձին այդ հարցով դիմեք, որ քննության առարկա դառնա, ու էլի հրաժարվել է նորմը մեկնաբանելուց։ Ու հիմա ունենք տոտալ աբսուրդային վիճակ, երբ այն մարմինը, որն ունի դրա լիազորությունները, հրաժարվում է անել այդ գործառույթը, իսկ այն մարմինը, որը չունի դրա լիազորությունը, դա անում է։
– Քաղաքական ուժերը պատրաստվո՞ւմ են միջազգային ատյաններում վիճարկել ՍԴ որոշումը, եւ ի՞նչ ժամկետներ են այս մասով սահմանվում։
– Ես չեմ կարող այս հարցը մեկնաբանել, քանի որ դեռեւս նման քննարկում չկա։ Եթե չեմ սխալվում, եթե որոշեն ՄԻԵԴ դիմել, գործելու է քառամսյա ժամկետը։

Բաց մի թողեք
Կալանավորվածների եւ հարազատների միջեւ կապը վերականգնվել է
Ֆին.Նախարարի մասով դատարանի պարտադրանքով հարուցված վարույթը շուրջ 7 ամիս է՝ տեղից չի շարժվում
Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները միլիոններ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին