27/07/2026

EU – Armenia

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

«Ռոսսելխոզնադզորը» հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից։

«Ռոսսելխոզնադզորի» պետի տեղակալ Կոնստանտին Սավենկովի՝ ծառայության տարածքային վարչությունների և Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարներին ուղղված նամակի համաձայն՝ գործակալությունը դիմել է Հայաստանի սննդի անվտանգության տեսչությանը՝ խնդրելով կասեցնել կաթնամթերքի անասնաբուժական հավաստագրումը բոլոր հայկական ձեռնարկություններից՝ ռուս ստացողներին, 2026 թվականի հուլիսի 27-ից սկսած։

«Ապահովել վերահսկողությունը Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն կաթնամթերքի ներմուծման կանխարգելման նկատմամբ՝ սկսած 2026 թվականի հուլիսի 27-ից»,- ասվում է փաստաթղթում։

«Ռոսսելխոզնադզորը» մամուլի հաղորդագրության մեջ հայտնել է, որ իր մասնագետները հուլիսի 14-21-ը ստուգել են Հայաստանի կաթնամթերքի վերամշակման գործարանները, որոնք Ռուսաստան են մատակարարում արտադրանք՝ հանրապետության անասնաբուժական ծառայության երաշխիքներով, և հայտնաբերել են մի շարք խախտումներ։

Անասնաբուժական ծառայության տվյալներով՝ ստուգման արդյունքում, իբր, բացահայտվել է վարակված անասունների կաթի օգտագործումը Ռուսաստան արտահանվող արտադրանքի արտադրության մեջ։

«Հաստատվել են նաև երրորդ երկրներից հումքի օգտագործման դեպքեր՝ Ռուսաստանի շուկայի համար բարձր յուղայնությամբ արտադրանք արտադրելու համար, չնայած ՀՀ անասնաբուժական ծառայության կողմից նախկինում տրված հավաստիացումներին՝ տեղական հումքի կամ ԵԱՏՄ ձեռնարկություններից ստացված հումքի օգտագործման վերաբերյալ», – ասվում է ծառայության մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվել է նաև, թե հաստատվել են 2023-2024 թվականների ընթացքում գրանցված խախտումներ ևս։ Դրանք վերաբերում են հումքի և պատրաստի արտադրանքի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տրամադրմանը, ներմուծվող հումքի անասնաբուժական և սանիտարական ստուգումների անցկացմանը, ռիսկերի կառավարման համակարգերի գործունեությանը և արտադրության վերահսկողության ծրագրերի իրականացմանը, ըստ Ռոսսելխոզնադզորի։

Զեկույցի համաձայն՝ Հայաստանում ներկայումս բացակայում է արտադրության մեջ օգտագործվող կաթի կամ այլ կաթնամթերքի հումքի ծագումը և անվտանգությունը հաստատող համակարգ։

«Հաշվի առնելով հայտնաբերված խախտումները՝ Ռոսսելխոզնադզորը միջոցներ է ձեռնարկել Ռուսաստան հատկապես վտանգավոր վարակների ներմուծումը և ներքին շուկայում անվտանգ կաթնամթերքի վաճառքը կանխելու համար», – ասվում է հայտարարության մեջ։

Ներկայումս արգելվում է նաև Հայաստանից ձկան և բոլոր տեսակի կարանտինային ապրանքների, այդ թվում՝ ծաղիկների ներմուծումը։