Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել։
Քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր, հաղորդել է Կրեմլը։
Նախագահները «նշել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթը և երկխոսության ակտիվացումը, նաև վերահաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման փոխադարձ հանձնառությունը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգը, մասնավորապես՝ երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրները։ Փաշինյանը նշել է, որ հայկական ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակսում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին և Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել խնդրի կարգավորման համար։ Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս հեռախոսազրույցը ստեղծված իրավիճակի վրա։
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ ի պատասխան հարցի՝ նշեց, որ Հայաստանի տնտեսությունը ծանր վիճակում է, և ԵԱՏՄ շուկայում առաջացած սահմանափակումները լուրջ վնաս են հասցնում հայ տնտեսվարողներին։
«Ռուսական կողմը, որքանով տեղեկացված եմ, իր հայտարարությունների մակարդակով պահանջում է անցկացնել հանրաքվե ու հասկանալ՝ Հայաստանը ցանկանո՞ւմ է գնալ դեպի Եվրամիություն։ Ժողովուրդը պիտի որոշի՝ ձգտել ԵՄ, թե մնալ ԵԱՏՄ-ում։ Այս համատեքստում ուշագրավ է նաև այն, որ արդեն հերթական անգամ հենց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ է տեղի ունենում հեռախոսազրույց կամ հանդիպման փորձ։
Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը շատ ծանր վիճակում է, իսկ ԵԱՏՄ շուկայի սահմանափակումները լուրջ վնաս են հասցնում հայ տնտեսվարողներին։ Մենք փոքր երկիր ենք, և մեր արտահանման առյուծի բաժինը ընկում է ԵԱՏՄ երկրներին, մասնավորապես՝ Ռուսաստանին։ Եթե իրավիճակը շարունակվի, հետևանքները ոչ թե պարզապես լուրջ, այլ արդեն կարող են լինել աղետալի, և կարծում եմ՝ Փաշինյանն արդեն հասկացել է այդ վտանգները»։
Ըստ Դանիելյանի՝ իշխանությունները խոսում էին շուկաների դիվերսիֆիկացման, եվրոպական և մերձավորարևելյան շուկաներ դուրս գալու, այլընտրանքային ուղիներ գտնելու մասին և հայտարարում էին՝ այդ ուղղությամբ լուրջ արդյունքներ կան։ Սակայն, ինչպես տեսնում ենք, դա իրականությանը չի համապատասխանում։ Նոր սահմանափակումներ են մտցվել նաև կաթնամթերքի արտահանման հետ կապված, ինչը հիմնականում վնասելու է պանրագործներին, կաթնամաթերք արտադրողներին և զգալի հարված է հասցնելու գյուղատնտեսությանը։
«Այս ամենը, կարծում եմ, ստիպում է իշխանություններին փորձել լեզու գտնել Ռուսաստանի հետ։ Կհաջողվի՞ դա, թե՞ ոչ, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ արտահանման գործընթացի խաթարումը լրջագույն հետևանքներ է ունենալու։ Տեսնում ենք նաև, որ նույնիսկ այն ապրանքների մի մասը, որոնք փոքր խմբաքանակներով հասնում են այլ շուկաներ, երբեմն ոչնչացման են ենթարկվում, ինչը լրացուցիչ ծախսեր է առաջացնում ֆերմերների և արտահանողների համար։ Հաշվի առնելով, որ այժմ գյուղմթերքի մթերման թեժ շրջանն է՝ եթե լուծումներ չգտնվեն, մթերող կազմակերպություններն իրենք էլ մեծ դժվարությամբ են ընդունելու այդ արտադրանքը»,- ասաց Դանիելյանը։
Նկատելի է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ այժմ չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում հաղթելու կապակցությամբ, ինչը ևս քաղաքական քննարկումների առիթ է դարձել։ «Կարծում եմ՝ այս բոլոր գործընթացները փոխկապակցված են։ Հայաստանի վարած քաղաքականությունը, հատկապես այն քաղաքական ուժերի և գործիչների նկատմամբ, որոնք համարվում են պրոռուսական, ինչպես նաև նրանց նկատմամբ իրականացվող ճնշումները և խորհրդարանից դուրս թողնելը, իրենց ազդեցությունն ունեն։ Ռուսական կողմը, իմ կարծիքով, այս ամենով փորձում է հասկացնել հայ իշխանություններին, որ իրենց վարած քաղաքականությունը ոչ միայն առանձին անձանց, այլ նաև Ռուսաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականության հետևանք է»։

Բաց մի թողեք
Համացանցում տարածվում են Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր
Տեսչական մարմինը հորդորում է չօգտվել Ռուբինյանց 41/1 գազալցակայանից․ կրկին արձանագրվել է թերլիցքավորում. Լուսանկար
Երևանի քաղաքապետարան, դուք լո՞ւրջ եք գրել՝ KING PAP STREET. Լուսանկար