01/08/2026

EU – Armenia

Կասպից ավազանում ռազմական դիմակայությունը կարող է ձեռնտու լինել միայն Ռուսաստանին և Իրանին

Ղրղըզստանի Չոլպան-Աթա քաղաքում գումարվել է Կենտրոնական Ասիա-Ադրբեջան Խորհրդատվական խորհրդի ոչ պաշտոնական նիստը։ Ինչպես հայտնել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Կենտրոնական Ասիան և Ադրբեջանը «այսօր արդեն վերածվել են միասնական աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական տարածաշրջանի»։

Նույն օրը Ադրբեջանի և Ղրղըզստանի միջեւ կնքվել է «Դաշնակցային հարաբերությունների մասին» միջպետական պայմանագիր, կողմերը համաձայնեցրել են միջկառավարական և միջգերատեսչական մակարդակի շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր։ Նախօրեին նույնաբովանդակ փաստաթղթեր են ստորագրել Ուզբեկստանի և Ղրղըզստանի նախագահները։

ՌԴ ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կնյազեւը «Նեզավիսիմայա գազետա»-ին հարցազրույցում Կենտրոնական Ասիա-Ադրբեջան Խորհրդատվական խորհրդի նիստերը անվանել է «հրապարակային դիվանագիտության ցուցադրում»։

Փորձագետը կասկածել է այդ ձևաչափում «միասնական գործնական որոշումների կայացմանը», բայց ընդունել, որ նպատակը «Կենտրոնական Ասիա-Ադրբեջան- Եվրոպա հաղորդուղու հաստատումն է, որ շրջանցում է Ռուսաստանը»։

Այս առումով խիստ ուշագրավ է, որ ռուսաստանցի քաղաքագետը Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս առեւտրա-տնտեսական և կոմունիկացիոն ինտեգրացիան ուղղակիորեն կապել է ռուս-ուկրաինական և Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմների հետ, որ, ինչպես նա է կանխատեսել՝ «ավելի շատ սրացման պոտենցիալ ունեն, քան՝ որևէ կարգավորման»։

Կնյազևը նույնիսկ չի բացառել, որ «շուտով հարկ կլինի մտածել ոչ թե Կասպից ծովով բեռնափոխադրումների մեծացման, այլ առևտրային նավերի մոբիլ կրակային խմբերով ուղեկցման և նավերի վրա հակաօդային պաշտպանության միջոցների տեղակայման մասին»։

Կենտրոնական Ասիա- Հարվային Կովկաս-Եվրոպա կապակցվածությամբ շահագրգռված է ամենից առաջ Եվրամիությունը, այդ նախագծին աջակցում է Թուրքիան։ Անցյալ տարվա օգոստոսի 8-ին ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը TRIPP նախագծի քաղաքական համաձայնություն են հռչակել, որ մտել է գործնականացման փուլ։

Այս համատեքստում Կասպից ավազանում ռազմական դիմակայությունը կարող է ձեռնտու լինել միայն Ռուսաստանին, հավանաբար՝ նաև Իրանին, Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի ձախողումը կվերականգնի այդ երկրների տրանզիտային կարեւորությունը, ուստի և՝ Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ազդեցությունը։

Ռուսաստանը կգնա՞ Կասպից ավազանում սրացման, դժվար է կանխատեսսել։ Բայց առկա իրավիճակում Կենտրոնական Ասիայի հինգ երկրների և Ադրբեջանի նախագահների «իսիկկուլյան զբոսախնջույքը» քաղաքական առումով հիշեցնում է սալվոնական երեք երկրների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելոռուսիայի, նախագների 1991թ․ դեկտեմբերի բելովեժյան հավաքը, որ ազդադարել է ԽՍՀՄ վախճանը»։