Ֆրանսիան ձգտում է հանել Ուսմանովին պատժամիջոցների ցուցակից՝ Ադրբեջանում կալանավորված ֆրանսիացիների ազատ արձակումն ապահովելու նպատակով:
Փարիզը ձգտում է հանել Ուսմանովին պատժամիջոցների ցուցակից՝ որպես փոխադարձ քայլ (quid pro quo)՝ կալանավորված ֆրանսիացիների ազատ արձակումն ապահովելու համար։
Ըստ բանակցություններին ծանոթ մի շարք պաշտոնյաների և դիվանագետների՝ Ֆրանսիան պնդում է ռուս-ուզբեկ գործարար Ալիշեր Ուսմանովին ԵՄ պատժամիջոցների ցուցակից հանելու հարցը՝ փորձելով ապահովել Ադրբեջանում կալանավորված ֆրանսիացիների (որոնց թիվը չի նշվում) ազատ արձակումը։
Ֆրանսիայի այս դիրքորոշումը բարդացրել է Բրյուսելում Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգման գործընթացը. այդ պատժամիջոցները վերաբերում են շուրջ 3000 ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք մեղադրվում են Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժմանը աջակցելու մեջ։ Միջոցառումների գործողության ժամկետը լրանում է այս ամիս։
Փակուղային իրավիճակն ի սկզբանե ստեղծվել էր Սլովակիայի պատճառով, որը վաղուց էր պահանջում հանել Ուսմանովին պատժամիջոցների ցուցակից՝ այլ պատճառներով։
Ինչպես հայտնում է Euronews-ը, ուրբաթ օրը Ֆրանսիան միացավ Բրատիսլավային՝ պահանջելով հանել նրան ցուցակից, ինչը զարմացրեց դիվանագետներին։
ԵՄ դեսպանները երկուշաբթի օրը պայմանավորվեցին մեկ շաբաթով՝ մինչև սեպտեմբերի 22-ը, երկարաձգել պատժամիջոցները՝ անդամ երկրներին համաձայնության գալու համար լրացուցիչ ժամանակ տալով։ Եթե համաձայնություն ձեռք չբերվի, ցուցակից կհանվեն բոլոր ռուսաստանցիները, ինչն էլ ավելի է մեծացնում իրավիճակի հրատապությունը։
«Ֆրանսիան չի պատրաստվում զիջել, սակայն դա բացարձակապես սխալ ազդանշան կլինի սխալ պահին», – ասել է պաշտոնյաներից մեկը՝ պայմանով, որ իր անունը չի հրապարակվի։
«Չգիտեմ՝ մեկ շաբաթվա ընթացքում ինչ կփոխվի»։
Անդամ երկրների մեծ մասը շարունակում է դեմ լինել պատժամիջոցների ցուցակից անուններ հանելուն, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է պատերազմն Ուկրաինայում, և առկա են մտահոգություններ Եվրոպայում հիբրիդային հարձակումների վերաբերյալ։
Այնուամենայնի Ուսմանովն ընդգրկվել էր ԵՄ պատժամիջոցների ցուցակում Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբնական շրջանում։ ԵՄ խորհուրդը որպես հիմնավորում նշել էր նրա «սերտ կապերը» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նրա շահերը ռուսական տնտեսության «առանցքային ոլորտներում»։
Ուսմանովը հերքում է մեղադրանքները և ակտիվորեն պայքարում է ցուցակից հեռացվելու համար։
Սլովակիան նույնպես երկար ժամանակ կոչ է անում Ուսմանովին և ռուսաստանցի մեկ այլ գործարարի՝ Միխայիլ Ֆրիդմանին, հանել պատժամիջոցների ցուցակից։ ԵՄ անդամ այլ երկրներ առայժմ մերժել են այդ պահանջը՝ այն համարելով քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։
Այս տարվա սկզբին լրատվամիջոցների հետաքննության արդյունքում հրապարակվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ուղղված երկու էջանոց նամակ, որում խնդրվում էր աջակցել Ուսմանովի հետ կապված՝ Էրդողանի կողմից «անարդարացի պրակտիկա» որակված գործընթացի դադարեցմանը։
«Ձեր աջակցությունը նրան ԵՄ պատժամիջոցների ցուցակից հանելու և նրա խախտված իրավունքները վերականգնելու հարցում չափազանց արժեքավոր կլիներ», – գրել էր Էրդողանը 2026 թվականի մարտի 2-ով թվագրված նամակում։
Փաստաթղթում նշվում էր, որ Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը նույնպես պաշտպանում են Ուսմանովին ցուցակից հանելու գաղափարը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի օրը իր երեկոյան ուղերձում քննադատել է բանակցությունների ընթացքը՝ հատուկ նշելով Ուսմանովի և Ֆրիդմանի անունները։
«Սա միանշանակ պատժամիջոցները վերացնելու, ռուս օլիգարխներին դրանցից փրկելու ժամանակը չէ, և, անշուշտ, ժամանակը չէ, որ Եվրոպան նվերներ մատուցի Ռուսաստանին», – ասել է Զելենսկին։
«Ուսմանովը, Ֆրիդմանը և նրանց նման այլ ռուս գործիչներ առայժմ որևէ քայլ չեն ձեռնարկել պատերազմի դեմ։ Սա այն պահը չէ, երբ Եվրոպան պետք է մոռանա տեղի ունեցող իրադարձությունների մասին»։

Բաց մի թողեք
Խաղաղությունը պատմական ճշմարտության չեզոքացում չէ
ՀՀ-ի հետ անվիզա ռեժիմի կոնկրետ ժամկետ չնշելը ցույց է տալիս Բրյուսելի խոստումների պատրանքային լինելը. Գալուզին
Ռուսաստանը Գյումրիում տեղակայված ռազմաբազայիg զnրքերը դուրս բերելու վերաբերյալ որևէ հարցում չի ստացել. Գալուզին