15/09/2026

EU – Armenia

Ո՞ւ ․․․ չոռ ու ցավ

Միշտ զարմացել եմ, երբ Հ1-ում, ասենք՝ Պետրոս Ղազարյանը, իր ընդդիմադիր զրուցակցին հարցնում է՝ Իսկ դուք այս իշխանության փոխարեն ի՞նչ կանեիք։ Ու մի անգամ չէ։ Անընդհատ հարցնում է՝ ու՞․․․ ու՞․․․ ու՞․․․

Հրապարակ թերթը գրել է․ Մեկը չի եղել, որ ասի․ մի րոպե՛։ Երկիրը դուք եք կառավարում, դուք եք հասցրել այս վիճակին, ու հիմա ի՞նձ եք հարցնում՝ ես ինչ կանեի։ Ու հիմա դու՞ք եք ՝ ու՞․․․ ու՞․․․ ու՞․․․ անում։ ՈՒ՞․․․ չոռ ու ցավ։

Համարյա բոլորը հարցին պատասխանում են հենց այն կետից, որտեղ այս իշխանությունն արդեն հասցրել է ավերել։ Տնտեսությունը կզարգացնեի, աշխատատեղեր կստեղծեի, Արցախի վերադարձի ծրագիր կկազմեի, անվտանգությունը կվերականգնեի․․․

Պետրոսն էլ իր կլորացած աչքերով՝ Ե՞վ․․․ ե՞վ․․․ ե՞վ․․․ Այսինքն ի՞նչ, այնպե՞ս է ավերվել, որ էլ հույս չկա՞։ Մնում է Ե՞վ․․․ ե՞վ․․․ ե՞վ․․․ անե՞լ։

Եվ այստեղ հարց է առաջանում՝ իսկ դուք ի՞նչ եք արել, որ այս աղետը չլիներ, որ մեզ չհասցնեիք այս օրին։ Սա այս իշխանության քաղաքականության ամենահարմար բանաձևն է՝ երկիրը հասցնել օրհասական վիճակի, իսկ հետո ընդդիմությանը հարցնել՝ «իսկ դուք ի՞նչ կանեիք»։

Կապիտուլյացիայից հետո՝ «իսկ դուք ի՞նչ կանեիք»։

Հանձնումներից հետո՝ «իսկ դուք ի՞նչ կանեիք»։

Անվտանգային ճգնաժամից հետո՝ «իսկ դուք ի՞նչ կանեիք»։

Տնտեսական, սոցիալական ու քաղաքական խնդիրների կուտակումից հետո՝ նորից՝
«իսկ դուք ի՞նչ կանեիք»։

Չոռ ու ցավ կանեին, հրաժարական կտային։ Ու տպավորությունն այնպիսին է, որ այս իշխանությունը ութ տարի անց էլ դեռ չի բացահայտել մի մեծ գաղտնիք՝ ինքը իշխանություն է։

Իշխանություն, ոչ թե մեկնաբան։

Իշխանություն, ոչ թե ընդդիմադիր։

Իշխանություն, ոչ թե հեռուստադիտող, որը նստել է ու կողքից գնահատում է՝ ով ինչ կաներ։

Երկրի հետ այս ութ տարում կատարվածի համար առաջին հերթին պատասխանատու է իշխանությունը։ Եվ որքան էլ փորձեն հարցը շրջել, պատասխանատվությունը «նախկինների», «հարևանի բաղչեքի», «միջազգային իրավիճակի» կամ մեկ ուրիշի վրա գցել, մի բան դրանից չի փոխվում՝ իշխանությունը դուք եք։

Բայց ոչ։ Մենք դեռ նույն կարուսելի մեջ ենք։ Նախկինները։ Նախկինները։ Էլի նախկինները։ Դիտեք Ազգային ժողովը ու կհասկանաք, որ 2018-ի կարուսելի մեջ ենք։

Ութ տարի է՝ իշխանությունը կառավարում է, բայց քաղաքական պատասխանատվությունը փնտրում է այնտեղ, որտեղ ինքը չկա։Սա արդեն ոչ թե քաղաքականություն է, այլ ինքնապաշտպանական մեխանիզմ։ Ազգային ժողովում ՔՊ-ն մեկի աթոռը պահելու համար է իրեն կոտորում։ Հանրությունը հոգնել է նույն շրջապտույտից ու Հ-ի ու․․․ – երից։