Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Նրանց ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Այդ մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Իր խոսքում Գարեգին Բ-ն, ի մասնավորի, նշել է, որ այսօր մեր երկրի առջև ծառացած «արտաքին և ներքին մարտահրավերները ենթադրում են նոր փորձություններ, որոնց հաղթահարման հնարավոր ուղիները պահանջում են առավելագույն ջանքեր, պետական ու ազգային կառույցների, մասնագիտական տարբեր ասպարեզներում քաջահմուտ գործիչների համախմբվածություն»։
Այս իրավիճակի հանդեպ Կաթողիկոսը «մեծապես մտահոգիչ» է գնահատել «ներազգային կյանքում տիրող անհամերաշխությունը, ջլատիչ վնասաբեր գործողությունները, հասարակության պառակտվածությունը, քաղաքական բևառացումը, նվիրական արժեքների և ընկալումների աղավաղումը, նաև Հայոց եկեղեցու դեմ գործադրվող օրինազանց հակասահմանադրական քայլերը, որոնք խոչընդոտում են Եկեղեցու արդյունավոր առաքելությանը ազգային անդաստանում» և ամփոփել, որ արդյունքում «խարխլվում են ազգային միաբանության հիմքերը, Սփյուռք-Հայաստան հարաբերությունները, խաթարում ․․․ ժողովրդավարության և օրինականության ամրապնդումը․․․»։
Կաթողիկոսի «բանադրանքի» հասցեատերը, անկասկած, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Հիշվում է, որ նախընտրական շրջանում Գարեգին Բ-ն այցելել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին։
Այդ առթիվ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը մամուլի փոխանցել է, որ նա Սամվել Կարապետյանին մաղթել է, որպեսզի իրեն բնորոշ «եկեղեցասիրությամբ և հայրենասիրությամբ շարունակի ազգօգուտ ծանրակշիռ ներդրումը բերել հանուն հայրենիքի եւ աշխարհասփյուռ հայոց կյանքի պայծառության»։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խոսելով պետական ներուժի ձևավորման գաղափարական հիմքի մասին, շեշտել է հայ ժողովրդի «առանձնահատկությունը՝ որպես համաշխարհային ազգի»։
Ըստ երևույթին, Ամենայն հայոց կաթողիկոսը դա է նկատի ունեցել, երբ արձանագրել է «ազգային միաբանության հիմքերի և Սփյուռք-Հայաստան հարաբերությունների խարխլումը»։ Փաստացի դա նշանակում է, որ Գարեգին Բ-ն Հայաստանի գործող իշխանություններին ճանաչում է «համաշխարհային ազգի պառակտիչ», իսկ «Ուժեղ Հայաստանը» նպատակադրվում «վերականգնել համաշխարհային ազգի կարգավիճակը»։
Կաթողիկոսի գործադրած եկեղեցական բառապաշարը և ոճը նրա խոսքի քաղաքական իմաստը չեն սքողում։ Եվ դա ամենավտանգավորն է, գործող իշխանությունը ձևավորվել է քաղաքացիների քվեով։ Իշխանություններին որակել «ազգային միաբանության հիմքերը խարխլող»՝ նույնն է, թե նրա օգտին քվեարկածներին ճանաչել «հերձվածող»։
Գարեգին Բ-ն, մինչդեռ, ոչ թե ընդդիմության կամ Սփյուռքի ազգային կառույցների, այլ՝ Ամենայն հայոց կաթողիկոսն է, և Հայ առաքելական եկեղեցու բոլոր հետևորդները նրա հոգևոր զավակներն են։
Օգոստոսի 2-ին, ըստ էության, Կաթողիկոսը չի ճանաչում հունիսի 7-ի քվեարկության արդյունքները և ճիշտ է անում, ինչպես հանրության մեծամասնությունը։։

Բաց մի թողեք
Գնում դատարաններում կուռկուռի գոջի եք դառնում. Տեսանյութ
«Իմ խոսույթը ոչ մտացածին է, ոչ կոնֆլիկտային». Լիլիթ Գալստյան
Այս երկիրը որբի գլուխ չէ, դրա համար ենք ասում՝ գնացեք