04/08/2026

EU – Armenia

«Մուլտի տրանպորտի» կողմից 1 մլրդ դրամ հարկ չվճարելու դեպքով նախաձեռնվել է վարույթ, շահառուն՝ կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 137 մլն 16 հզր 645 ՀՀ դրամի հարկեր չվճարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության տնօրեն Ա. Դ.-ի և ընկերության 100 տոկոս մասնակից և իրական շահառու Հ. Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը):

Ա. Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են տնային կալանքը, 15 մլն ՀՀ դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը, իսկ Հ. Գ.-ն կալանավորվել է:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Խոսքը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերության մասին է, որի տնօրենը Արթուր Դալլաքյանն է, իրական շահառուն՝ Հայկ Գալստյանը: