ՔՊ-ական մի պատգամավոր՝ Հակոբյան ազգանունով, Ազգային ժողովում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին քաղաքական «վերլուծություն» է նվիրել․ «Գործ ունենք չարորակ ուռուցքի հետ․ ձեր տակից փողը հանենք՝ բան չի մնա»։ Քաղաքական մտքի այս գոհարը, ի դեպ, հնչեցրել է մի մարդ, որի կենսագրության մեջ մասնագիտություն է նշված՝ թուրքագետ։ Չգիտես ինչու, խորհրդարանում շատ են թուրքագետները։
Հրապարակ թերթը գրել է․ Դատելով նրա այս հայտարարությունից՝ կարելի է ասել, որ «թուրքագիտություն» մասնագիտության բառարանային իմաստին նա դեռ ամբողջությամբ չի հասել։ «Թուրք» բառը այստեղ գիտության ոլորտի անվանումն է, ոչ թե որևէ ազգի կամ ժողովրդի նկատմամբ վերաբերմունք արտահայտող բառ։ Հակոբյանը, ինչքան գիտեմ, այդ ազգին չի պատկանում, որպեսզի ինքն էլ Նիկոլ Փաշինյանի նման հպարտանա դրանով։ Իսկ «գետ»-ի վրա, կարծես թե, դեռ պիտի աշխատի։ Որովհետև եթե մարդը մի քիչ հասկացած լիներ թուրքագիտությունից, դիվանագիտությունից ու քաղաքական խոսքի մշակույթից, պիտի իմանար, որ քաղաքական հակառակորդին «չարորակ ուռուցք» անվանելը ոչ թե ուժեղության, այլ քաղաքական լեզվի աղքատության ցուցիչ է։ Իսկ «ձեր տակից փողը հանենք՝ բան չի մնա» արտահայտությունն արդեն առանձին ժանր է։ Նման բան ասելուց առաջ կարելի էր մի փոքր մտածել․ բա որ մի օր ձեր տակից Նիկոլ Փաշինյանին հանեն՝ ձեզնից ի՞նչ կմնա։
Աթոռը քաղաքականության մեջ երբեմն շատ հետաքրքիր կահույք է․ քանի դեռ քո տակ է՝ թվում է, թե դու ես ամուր կանգնած։ Բայց աթոռը հանեցին՝ պարզվում է՝ ոչ թե քաղաքական հենարան էիր, այլ պարզապես նստած էիր։ Ու այստեղ հարցը նույնիսկ ընդդիմության տակից փող հանել-չհանելը չէ։ Հարցն այն է, թե ինչ կհակադարձեն․ եթե ՔՊ-ի տակից հանեն Փաշինյանին, ի՞նչ կմնա այդ քաղաքական «ուռուցքից»։
Հետաքրքիր է՝ այդ դեպքում էլ նույն բժշկական տերմինաբանությա՞մբ են խոսելու, թե՞ արդեն իրենց քաղաքական ախտորոշումն են ստանալու։ Մի խոսքով՝ ուրիշի տակից փող հանելուց առաջ սեփական աթոռի չորս ոտքը հաշվելն էլ վատ գաղափար չէ։
Փաշինյանի տակից աթոռը հանեն՝ գետնին ես ընկնելու։ Ու ոչ միայն դու։ Իսկ հետո արդեն դժվար կլինի համոզել ժողովրդին, որ ընկնելն էլ «խաղաղության օրակարգի» հերթական ձեռքբերումն է։

Բաց մի թողեք
Ե՞րբ է «հարստացել» Քոչարյանի ընտանիքը․ Լևոն Քոչարյանը պարզաբանեց. Տեսանյութ
Հոգեկան առողջության կենտրոններում հերթե՞ր են
Երբ է լրանում ռեկտորի պաշտոնավարման ժամկետը, ովքեր են թեկնածուները