05/08/2026

EU – Armenia

Մոսկվան իմաստ չի տեսնում՝ ՆԱՏՕ-ն դեմ է ՀԱՊԿ-ի հետ երկխոսությանը

ՆԱՏՕ-ն չի ցանկացել և չի ցանկանում համագործակցել ՀԱՊԿ-ի հետ հավաքական անվտանգության ոլորտում, ուստի «փակ դռները բախելն» իմաստ չունի։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«Ես` որպես ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ, Շվեյցարիայում հանդիպել եմ ԵԱՀԿ գործող նախագահության հետ։ Մասնակցել եմ նաև ԵԱՀԿ–ի` անվտանգության ոլորտին վերաբերող համաժողովին, որ շրջանակում նաև երկխոսություններ են եղել մասնակիցների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչների հետ։ Կարող եմ միայն փաստել, որ ՆԱՏՕ-ի կողմից պատասխան ցանկություն երբեք չի եղել և չկա։ «Փակ դռները բախելու» իմաստ չեմ տեսնում»,- գործակալության հետ զրույցում ասել է Վասիլևը։

Նա ընդգծել է, որ հենց այդ պատճառով Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես են եկել եվրասիական տարածքում անվտանգության նոր ճարտարապետության ստեղծման նախաձեռնություններով։ Համապատասխան աշխատանքը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում, սկսված է։