ՌԴ Զինված ուժերում արտակարգ պատահար է տեղի ունեցել։ Ինչպես հայտնել են լրատվամիջոցները, Սևաստոպոլի մերձակա Խմելնիցկ գյուղում «զինվորականը կրակ է բացել ծառայակիցների ուղղությամբ»:
Նրանցից մեկը սպանվել է, մյուսը՝ վիրավորվել։ Այնուհետեւ զինվորականը կրակել է քաղաքացիական անձանց ուղղությամբ։ «Կոմերսանտի» տեղեկություններով՝ «սպանվել են 71- ամյա և 59 -ամյա երկու տղամարդ և 64-ամյա մի կին»։ Սևաստոպոլի «նահանգապետ» Ռազվոժաևը սոցցանցային գրառմամբ տեղեկացրել է, որ «զինվորական ձերբակալված» է։
Զինվորականի, ինչպես նաև սպանված ծառայակցի և քաղաքացիական անձանց ինքնությունը հայտնի չէ, որևէ տեղեկություն չկա նաև «ձերբակալված զինվորականի» և հանցագործության դրդապատճառների և մոտիվացիայի մասին։ Ուշագրավ է հանցագործության վայրը՝ Սևաստոպոլը, որը, ինչպես և Ղրիմի թերակաղզին, վերջին ամսվա ընթացքում պարբերաբար ենթարկվում է ուկրաինական ԱԹՍ-երի և հեռահար հրթիռների հարձակումներին։
Պարզ չէ, թե խոսքը կադրայի՞ն, թե՞ «պայմանագրային» զինծառայողի մասին է։ ՌԴ պետական դուման վերջերս օրենք է ընդունել, որ պաշտպանության նախարարությանը թույլատրում է պայմանագիր կնքել նաև ծանր հանցագործությունների համար երկարաժամկետ ազատազրկման դատապարտվածների հետ։ Խոսքը ահաբեկչության, կազմակերպված հանցավոր խմբին անդամակցության, թմրանյութերի ապօրինի շրջանառության համար պատիժ կրող անձանց մասին է, որ կարող են ազատ արձակվել և մասնակցել «հատուկ ռազմական գործողությանը»։
Անցյալ շաբաթ ռուսաստանյան ոչ պաշտոնական աղբյուրները ահազանգել են, որ «զինկոմիսարիատները նաև նորակոչիկներին են հարկադրում, որ պայմանագիր ստորագրեն»։
Սևաստոպոլում զինվորակաների կողմից ծառայակցի և երեք քաղաքացիական անձանց սպանությունը վկայում է, որ ՌԴ ԶՈՒ-երում կարգապահությունը ցածր է, իսկ միջանձնային հարաբերությունները, մեղմ ասած՝ լարված։ Քարոզչությունը, որ իրականացնում են պետական պաշտոնյաները և Կրեմլի հսկողության տակ գտնվող գրեթե բոլոր լրատվամիջոցները, իրականությունից հեռու է։
Զինված ուժերում արտակարգ պատահարներից, իհարկե, ոչ մի երկիր ապահովագրված չէ, բայց Ռուսաստանը գտնվում է պատերազմի մեջ, և սևոստոպոլյան «սպանդը», հավանաբար, արձագանքվելու է ամբողջ Ղրիմում և Դոնբասում, որտեղ ռազմական գործողոությունները ոչ մի րոպե չեն դադարում։
Այս առումով հետաքրքիր տեղեկություն է հայտնել ուկրաինացի բլոգեր Շուխինսկին։ Ըստ նրա, «վերջին օրերին ռուս-ուկրաինական ոչ պաշտոնական շփումներ են սկսվել, և Կրեմլից հրահանգավորել են, որպեսզի կենտրոնական հեռուստալիքներում Ուկրաինայի դեմ քարոզչությունը մեղմացվի»։
Հնարավոր է, զինվորականության շրջանում այդ մասին տեղեկությունները բացասական արձագանք են գտել։ Նույն օրը նաև հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ Ցամաքային զորքերի և մի քանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ։
Սևաստոպոլի «սպանդը» պատահա՞ր է, թե՞ «համակարգային ճգնաժամի» դրսևորում։

Բաց մի թողեք
Ի՞նչ շրջանակներից և ո՞ր աստիճանի «ազդեցություններ են գործադրվում» Էրդողանի ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց է սպասվում. Բայրամով
Երբ ՔՊ նորաթուխ պատգամավորը ընկնում է «Иван Васильевич меняет профессию» ֆիլմի հերոսի օրը