06/08/2026

EU – Armenia

Ի՞նչ է նշանակում «անխոչընդոտ հաղորդակցություն», արդյո՞ք Ադրբեջանը հետո դա չի մեկնաբանելու որպես արտատարածքային միջանցք

«Հրապարակը» զրուցել է քաղաքագետ, ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանի հետ։

– Թրամփը հայտարարում է Իրանի հետ բանակցությունների վերսկսման եւ ներկայացվող պահանջների մասին, մինչդեռ Թեհրանը հերքում է բանակցային գործընթացի նոր փուլի մեկնարկի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի պնդումները։ Ի՞նչ իրավիճակ է ստեղծվել իրականում։

– Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը հասկանալու համար պետք է տարբերակել իրական դիվանագիտական գործընթացը` Թրամփի հրապարակային հռետորաբանությունից։ Թրամփը «բանակցություն» է անվանում նաեւ այն անուղղակի շփումները, որոնք ընթանում են Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։ Իրանը, իր հերթին, հերքում է ոչ թե ընդհանրապես դիվանագիտական շփումների գոյությունը, այլ ԱՄՆ-ի հետ ուղղակի եւ պաշտոնական բանակցությունների նոր փուլի մեկնարկը։ Այս պահին քննարկումների առաջնային առարկան, ըստ երեւույթին, Հորմուզի նեղուցով անվտանգ նավագնացության վերականգնումն ու ռազմական հետագա սրման կանխումն է։ Թեհրանը հաստատում է, որ այդ հարցով բանակցում է Օմանի հետ, իսկ Վաշինգտոնը միջնորդավորված այդ շփումները ներկայացնում է որպես ամերիկա-իրանական բանակցային գործընթաց։ Նույնիսկ ամերիկացի պաշտոնյաները պարզաբանել են, որ սկզբունքորեն նոր ձեւաչափ չի ձեւավորվել, այլ շարունակվում են նախկին միջնորդավորված շփումները։ Այստեղ առկա է նաեւ կողմերի բանակցային մարտավարության տարբերությունը։ Թրամփը հրապարակային վերջնագրերով, սպառնալիքներով եւ չափազանցված լավատեսությամբ փորձում է ուժեղացնել ճնշումը եւ ցանկացած հնարավոր համաձայնություն նախապես ներկայացնել որպես անձնական հաղթանակ։ Թեհրանն էլ չի ցանկանում տպավորություն ստեղծել, թե բանակցությունների է վերադարձել ամերիկյան ռազմական սպառնալիքների հետեւանքով։ Հետեւաբար, ներկայում ավելի ճիշտ է խոսել ոչ թե լիարժեք բանակցային գործընթացի վերսկսման, այլ միջնորդավորված ճգնաժամային դիվանագիտության մասին։ Հորմուզի հարցով սահմանափակ համաձայնությունը հնարավոր է, քանի որ դրանում շահագրգռված են բոլոր կողմերը։ Սակայն դա դեռ չի նշանակի միջուկային խնդրի վերաբերյալ համապարփակ համաձայնություն։ Հիմնական հակասությունները մնում են Իրանում ուրանի հարստացման իրավունքը, պատժամիջոցների վերացումը, անվտանգության երաշխիքները եւ կողմերի միջեւ խոր անվստահությունը։

– ԱՄՆ առաջնորդը շարունակում է լավատեսորեն արտահայտվել ռուս-ուկրաինական պատերազմի մոտալուտ խաղաղ հանգուցալուծման մասին, մինչդեռ բուն Կիեւի եւ Մոսկվայի մոտեցումներում էական փոփոխություն չկա։ Ի՞նչը կարող է բեկումնային լինել խաղաղության հաստատման տեսանկյունից։

– Թրամփի լավատեսական հայտարարություններն առայժմ չեն համապատասխանում ո՛չ ռազմաճակատում ստեղծված իրավիճակին, ո՛չ էլ կողմերի իրական բանակցային դիրքորոշումներին։ Մոսկվան շարունակում է ռազմական գործողությունները՝ հայտարարելով, որ անհրաժեշտության դեպքում իր նպատակներին հասնելու է ռազմական ճանապարհով։ Կիեւը չի կարող ընդունել տարածքների իրավական զիջումը եւ պահանջում է իրական ու գործնական անվտանգության երաշխիքներ։ Հիմնական տարաձայնությունները շարունակում են վերաբերել գրավված տարածքների կարգավիճակին, զինադադարի եւ քաղաքական կարգավորման հաջորդականությանը, Ուկրաինայի անվտանգության ապագա համակարգին եւ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացման պայմաններին։ Պետք է նկատի ունենալ նաեւ եւս մեկ կարեւոր հանգամանք․ թե՛ Մոսկվան եւ թե՛ Կիեւը իրենց քաղաքականությունն իրականացնում են՝ հաշվի առնելով 2026 թ. նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ Մոսկվան կարող է հույս ունենալ, որ ընտրությունների արդյունքը կթուլացնի Թրամփին կամ կնվազեցնի Ուկրաինային աջակցելու Վաշինգտոնի հնարավորությունները։ Կիեւը, ընդհակառակը, փորձում է մինչեւ ընտրությունները ստանալ հնարավորինս հստակ ռազմական օգնություն եւ անվտանգության երաշխիքներ՝ հասկանալով, որ Կոնգրեսում ուժերի հարաբերակցության փոփոխությունը կարող է ազդել ամերիկյան քաղաքականության վրա։ Այդ սպասողական գործոնը եւս դժվարացնում է արագ համաձայնության հասնելը։ Բեկումնային կարող է լինել միայն այն իրավիճակը, երբ պատերազմի շարունակման գինը կողմերից առնվազն մեկի, հատկապես Ռուսաստանի համար ակնհայտորեն ավելի բարձր դառնա, քան փոխզիջման գինը։ Դրա համար անհրաժեշտ է միաժամանակ մի քանի քայլ․ Ուկրաինային տրամադրել բավարար հակաօդային պաշտպանություն եւ այլ ռազմական միջոցներ՝ Մոսկվային արագ հաղթանակի հնարավորությունից զրկելու համար։ Ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ ֆինանսական, տեխնոլոգիական եւ էներգետիկ ճնշումը։ Սկզբում հասնել լիարժեք եւ վերահսկելի զինադադարի՝ խախտումների արձանագրման եւ պատասխանատվության հստակ մեխանիզմով։ Ուկրաինային տրամադրել իրական, այլ ոչ թե հայտարարությունների մակարդակում մնացող անվտանգության երաշխիքներ։ Ամենաբարդ հարցերի քննարկումը տեղափոխել Թրամփ-Պուտին-Զելենսկի մակարդակ, քանի որ տեխնիկական պատվիրակությունները չեն կարող ինքնուրույն լուծել տարածքների եւ անվտանգության վերջնական կարգավիճակի հարցերը։ Այսպիսով, բեկումը կախված է ոչ այնքան Թրամփի լավատեսական հայտարարություններից, որքան ուժերի հարաբերակցության եւ պատերազմի շարունակման ծախսերի փոփոխությունից։ Քանի դեռ Ռուսաստանը կարծում է, որ ժամանակն աշխատում է իր օգտին, լուրջ փոխզիջման շարժառիթ չի ունենալու։

– Ամերիկյան հասարակության մեջ աճում է դժգոհությունը Թրամփից․ ըստ վերջին հարցումների՝ նրա հավանության մակարդակը հասել է պաշտոնավարման ընթացքում ամենացածր նիշին։ Արդյո՞ք ներքին ճնշումը կարող է լուրջ գործընթացներ առաջացնել ԱՄՆ-ում՝ սասանելով նախագահի դիրքերը։

– Թրամփի ներքաղաքական դիրքերն իսկապես թուլացել են։ Reuters/Ipsos-ի վերջին հարցման համաձայն՝ նրա գործունեությանը հավանություն է տալիս հարցվածների մոտ 35 տոկոսը։ Դեմոկրատական կուսակցությունն առաջին անգամ շուրջ մեկ տասնամյակում փոքր առավելություն է ստացել նույնիսկ տնտեսության կառավարման նկատմամբ վստահության հարցում։ Առանձին թվերը պետք չէ բացարձակացնել, սակայն ընդհանուր անկման միտումն ակնհայտ է։ Այդուհանդերձ, ցածր վարկանիշն ինքնին նախագահին պաշտոնանկ չի անում։ Այն կարող է լուրջ քաղաքական հետեւանքներ ունենալ 3 հիմնական ուղղությամբ։ Առաջինը նոյեմբերյան միջանկյալ ընտրություններն են։ Եթե հանրապետականները կորցնեն Կոնգրեսի մեկ կամ երկու պալատների վերահսկողությունը, նախագահի օրենսդրական հնարավորությունները կսահմանափակվեն, իսկ նրա վարչակազմի գործունեության վերաբերյալ խորհրդարանական հետաքննությունները կավելանան։ Երկրորդը Հանրապետական կուսակցության ներսում կարգապահության թուլացումն է։ Քանի դեռ Թրամփը պահպանում է հանրապետական ընտրողների մեծ մասի աջակցությունը, կուսակցության ղեկավարությունը դժվար թե բացահայտորեն հակադրվի նրան։ Սակայն եթե նրա վարած քաղաքականությունը սկսի սպառնալ հանրապետական կոնգրեսականների եւ սենատորների վերընտրությանը, նրանք կարող են աստիճանաբար հեռավորություն պահել նախագահից։ Երրորդ եւ առավել վտանգավոր գործոնը տնտեսությունն է։ Վառելիքի գների, գնաճի կամ գործազրկության հետագա աճն անհամեմատ ավելի մեծ վտանգ է Թրամփի համար, քան արտաքին քաղաքականության առանձին ձախողումների շուրջ դժգոհությունը։ Ես ներկայում չեմ տեսնում Թրամփի վաղաժամ պաշտոնանկության իրական նախադրյալներ։ Իմպիչմենտը պահանջում է Ներկայացուցիչների պալատի ձայների մեծամասնություն, իսկ նախագահի պաշտոնանկությունը՝ Սենատի երկու երրորդի աջակցություն։ Սակայն վարկանիշի շարունակական անկումը կարող է նրան դարձնել քաղաքականապես ավելի խոցելի, սահմանափակել նրա նախաձեռնությունները եւ նոյեմբերյան ընտրություններում ծանր հարված հասցնել Հանրապետական կուսակցությանը։ Հետեւաբար, արտաքին քաղաքականության ոլորտում Թրամփի շտապողականությունը եւս մասամբ պայմանավորված է ներքաղաքական օրացույցով։ Նրան մինչեւ նոյեմբեր անհրաժեշտ են տեսանելի հաջողություններ, որոնք հնարավոր կլինի ընտրողին ներկայացնել որպես պատերազմներ դադարեցնելու եւ միջազգային ճգնաժամեր կարգավորելու իր քաղաքականության արդյունք։

– Այս ամենի ֆոնին որոշակի անորոշություն կա նաեւ TRIPP-ի ճակատագրի հարցում․ վաշինգտոնյան հայտնի իրադարձություններին եւ դրանց հաջորդած պաթոսային հայտարարություններին կարծես թե փոխարինել է անորոշության շրջանը։

– Պետք է հստակ հասկանալ, որ TRIPP-ն առաջին հերթին քաղաքական եւ աշխարհաքաղաքական նախագիծ է։ Հետեւաբար, դրա ապագան կախված է ոչ այնքան տնտեսական հաշվարկներից, որքան Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջաններում քաղաքական զարգացումներից։ Ռուսաստանի եւ Իրանի քաղաքական ապագան, ԱՄՆ քաղաքական առաջնահերթությունները, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ընթացքը եւ Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացումը կարող են ուղղակիորեն ազդել ծրագրի իրականացման վրա։ TRIPP-ն ունի նաեւ տնտեսական բաղադրիչ, սակայն ներկա պայմաններում դրա հիմնական տնտեսական շահառուները լինելու են Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ ԱՄՆ-ի եւ, ընդհանրապես, Արեւմուտքի շահը մեծապես քաղաքական ու ռազմավարական է։ Հայաստանի անմիջական տնտեսական օգուտները դեռեւս հստակ հաշվարկված եւ հրապարակված չեն։ Եթե գործող պայմանները չփոխվեն, Հայաստանը կարող է ստանալ որոշակի հարկային, մաքսային, տարանցիկ եւ ընկերության բաժնեմասնակցությունից բխող եկամուտներ, սակայն դժվար է պնդել, որ դրանք համարժեք կլինեն ծրագրի աշխարհաքաղաքական նշանակությանը եւ Հայաստանի ստանձնած ռիսկերին։ Հայաստանի հնարավոր շահը ներկայում առավելապես քաղաքական է եւ, իմ գնահատմամբ, հիմնականում կարճաժամկետ․ նվազեցնել նոր ռազմական բախման հավանականությունը, ամրապնդել ԱՄՆ-ի ներգրավվածությունը եւ որոշ չափով դուրս գալ տարածաշրջանային մեկուսացումից։ Սակայն երկարաժամկետ տնտեսական շահը կախված կլինի փոխադարձությունից՝ Հայաստանի համար ադրբեջանական եւ թուրքական ճանապարհների, շուկաների եւ նավահանգիստների իրական հասանելիությունից, որը խիստ թեական է։ Նախագծով Ադրբեջանն ու Թուրքիան, առաջին հերթին, Վրաստանի տարածքով անցնող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն զուգահեռ այլընտրանք են ստեղծում եւ դրանով նվազեցնում իրենց կախվածությունը Վրաստանից։ Ըստ լայնորեն շրջանառվող հաշվարկի՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ընդհանուր երկարությունը 846 կմ է, որից 504 կմ-ն անցնում է Ադրբեջանով, 263 կմ-ն՝ Վրաստանով, իսկ 79 կմ-ն՝ Թուրքիայով։ Այլ աղբյուրներում ընդհանուր երկարությունը նշվում է մոտ 829 կմ, ինչը պայմանավորված է հաշվարկման տարբեր մեթոդներով։ Բաքու-Մեղրի-Նախիջեւան-Իգդիր-Կարս առաջարկվող երթուղու երկարությունը մոտավոր հաշվարկով կարող է կազմել շուրջ 869 կմ, այսինքն՝ մոտ 23 կմ-ով ավելի։ Դրանից մոտ 603 կմ-ն կարող է անցնել Ադրբեջանի տարածքով՝ ներառյալ Նախիջեւանի շուրջ 188 կմ հատվածը, մոտ 42 կմ-ն՝ Հայաստանի, իսկ 224 կմ-ն՝ Թուրքիայի տարածքով։ Վերջին՝ Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու հատվածի շինարարությունն արդեն մեկնարկել է, եւ դրա արժեքը գնահատվում է շուրջ 2.4 միլիարդ եվրո։ Այստեղ իրավացիորեն հարց է առաջանում․ ինչո՞ւ են Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում մի քանի միլիարդ դոլար ծախսել ավելի երկար երթուղու վրա, երբ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին տարիներ շարունակ աշխատել է իր նախագծային հնարավորություններից զգալիորեն ցածր բեռնվածությամբ։ Պատասխանը տնտեսականից ավելի շատ քաղաքական է։ Նպատակը Վրաստանի տարածքով անցնող 263 կմ հատվածին այլընտրանք ունենալն է, տարանցիկ կախվածությունը նվազեցնելը եւ Ադրբեջան-Նախիջեւան-Թուրքիա ուղիղ աշխարհաքաղաքական կապ ձեւավորելը։ Հայաստանի տարածքով անցնող բոլոր վճարներից Հայաստանին հասնելու է միայն 26%-ը։ Դա նախատեսվող հայ-ամերիկյան զարգացման ընկերությունում Հայաստանի բաժնեմասն է։ Թե որքան կկազմեն դրանք, կախված է դեռեւս չհրապարակված սակագներից, բեռնափոխադրումների ծավալից, հարկային ռեժիմից եւ ընկերության ծախսային կառուցվածքից։ Բաց են մնում մի շարք հարցեր․ ինչ լիազորություններ են ստանալու օպերատորներն ու երրորդ կողմերը, ինչպես է գործելու «առաջնային սպասարկման-հետին վերահսկողության» համակարգը, ինչ է գործնականում նշանակելու «անխոչընդոտ հաղորդակցությունը», եւ արդյո՞ք Ադրբեջանը հետագայում չի փորձի այն մեկնաբանել որպես արտատարածքային միջանցք։ Հստակեցման կարիք ունի նաեւ TRIPP-ի կապը Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, սահմանազատման եւ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հետ։ TRIPP-ի իրականացման տեմպի վրա կարող են ազդել նաեւ ԱՄՆ-ում 2026 թ. նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները։ Կոնգրեսում ուժերի հարաբերակցության հնարավոր փոփոխությունը կարող է անդրադառնալ ծրագրի ֆինանսավորմանը, վերահսկողությանը եւ քաղաքական առաջնահերթությանը։ Հետեւաբար, Երեւանն ու Բաքուն իրենց քայլերը կատարելիս հաշվի են առնում նաեւ ամերիկյան ներքաղաքական օրացույցը։ Մինչեւ նոյեմբեր իրավական եւ կազմակերպական հնարավորինս շատ որոշումներ ամրագրելու ձգտումը հավանական է, սակայն դա առայժմ քաղաքական գնահատական է, ոչ հրապարակայնորեն հաստատված պայմանավորվածություն։