06/08/2026

EU – Armenia

Նիկոլ Փաշինյանը չէր լսում թիմակիցների հորդորները, խորհուրդները

«35 տարվա մեջ ինչքան ընտրություն եղել է, իշխանություններն ասել են, որ օրինական են, իսկ ընդդիմությունը փողոց է դուրս եկել հաճախ, ասել է, որ անօրինական է, իսկ այս անգամ միակ դեպքն է, որ ընդդիմությունն ասում է, որ անօրինական է, իշխանություններն էլ են ասել, որ անօրինական է»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

Խոսելով իր` խորհրդարանում չլինելու մասին, Ասլանյանը նշեց. «Ես ափսոսում եմ, որ մեր նման պատգամավորներն այլեւս չեն լինի խորհրդարանում, ափսոսում եմ, որ 8-րդ գումարման Ազգային ժողովում չկարողացա իրականացնել այն բոլոր ցանկություններս ու երազանքներս, որ պատկերացնում էի պատգամավոր լինելու դեպքում։ Իսկ չկարողացա, որովհետեւ ես եկա խորհրդարան մեկ ծրագրով` հայրենիքիս ծառայելու, բայց հանդիպեցի մեկ այլ ծրագրի, որ խորհրդարանը վերածվել էր, այսպես ասած, պսեւդոյի, դրա համար էլ քիչ ելույթներ էի ունենում եւ փորձում էի խորհրդարանից դուրս իմ մտքերն արտահայտել։ Ես մտածում էի, որ խորհրդարանում պետք է ընտրյալները լինեն, եւ այն ռազբորկաների, միմյանց վիրավորելու տեղ չպետք է լինի»։

Դիտարկմանը, որ ամենամեծ ատելության խոսքն իր նախկին խմբակցության անդամներն ու Նիկոլ Փաշինյանն էին գեներացնում, արդյոք նրանց երբեւէ հորդորե՞լ է, որ զսպվածություն ու կոռեկտություն դրսեւորեն, Ասլանյանն այսպես պատասխանեց. «Ես ասել եմ, ասել եմ, որ էսպես չի կարելի, առաջարկել եմ նույնիսկ ցրել խորհրդարանը։ Նիկոլ Փաշինյանն էլ չէր լսում թիմակիցների հորդորները, խորհուրդները։ Նիկոլ Փաշինյանը բոլորին զրոյացնում է, ուզում է վերեւում ինքը լինել, իրենից հետո մեծ դատարկություն լինի, հետո զրոները լինեն»։
Ինչո՞վ է զբաղվելու առաջիկայում եւ ի՞նչ միջոցներով է ապրելու։ Ասլանյանը նշեց. «Ես թոշակառու եմ, քանի որ մի ամբողջ գումարման Ազգային ժողովի պատգամավոր եղել եմ, հստակ չգիտեմ, բայց հիմա հետաքրքրվում եմ նաեւ պատգամավորների համար նման դեպքերում հատկացվող թոշակով, չնայած, փառք Աստծո, ես բավականին բարձր թոշակ ստանում եմ, որովհետեւ էսօր շատ քչերն են 90 հազարի չափ թոշակ ստանալու։ Բացի այդ, ուզում եմ առաջիկայում նաեւ «Ասլանյան պոլիտիկ» հասարակական կազմակերպություն հիմնել, տեսնենք՝ ոնց կստացվի։ Ասեմ նաեւ, որ Աղազարյանի հետ մենք քաղաքական դաշտից դուրս չենք գալու, մի քիչ կհանգստանանք, մնացածը` կախված քաղաքական իրավիճակներից»։