16/08/2026

EU – Armenia

Ազգային ժողովի առաջին շաբաթը չանվանենք ձախողված, բայց՝ նախազգուշացնող

Այս շաբաթվա ԱԺ-ն ավելի շատ քաղաքական բախման տեսարաններ էր մեզ հրամցնում, քան օրենսդրական աշխատանքի օրինակներ։

ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի նիստերի այս շաբաթվա ուսումնասիրությունը հետաքրքիր է մեկ պատճառով. նոր գումարման խորհրդարանը դեռ պետք է ձեւավորի քաղաքական վարքագծի ավանդույթներ, եւ առաջին օրերի վարքագիծը խիստ կարեւոր է։

Ամենախնդրահարույց միջադեպը

Շաբաթվա ամենասուր դրվագը տեղի ունեցավ օգոստոսի 13-ին: Էդգար Ղազարյանի ելույթից հետո առաջացավ սուր բանավեճ։ Իշխանության ներկայացուցիչները վրդովվեցին իրենց հասցեին օգտագործված «սրիկայաբար» բառից։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը դա գնահատեց որպես անընդունելի արտահայտություն: Ղազարյանի քաղաքական քննադատության բովանդակության հետ կարելի է համաձայնել կամ` ոչ, բայց «սրիկայաբար» բնորոշումը քաղաքական փաստարկ չէ, այլ՝ գնահատական, իսկ Կոնջորյանի «դուրս ենք շպրտելու» ոճի արձագանքն առավել եւս դուրս է խորհրդարանական էթիկայի սահմաններից։ Նույնիսկ եթե պատգամավորը խախտել է կանոնը, նախագահողը պետք է կարգ հաստատի ընթացակարգով, ոչ թե ուժի լեզվով։ Այստեղ, տարբերակենք` քաղաքական կոշտ քննադատությունը եւ անձնական վիրավորանքը նույն բանը չեն։ Պատգամավորն իրավունք ունի իշխանությանը մեղադրել ձախողման, սխալ քաղաքականության, անպատասխանատվության կամ նույնիսկ պետական շահերին վնաս հասցնելու մեջ, եթե այդ գնահատականը հիմնավորում է փաստերով։ Խորհրդարանական ընդդիմության առաքելությունը նաեւ իշխանության գործողությունների կոշտ քննադատությունն է։ Բայց երբ քաղաքական գնահատականը վերածվում է նվաստացուցիչ բնորոշման, բանավեճի որակը փոխվում է։

Պատասխանատվությունը միայն ընդդիմությա՞նն է Ռուբինյանը նշել է, որ 10 օրվա ընթացքում երկու անգամ վիրավորական արտահայտություն է հնչել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներից։ Նարեկ Կարապետյանն ընդունել է, որ Ղազարյանի արտահայտությունը բարեվարքության նորմի խախտում էր։ Սա կարեւոր հանգամանք է, սակայն նույն չափանիշը պետք է կիրառվի բոլորի նկատմամբ։ Խորհրդարանի նիստերը նախագահողը ոչ միայն կարգապահություն ապահովող պաշտոնյա է, այլեւ ամբողջ խորհրդարանի ներկայացուցչական դեմքը։ Ուստի նրա պատասխանն էլ պետք է լինի կառուցողական, հանգիստ եւ ընթացակարգային։ Այլ կերպ ասած՝ պետական ինստիտուտը պետք է ավելի բարձր մշակույթ ցուցադրի, քան այն քաղաքական բախումը, որի մեջ հայտնվում են դրա անդամները։

Երկրորդ հանգամանքը. հաջորդ օրը միջադեպը չավարտվեց։ ԱԺ նախագահը կրկին անդրադարձավ նախորդ օրվա դեպքին: Իմ գնահատմամբ՝ այստեղ հնարավոր էր ավելի կառուցողական լուծում. միջադեպը կարելի էր տեղափոխել էթիկայի համապատասխան ընթացակարգ եւ թույլ տալ, որ հարցը լուծվի ոչ թե հրապարակային փոխադարձ պահանջների, այլ սահմանված մեխանիզմի միջոցով։ Երբ խորհրդարանի ամբիոնը դառնում է այն վայրը, որտեղ մեկը մյուսից հրապարակային ներողություն է պահանջում, իսկ մյուսը պատասխանում է կանոնակարգին հղումով, հանրության մոտ առաջանում է տպավորություն, որ ինստիտուցիոնալ մեխանիզմները դեռ չեն հասցրել ամբողջությամբ փոխարինել քաղաքական անձնական հակամարտությանը։

Խորհրդարանում, իմ համոզմամբ, պետք է բացառվեն երկակի ստանդարտները։ Ընդդիմությունից պետք է պահանջել փաստարկված, կոշտ, բայց քաղաքակիրթ քննադատություն։ Իշխանական մեծամասնությունից՝ ավելի մեծ պատասխանատվություն, որովհետեւ իշխանությունն ունի ոչ միայն խոսելու, այլեւ պետական ինստիտուտի աշխատանքը կազմակերպելու պարտականություն։ Այս իմաստով իշխանական պատգամավորի վիրավորական արտահայտությունը չի կարող արդարացվել նրանով, որ ընդդիմադիրի ասած մի բառն ավելի վաղ իրենց դուր չի եկել։ Հակառակը՝ ընդդիմադիր պատգամավորի վիրավորանքը չի կարող արդարացվել նրանով, որ իշխանությունն իրեն վատ է վերաբերվել։ Խորհրդարանական էթիկան չի կարող լինել փոխադարձ վրեժխնդրության վայր, կոպիտ բառապաշարը եւ հայհոյանքը նույն բանը չեն։ Ընտանիքին, անձնական կյանքին, արտաքինին, արժանապատվությանը վերաբերող վիրավորանքները պետք է բացառվեն։

Ամենաանընդունելին այն է, երբ քաղաքական տարաձայնությունը կորցնում է քաղաքական բնույթը։ Եթե ընդդիմադիր պատգամավորն իշխանությանը մեղադրում է սխալ քաղաքականության մեջ՝ դա քաղաքականություն է։ Եթե իշխանական պատգամավորն ընդդիմությանը պատասխանում է փաստերով՝ նույնպես քաղաքականություն է։ Եթե կողմերը սկսում են միմյանց բնորոշել նվաստացուցիչ բառերով, քննարկումը տեղափոխվում է անձնական հակամարտության դաշտ։ Իսկ հանրությունն իր ընտրյալներին խորհրդարան է ուղարկում ոչ թե իրար վիրավորելու, այլ իր խնդիրները լուծելու համար։ Միաժամանակ խորհրդարանական ընդդիմությունն էլ պետք է հասկանա`ուժեղ ընդդիմադիր ելույթն այն է, երբ իշխանական պատգամավորին փաստերով է մերկացնում, ոչ թե ստիպում է միջանցքում տղայական վեճ սկսել։

9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին շաբաթը չանվանենք ձախողված, բայց՝ նախազգուշացնող։ Խորհրդարանն այն տեղը չէ, որտեղ բոլորը միմյանց հետ համաձայն են։ Հակառակը՝ խորհրդարանն այն տեղն է, որտեղ մարդիկ ամեն ինչի շուրջ համաձայն չեն, բայց պարտավոր են պահպանել որոշակի կանոններ, որոնք թույլ են տալիս այդ անհամաձայնությունը դարձնել հանրային քաղաքականություն։