20/08/2026

EU – Armenia

Վրաստանը «բացում է Հարավային Կովկասի հյուսիսային դարպասը»

Վրաստանի իշխանությունները Ռուսաստանին գաղտնի գործարք են առաջարկել, տեղեկացրել է վրացական apsny.ge կայքը՝ հղելով ռուսաստանյան INSIDER-T թելագրամ-ալիքին։

Ըստ այդմ, խոսքը «Ռուսաստանի հանդեպ Վրաստանի աշխարհաքաղաքական լիակատար լոյալության մասին է, ինչի դիմաց Ռուսաստանը պետք է հրապարակային հրաժարվի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անեքսիայից»։

Ռուսաստանցի ինսայդերների տեղեկացվածությամբ՝ ՌԴ ԱԳՆ-ում և նախագահի աշխատակազմում «այդ առաջարկությանը շատ լուրջ են մոտեցել, բայց վերջնական պատասխան դեռևս չկա»։

Թբիլիսիի նման առաջարկությունը Մոսկվայի համար կարող է միանգամայն գրավիչ լինել․ Ռուսաստանը Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը չի չեղարկում, փոխարենը ստանում է Վրաստանի «աշխարհաքաղաքական լիակատար լոյալությունը»։

Այսինքն, Վրաստանը «պարտավորվում է սահմանադրական փոփոխություններ կատարել և հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու և Եվրամիության հետ ինտեգրվելու» քաղաքականությունից։

Վրացական երկու նախկին ինքնավարությունները «երբեք անեքսիայի չենթարկելու» մասին ՌԴ հրապարակային հայտարարությունը կարող է նույնիսկ միջազգային դրական վարկանիշ ձևավորել, բայց գործնականում ոչինչ չփոխել։

Բայց Ռուսաստանը լրջագույն խնդիր ունի հենց Աբխազիայում և Հարավային Օսեթիայում։ Վերջինս ընտրել է «հավերժ Ռուսաստանի հետ» ճանապարհը, իսկ Աբխազիան պնդում է «միայն անկախ պետություն» տարբերակը։

Վրաստանի իշխանությունների «առաջարկած գործարքը» շոշափում է ամբողջ Հարավային Կովկասի, Սևծովյան-կասպյան տարածաշրջանի, անգամ Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրների շահերը։

Ռուսաստանի հանդեպ Վրաստանի «լիակատար լոյալությունը» նշանակում է Հարավային Կովկասում «հյուսիսային ուղղագծի» հաստատում՝ դրանից բխող հետեւանքներով հանդերձ։ Անցյալ դարասկզբին Լեռնային Ղարաբաղը բռնակցելու նպատակով Ադրբեջանը բոլշևիկյան բանակների առջեւ բացել է դարպասները։ Աբխազիան և Հարավային Օսեթիան երբևէ վերաինտեգրելու գնով Վրաստանը կգնա՞ նույն քայլին։