23/08/2026

EU – Armenia

Լարված իրավիճակ՝ Մասիս խոշորացված համայնքի Հովտաշատ գյուղում. ի՞նչ է կատարվում

Տևական ժամանակ է՝ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Հովտաշատ, ժողովրդին ավելի հայտնի՝ Մեյմանդար բնակավայրի Պարույր Սևակ փողոցի բնակիչներն իրենց զգում են ոչ թե 21-րդ դարի բնակիչներ, այլ քարե դարի։

Պատճառը մոտ 250-ից ավելի բնակիչների նկատմամբ ոչ սրտացավ մոտեցումն է պատասխանատուների կողմից։

Երեկ՝ օգոստոսի 22-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն ասում էին.

«Ասում են՝ իշխանությունները հետևողական պայքար են տանում, որպեսզի գյուղի մարդկանց ապրելակերպը հեշտանա, որ ոչ մի անհարմարություններ գյուղացին չունենա։ Բայց դա կարծես թե մեր փողոցին չի վերաբերվում։ 20 օրից ավելի է խմելու ջրից հիմնահատակ զրկվել ենք։ Էլ չենք ասում, որ փողոցում և ոչ միայն մեր, բացակայում է կոյուղին, բացակայում է գազը, մինչդեռ գազախողովակնրը Արարատի ԳԳՄ-ի աշխատակիցներն ամենափնթի ձևով են տեղադրել, որ մարդիկ նույնիսկ գազախողովակների պատճառով են հայտնվել շրջափակման մեջ, չեն կարողանում իրենց տուն ներս ու դուրս անել։

10 անգամ դիմել ենք, բայց ստացել ենք նույն պատասխանը՝ «լավ կլինի»։ Եթե դա է ձեր լավ լինելու կյանքը, ուրեմն հարամ լինի էն պաշտոնը, որ դուք եք վայելում։ Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում նման անմարդկային, ոչ սրտացավ մոտեցում մարդ արարածի նկատմամբ։ Ինչքան պիտի չսիրես քո երկիրը, քո քաղաքացուն, ում տված հարկերի հաշվին դուք ձեր թափոններն եք լցնում ու մարդկանց համար ստեղծում բազմատեսակ անհարմարություններ։

Խմելու ջուրը մեր միջոցներով տարիներ առաջ անցկացրել էինք, լավից-վատից ջուր ունեինք։ Եկան, անունը դրեցին թե բարեփոխում են, բայց դա ոչ թե բարեփոխում էր, այլ մի ամբողջ փողոց ավիրելու գործընթաց։

Արարատի մարզպետից հույս չունենք, նա նույնիսկ մի անգամ չի բարեհաճել ժամանի ու տեղում իրավիճակին ծանոթանա։ Մասիսի քաղաքապետարանն էլ կարող է ասել, թե դա իր ֆունկցիայի մեջ չի մտնում։ Դրա համար չգիտենք էլ ում դիմենք՝ կառավարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին դիմենք։ Ուզում ենք մեզ հուշեք, թե ում դուռը գնանք, որ էս անմարդկային վերաբերմունքին վերջ տրվի։

Լսել ենք, որ Մասիսի քաղաքապետ Նորայր Հակոբյանն արդեն ձեռնամուխ է եղել ու աշխատանքներ է փորձում իրականացնել՝ մեր վիճակը մի քիչ դեպի լավը տանելու ուղղությամբ։ Բայց դա միայն քաղաքապետի գործը չէ։ Պիտի մարզպետարանը, կառավարությունը խելք խելքի տան ու էս խնդիրը լուծեն։ Խնդիր չէ, խնդիրներ։ Անգամ Հովտաշատում, երբ սկսվեց կառավարության ֆինանսավորմամբ նոր դպրոցի կառուցումը, ուրախացանք։ Բայց այդ ամենը կարճ տևեց։ Տեսնում ենք, թե մարզերում ինչքան դպրոցներ է կառավարությունը վերանորոգում, հիմնանորոգում, կառուցում նորերը։ Բայց մեր գյուղի դպրոցը 5 տարի է կառուցում են։ Կարծես թե էստեղի բրիգադը կրիայի միս կերած լինի, կրիայի նման են աշխատում։ Օրերով անգամ դպրոցում մի շինարարի չես տեսնի, եթե փնտրես էլ, 3-4 հնդիկի կգտնես։ Տպավորություն է, որ շինարարությունը կատարում են ոչ թե հայ պրոֆեսիոնալ շինարարները, այլ Ռաջ Կապուրը, Վիծիկ Դանան և այլք։

Լսել ենք, որ Մասիսի քաղաքապետն այցելելու է մեզ և այդ ժամանակ արդեն պարզ կլինի մեր հետագա անելիքները։ Իսկ մենք պատրաստ ենք դիմել նույնիսկ ամենակտրուկ միջոցների, այդ թվում՝ ճանապարհ փակելու, բայց չենք ուզում բանը դրան հասնի»։