05/09/2026

EU – Armenia

«Մա՛մ, տղեդ փախչող չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում. Լուսանկարներ

«1994 թվականին՝ Արցախյան առաջին պատերազմում, 24 տարեկան եղբորս եմ կորցրել, 2020 թվականին՝ 24 տարեկան որդուս»։

Տիկին Նարինեն՝ Հրանտի մայրիկը, որդու մասին պատմությունն այսպես է սկսում։ Արցախի Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղում է ծնվել Հրանտը, այստեղ է անցել նրա մանկությունը, պատանեկությունը։

«Չարաճճի, անհանգիստ տղա էր Հրանտս։ Ամուսինս մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։ Այդ ժամանակ Հրանտս սիրում էր զինվորական շորերը հագնել, միշտ նշում էր՝ մեծանամ, զինվոր եմ դառնալու։ Իր համար հայրենիքը կարևոր արժեք էր, ամեն տեղ պետք է հիշատակեր մեր հերոսներին»։ Հրանտն ութ տարի հաճախել է Սպիտակաշենի դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել է Մարտունու դպրոցում։ «Լավ առաջադիմություն է ունեցել։ Սիրում էր մասնակցել բոլոր միջոցառումներին, աչքի ընկնող էր իր տեսակով։ Արցախում ֆուտբոլի մրցույթների է մասնակցել»։ Դպրոցն ավարտելուց հետո Հրանտն ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան, բայց ուսումը կիսատ թողնելով՝ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այնուհետև զինվորական ծառայության մեկնելու նպատակով վերադարձել է հայրենիք։ Ծառայել է Մատաղիսում։

Հրանտի ժամկետային ծառայությունը համընկել է Ապրիլ յան պատերազմի հետ։ Որպես ավագ սերժանտ՝ մասնակցել է պատերազմին, զորացրվել՝ արժանանալով պատվոգրի։ Զորացրվելուց հետո Հրանտը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Բայց 2020 թվականին կրկին որոշում է կայացրել վերադառնալ տուն՝ Արցախ։ Մայրիկն ասում է՝ չորս ամիս էր, ինչ Հրանտը հայրենիքում էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։

Հրանտն առանց վարանելու մեկնում է մարտի դաշտ։ «Ինձ հետ խոսեց՝ մա՛մ, պատերազմ է սկսվել։ Սեպտեմբերի 28-ին ներկայացավ զինկոմիսարիատ և կամավոր մեկնեց ռազմի դաշտ։ Պատերազմի օրերին եղել է տարբեր ուղղություններում։ Այդ օրն իրեն ընկերների հետ տեղափոխել են Մարտունու «Կոհակ» տեղամաս։ Չորս հրետանավորներով զոհվել են։ Հրանտս կամավոր էր Արցախից, մյուս երեք տղաները Հայաստանից էին։ Եթե իրենց չտեղափոխեին այդ հատված, հավանաբար, հիմա ողջ կլինեին։

Ամեն օր խոսել ենք։ Ասում էր. «Մա՛մ, այս պատերազմն առաջվա պատերազմի նման չէ»։ Ամեն օր զանգել է կամ հաղորդագրություն գրել։ Իր բոլոր նամակները ես պահում եմ հեռախոսիս մեջ։ Ինձ ասում էր. «Մա՛մ, եթե այս պատերազմը չկանգնեցնեն, երևի ոչ ոք ողջ չմնա»։ Երբ իրեն հորդորում էի, որ տուն գար, ես էլ էի հասկանում, որ վիճակը ծանր է, Հրանտս արձագանքում էր. «Մամ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի»։ Միշտ ասում էր՝ ես վախ չունեմ»։

Հոկտեմբերի 23-ին Մարտունիում անօդաչուի հարվածից զոհվել է Հրանտը զինակից ընկերների հետ։ «Առաջին պատերազմում տղաներն ազատագրեցին հայրենիքը, 44-օրյա պատերազմի ժամանակ մեր տղաները կյանքի գնով պահեցին մեր հողը, բայց հիմա ո՛չ մեր հայրենիքը կա, ո՛չ էլ կարողանում ենք մեր տղաներին այցի գալ։ Իր հետ կապված ամեն ինչ մնաց Արցախում, ոչինչ չկարողացա ինձ հետ բերել, անգամ իր մեդալը։ Ինձ միայն իմ հուշերը մնացին»։

Եվ այդ հուշերն են հիմա ապրեցնում տիկին Նարինեին։ «Երկու տղա և մեկ աղջիկ ունեմ։ Ինձ միշտ ասում էր. «Մա՛մ, ինչո՞ւ ես երեք երեխա ունեցել։ Ես ամուսնանալու եմ և շատ երեխաներ ունենամ»։ Հրանտս երազում էր մեծ ընտանիքի մասին։ Բարեհոգի, բարեսիրտ մարդ էր։ Ընկերասեր էր։ Իր մարտական ընկերները մինչ օրս գնում-գալիս են մեր տուն։ Իր ծննդյան և հիշատակի օրն անպայման այցելում են մեզ։ Նույն կերպ նաև իմ ծննդյան օրը, Մարտի ութին, տոնական այլ օրերին։ Դա էլ է սփոփանքի պես մի բան, որ ընկերները հիշում են բալիս։ Հաճախ եմ մտածում՝ եթե իմ տղան լավ ընկեր չլիներ, իրեն հաստատ չէին հիշի, չէին այցելի մեր տուն»։

Ապրելու ուժի մասին։ «Ապրում եմ հանուն ընտանիքիս։ Ուժ տվողը երեխաներս են։ Հպարտ եմ, որ հերոս տղա ունեմ, որ չի փախել, պաշտպանել է իրեն վստահված դիրքը։ Բայց երանի թե հիմա կողքիս լիներ…»։

Հ. Գ. – Հրանտ Ջավադյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Ստեփանակերտի Եղբայրական պանթեոնում։