05/09/2026

EU – Armenia

Քաղաքական դաշտում «մեռելային լռություն է»

Չկան Ազգային ժողովի նիստեր՝ քաղաքական դաշտում «մեռելային լռություն է», ինչի արդյունքում ստեղծվում է թյուր տպավորություն, որ խորհրդարանի նիստերն իրենք իրենցով հանդիսանում են քաղաքական օրակարգ։

Մինչդեռ Ազգային ժողովը ոչ թե բուն օրակարգ է, այլ օրակարգերը գեներացնելու գործիք։ Քաղաքական օրակարգերը մեծամասամբ ոչ թե ծնվում են խորհրդարանում, այլ բերվում են խորհրդարան՝ քննարկելու։ Ու եթե խորհրդարանը այսօր նիստեր չի գումարում, դա դեռ չի նշանակում, որ այդ օրակարգերը գոյություն չունեն։

Դրանք կան, ընդ որում այս պահին երկուսը, ու երկուսն էլ առաջադրել է Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե ցանկալի կլիներ, որ օրակարգը թելադրեր ընդդիմությունը, սակայն դա դեռ չի նշանակում, որ ընդդիմությունը պետք է պասիվ կեցվածք ընդունի իշխանության կողմից թելադրված օրակարգերի նկատմամբ, հատկապես, երբ դրանք ունեն ազգային նշանակություն։

Եթե ընդդիմությունը ինչ-ինչ պատճառներով չի կարողանում թելադրել սեփական օրակարգը, ապա իշխանության կողմից թելադրվածին պետք է այնպես հակազդի, որ վերջնաարդյունքում հասնի դրա տապալմանը։ Իսկ իշխանության կողմից պարտադրված ու տապալված օրակարգը յուրովի կարող է դառնալ ընդդիմության սեփական օրակարգ։

Այս պահին իշխանությունը փորձում է միս ու արյուն տալ ՀՀ Սահմանադրության փոփոխությանը ու հետևողականորեն գնում է դրա իրականացմանը։ Ցավալիորեն ընդդիմության կողմից բացի գնահատականներից, այլ հակազդեցություն չենք տեսնում, մինչդեռ բազմիցս եմ շեշտել, որ քաղաքականությունը առաջին հերթին ոչ թե խոսք է, այլ՝ գործ։

Եթե ընդդիմությունը սպասում է, որ Սահմանադրության փոփոխության հանրաքվեի պաշտոնական քարոզարշավը սկսվի, նոր անցնի գործողության, ապա միանշանակ պարտվելու է։ Եթե ընդդիմությունը ցանկանում է կասեցնել այդ գործընթացը, ապա պետք է քայլեր ձեռնարկի այսօր, եթե ոչ՝ երեկ։

Ընդդիմությունը պետք է օրնիբուն հանդիպի հասարակության հետ, պետք է քայլի դռնեդուռ, մտնի տուն առ տուն, հանդիպի յուրաքանչյուր քաղաքացու հետ, ընդ որում, դեմ առ դեմ, այլ ոչ եթերով, փորձի կոնսոլիդացնել հանրությանն ու ոտքի հանել։

Սակայն եթե այդ ամենը չանի այսօր ու թմբիրից արթնանա միայն պաշտոնական քարոզարշավի ժամանակ, ապա հենց այսօրվանից կարող ենք փաստել, որ ՀՀ Սահմանադրությունը փոփոխված է։

Նույնն էլ վերաբերում է Տիգրանաշենին։ Եթե ընդդիմությունը որոշի բողոքի ակցիաներ անել միայն այն ժամանակ, երբ այսպես ասած «սահմանագծման» ու «սահմանազատման» գործընթացը հասած լինի Տիգրանաշեն, ապա այսօրվանից արդեն կարող ենք փաստել, որ Տիգրանաշենը հանձնված է։

Իսկ կորստից հետո ողբալ կորուստը, արդեն նմանվում է հոգեհանգստի։ Քանի դեռ մենք խոսքը շփոթում ենք գործի հետ, քանի դեռ չենք կարողանում հասկանալ ժամանակի հրամայականը, մենք մշտապես նմանվելու ենք մեռելատերերի, որոնք «հիվանդին» բժշկի տանելու փոխարեն նախընտրել էին միայն աղոթքը։