Տասնամյակներ շարունակ մեծ տերությունները փոքր պետություններին իրենց ուղեծիր էին ներգրավում զենքով, վարկերով, գազով կամ անվտանգության երաշխիքներով։ Ամերիկան Հայաստանի դեպքում փորձարկում է 21-րդ դարի մեկ այլ արժույթ՝ հաշվարկային հզորությունը։
The Wall Street Journal-ի նոր հետաքննությունը բացահայտում է, որ Վաշինգտոնը 2025-ի հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների ընթացքում Հայաստանի համար Nvidia-ի առաջատար AI չիպերի արտահանման թույլտվությունները ներառել էր տնտեսական խթանների փաթեթում։ Նախկին դեսպան Քրիստինա Քվինի գնահատմամբ՝ Nvidia-ի բաղադրիչը բանակցային փազլի կարևոր մասն էր։
Սա մանրուք չէ։ Սա չիպային դիվանագիտություն է։ Եթե 20-րդ դարում աշխարհաքաղաքական իշխանության խորհրդանիշը նավթահորն ու խողովակաշարն էին, 21-րդում դրանց կողքին հայտնվել են կիսահաղորդիչը, տվյալների կենտրոնը և AI հաշվարկային հզորությունը։
Առաջատար GPU-ների հասանելիությունն այլևս միայն բիզնեսի հարց չէ. այն վերահսկվում է Վաշինգտոնի արտահանման քաղաքականությամբ և կարող է վերածվել արտաքին քաղաքականության լծակի։
Հայաստանն այդ նոր աշխարհակարգում ստացել է հազվադեպ հնարավորություն։ Հրազդանի Firebird AI կենտրոնը մեկնարկել է ավելի քան 6,000 Nvidia GPU-ով, իսկ ծրագիրը նախատեսում է մինչև 2027-ի վերջ Հայաստանում անցնել 70,000 GPU-ից և 300 ՄՎտ AI ենթակառուցվածքից։
Եթե ծրագիրն իրականացվի ամբողջ ծավալով, խոսքը պարզապես հերթական օտարերկրյա ներդրման մասին չի լինի։ Հայաստանը կարող է հայտնվել տարածաշրջանի հաշվարկային ենթակառուցվածքի քարտեզի վրա։
Եվ այստեղ է WSJ-ի բացահայտման քաղաքական նշանակությունը։ Վաշինգտոնյան փաթեթը, պարզվում է, կառուցվել է մի քանի հարկով՝ խաղաղություն, հաղորդակցություններ, TRIPP, ներդրումներ և այժմ՝ ռազմավարական տեխնոլոգիաների հասանելիություն։ ԱՄՆ-ը Հայաստանին առաջարկում է խաղաղության տնտեսական շահաբաժինը կապել արևմտյան տեխնոլոգիական համակարգի հետ։
Սա էապես տարբերվում է այն կախվածության մոդելից, որի մեջ Հայաստանը տասնամյակներով ապրել է Ռուսաստանից՝ էներգետիկա, երկաթուղի, ռազմավարական ենթակառուցվածքներ և զենք։
Բայց այստեղ ևս պետք չէ պատրանքներ ունենալ։ Nvidia-ի չիպը բարեգործություն չէ։ Ինչպես ռուսական գազն ու զենքն ունեին քաղաքական գին, ամերիկյան բարձր տեխնոլոգիան նույնպես ունի ռազմավարական տրամաբանություն։
Տարբերությունն այն է, որ Հայաստանը հիմա հնարավորություն ունի կախվածությունը փոխարինել փոխկապակցվածությամբ՝ եթե սեփական կրթությունը, էներգետիկան, գիտությունը և տեխնոլոգիական ընկերությունները կարողանա կառուցել այդ ենթակառուցվածքի շուրջ։
Այլապես 70,000 GPU ունենալը դեռ տեխնոլոգիական ինքնիշխանություն չէ։ Կարելի է ունենալ աշխարհի ամենահզոր սերվերները և մնալ ուրիշի տեխնոլոգիայի սպառողը։
Հետևաբար Հայաստանի իրական խնդիրը Nvidia-ի չիպերը ստանալը չէ։ Խնդիրն այն է, թե ինչ Հայաստան է կառուցվելու դրանց շուրջ։ Եթե Firebird-ի կողքին աճեն հայկական AI ընկերություններ, համալսարանական հետազոտություններ, ինժեներական դպրոցներ և բարձրարժեք արտահանում, Վաշինգտոնյան խաղաղության փաթեթը կարող է Հայաստանի համար ունենալ հետևանք, որը շատ ավելի երկար կապրի, քան ցանկացած ստորագրված փաստաթուղթ։
Որովհետև աշխարհաքաղաքականության լեզուն փոխվում է։ Մի ժամանակ կայսրությունները երկաթուղի էին կառուցում՝ ազդեցություն տարածելու համար։ Հետո եկան նավթամուղներն ու ռազմաբազաները։
Այսօր ազդեցության ճանապարհներից մեկը անցնում է չիպի միջով։ Եվ Հայաստանի համար պատմական հնարավորությունն այն է, որ այս անգամ այդ ճանապարհը կարող է ոչ միայն անցնել Հայաստանի տարածքով, այլ արժեք ստեղծել Հայաստանի ներսում։

Բաց մի թողեք
Աթենքում Թուրքիան և Հունաստանը չեն լուծել իրենց պատմական հակասությունները
Հայաստանը չունի պահուստային արժույթ, հսկայական ներքին շուկա
Մոսկվան կրկին պահանջում է վերացնել պատերազմի «արմատական պատճառները»