08/09/2026

EU – Armenia

Ձեր ամբարտավան բերանը եթե էլի բացեք, կպատժվեք. լարված բանավեճ Ավինյանի և Զառոկյանի միջև

Երևանի ավագանու նիստում բանավեճ է տեղի ունեցել ընդդիմադիր խմբակցության ավագանու անդամ Պեդրո Զառոկյանի և քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջև։

Երևանի ավագանու նիստում լարված իրավիճակ է ստեղծվել մայրաքաղաքում երթևեկության կառավարման կենտրոն ստեղծելու հարցի քննարկման ժամանակ։ Զառոկյանը քաղաքային իշխանությանը մեղադրել է անգործունակության և անգրագիտության համար:

«Եթե դուք շարունակեք Ձեր անպարկեշտ, ամբարտավան բերանը բացել սխալ ձևով, շատ խիստ կպատժվեք: Այլևս այս դահլիճում այդ տեսակ վիրավորական խոսքերը ամենակտրուկ ձևով պատժվելու են»,- արձագանքել է Ավինյանը։

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը քննադատել է նախաձեռնությունն ու քաղաքային իշխանությունների աշխատանքը՝ պնդելով, որ նախատեսվող կենտրոնում համապատասխան մասնագետներ չկան։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանը չի ներգրավել խցանումների կառավարման և երթևեկության ինժեներական ոլորտի մասնագետների, ինչի հետևանքով, ըստ նրա, Երևանի բնակիչները ստիպված են կրել իշխանությունների ոչ արդյունավետ աշխատանքի հետևանքները։

Զարոկյանի հայտարարությունը վրդովեցրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Վերջինս նիստի ընթացքում կոշտ կերպով արձագանքել է ավագանու անդամի խոսքերին՝ դրանք որակելով անպարկեշտ և վիրավորական։

Ավինյանը հայտարարել է, որ նման արտահայտությունների կրկնության դեպքում Զարոկյանի նկատմամբ խիստ միջոցներ կկիրառվեն։ Քաղաքապետը նաև նախազգուշացրել է նրան և զրկել խոսափողից՝ ընդգծելով, որ նիստերի դահլիճում վիրավորական բնույթի արտահայտությունների նկատմամբ այլևս հանդուրժողականություն չի լինելու։

«Դուք չունեք ոչ մի մասնագետ այս կենտրոնում. խցանումների, երթևեկության ինժեներ չունեք, դուք մեզ տանջում եք ձեր անգրագիտությամբ, անգործությամբ»,- ասել է Զարուկյանը: