Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի ձերբակալությունը պետք է դիտել ոչ միայն որպես մեկ կաշառքի գործ, այլ որպես շատ ավելի լուրջ ահազանգ՝ ինչ է կատարվում տեղական իշխանության մակարդակում։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթով ձերբակալվել է ութ անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը։
Մամուլում, միաժամանակ, շրջանառվում է վարկած, որ գործը կարող է կապված լինել Տերտերասարի ոսկու հանքի շուրջ երկու տարի ենթադրյալ ապօրինի շահագործման և պաշտոնյաների հնարավոր կաշառման հետ։ Սա դեռ քննությամբ ապացուցված չէ, բայց եթե հաստատվի, հարցն արդեն միայն այն չէ, թե ով է կաշառք տվել և ով՝ ստացել։
Հարցն այն է՝ պետական քանի օղակ պետք է լռեր կամ չտեսներ, որպեսզի նման գործունեությունը երկար ժամանակ շարունակվեր։ Հանքը հնարավոր չէ թաքցնել։ Այն ունի տեխնիկա, աշխատողներ, ճանապարհ, հանքաքարի տեղափոխում, բնապահպանական հետևանքներ, հարկային ու համայնքային հարաբերություններ։ Եթե այս ամբողջն իսկապես գործել է ապօրինի, ապա մենք գործ ունենք ոչ թե մի առանձին պաշտոնյայի, այլ հնարավոր տեղական կոռուպցիոն ցանցի հետ՝ բիզնես, համայնքային իշխանություն, վերահսկող մարմիններ։
Սա հատկապես կարևոր է առաջիկա տեղական ընտրությունների ֆոնին։ ՏԻՄ ընտրությունները սովորաբար ներկայացվում են որպես «տեղական» քաղաքականություն՝ ճանապարհ, աղբահանություն, մանկապարտեզ, համայնքային բյուջե, բայց իրականում համայնքապետը տնօրինում կամ ազդում է հողի, գույքի, շինարարության, տեղական բիզնեսի, թույլտվությունների և պետական ծրագրերի վրա։
Սխալ մարդուն այդ իշխանությունը տալը նշանակում է նրան տալ ոչ միայն պաշտոն, այլև տեղական տնտեսական և վարչական մեծ լծակներ։ Հենց դրա համար էլ Մեղրիի ձերբակալությունը պետք է ՏԻՄ ընտրություններից առաջ դառնա շատ պարզ դաս։ Համայնքները պետք է պաշտպանել ոչ միայն վատ կառավարիչներից, այլ այն մարդկանցից, որոնք կարող են համայնքը վերածել անձնական ազդեցության, բիզնես շահերի և ոչ թափանցիկ պայմանավորվածությունների տարածքի։
Այստեղ կարևոր է նաև քաղաքական ուժերի պատասխանատվությունը։ Խաչատուր Անդրեասյանը ժամանակին մտել է քաղաքականություն Սամվել Բաբայանի «Ազատական» ուժի միջոցով, հետո անցել է «Քաղաքացիական պայմանագիր»։
Սա ինքնին ոչ մեկի քրեական պատասխանատվությունը չի առաջացնում, բայց առաջացնում է քաղաքական հարց՝ ինչպե՞ս են կուսակցությունները ընտրում մարդկանց, որոնց հետո վստահում են համայնքներ։
Առաջիկա ՏԻՄ ընտրությունների գլխավոր խնդիրը հենց սա պետք է լինի։ Ոչ միայն՝ ով ում կհաղթի, այլ՝ ինչպիսի մարդկանց ենք տալիս համայնքի հողը, բյուջեն, գույքը և վարչական իշխանությունը։
Մեղրիի գործը դեռ քննվում է։ Բայց նրա քաղաքական դասը արդեն պարզ է։ ՏԻՄ ընտրությունը միայն քաղաքապետ ընտրելը չէ։ Դա որոշում է՝ համայնքը օրենքո՞վ է կառավարվելու, թե՞ մարդկանց ու կապերի միջոցով։

Բաց մի թողեք
Խաղաղությունը պետք է ամրագրվի սահմանին, ոչ թե տեղափոխվի սահմանադրական տիրույթ
Աղբավայրը պետք է հարստացնել իշխանական համակարգով
Զատուլինը բարձրաձայնեց այն, ինչ պաշտոնական Մոսկվան ամիսներ շարունակ չի ասում