10/09/2026

EU – Armenia

Ֆրանսիայի հետ այսօր կառուցվում է հարաբերություն, որն ունի դաշնակցության իրական բովանդակություն

Երեկ ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Ելիսեյան պալատում հերթական բարձր մակարդակի հանդիպում չէ։ Այն տեղի է ունենում այն պահին, երբ հայ-ֆրանսիական հարաբերությունները բարեկամությունից անցել են ռազմավարական գործընկերության իրական բովանդակության։

Ֆրանսիան Հայաստանի պայմանագրային ռազմական դաշնակիցը չէ։ Բայց վերջին տարիներին այն ավելի ու ավելի հաճախ իրեն պահել է այնպես, ինչպես փոքր պետությունը ակնկալում է իրական ռազմավարական գործընկերոջից՝ քաղաքական աջակցություն Հայաստանի ինքնիշխանությանը, պաշտպանական համագործակցություն, ռազմական կարողությունների զարգացում, եվրոպական կառույցներում աջակցություն և ներդրում կարևոր ենթակառուցվածքներում։

Հակադրությունը Ռուսաստանի հետ այլևս դժվար է չնկատել։ Մոսկվայի հետ Հայաստանը տարիներ շարունակ ուներ դաշնակցային պայմանագրեր, բայց ամենածանր փորձությունների ժամանակ այդ դաշինքը կորցրեց իր բովանդակությունը։ Ֆրանսիայի դեպքում տեղի ունեցավ հակառակը՝ առանց դաշնակցային պայմանագրի ձևավորվեց ավելի ու ավելի դաշնակցային վարքագիծ։

Ֆրանսիան Հայաստանի կողքին էր այն տարիներին, երբ երկիրը անցնում էր իր ամենածանր անվտանգային ճգնաժամերի միջով։ Մակրոնը Հայաստանի հարցը պահել է իր քաղաքական օրակարգում, և հենց այդ տարիներին ձևավորվեց այն վստահությունը, որի վրա այսօր արդեն կառուցվում են պաշտպանական, տնտեսական և տեխնոլոգիական ծրագրեր։

Այսօրվա հանդիպման օրակարգն այդ նոր փուլի մասին է։ XXI դարում տիեզերքը կապ է, դիտարկում, տվյալ, նավիգացիա, անվտանգություն և տեխնոլոգիական ինքնիշխանություն։ Հայաստանի հետաքրքրությունը Ֆրանսիայի հետ այս ոլորտում առարկայական համագործակցության նկատմամբ նշանակում է, որ հարաբերությունները մտնում են արդեն բարձր տեխնոլոգիական մակարդակ։

Նույնքան կարևոր է Բարգուշատի թունելը։ Հյուսիս-հարավ ճանապարհի այս հատվածը միայն շինարարական ծրագիր չէ։ Այն Հայաստանի տրանսպորտային ապաշրջափակման, տնտեսական դիվերսիֆիկացիայի և տարածաշրջանային կապակցվածության մաս է։ Եթե ֆրանսիական մասնակցությունն այստեղ հաջողվի, այն կարող է նախադեպ դառնալ այլ խոշոր ենթակառուցվածքային նախագծերի համար։

Հենց սա պետք է լինի հայ-ֆրանսիական հարաբերությունների հաջորդ բանաձևը՝ պաշտպանությունից դեպի ենթակառուցվածք, ենթակառուցվածքից դեպի տեխնոլոգիա, տեխնոլոգիայից դեպի տնտեսություն։

Ֆրանսիայի նշանակությունը նաև Եվրոպական միության համատեքստում է առանձնահատուկ։ Փարիզը ԵՄ քաղաքական ու ռազմական ծանրության գլխավոր կենտրոններից մեկն է։ Հայաստանի հետ Ֆրանսիայի խորացող հարաբերություններն այդ պատճառով նաև Հայաստանի եվրոպական վերադիրքավորման կարևոր հենարան են։

Հատկանշական է նաև, որ այս փուլում Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նոր դեսպանը՝ ռազմավարական և պաշտպանական ոլորտներում փորձ ունեցող դիվանագետ։ Սա ևս համապատասխանում է հարաբերությունների նոր բնույթին։

Այժմ Փաշինյանի և Մակրոնի խնդիրը պետք է լինի հաջորդ փուլի հստակեցումը՝ ավելի խոր պաշտպանական համագործակցություն, ֆրանսիական ներդրումներ էներգետիկայում և արդյունաբերությունում, ենթակառուցվածքային նախագծեր, բարձր տեխնոլոգիաներ և տիեզերական համագործակցություն։

Հայաստանին այսօր նոր հովանավոր պետք չէ։ Նրան պետք են գործընկերներ, որոնց հետ հարաբերությունները մեծացնում են Հայաստանի ինքնուրույնությունը, ոչ թե մի կախվածությունը փոխարինում մյուսով։

Ռուսաստանի հետ Հայաստանը երկար տարիներ ուներ դաշնակցի անունը։ Ֆրանսիայի հետ այսօր կառուցվում է հարաբերություն, որն ավելի ու ավելի շատ է ստանում դաշնակցության իրական բովանդակություն։