10/09/2026

EU – Armenia

Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին․ Լուսանկար

Մեզ դիմած քաղաքացին (նրա ցանկությամբ՝ անունը չենք հրապարակում) պատմեց, որ իրեն ու եւս 6-7 հոգու սեպտեմբերի 7-ին ոստիկանության Կենտրոնի բաժին են տարել՝ ժամը 22։00-00։00-ն պահել, որտեղ էլ բռնություն են կիրառել իրենց նկատմամբ։

Հրապարակ թերթը գրել է․ Նա 10 տարուց ավելի Երեւանի ծայրամասում «պարկովշչիկ» է աշխատում՝ այդպես վաստակելով օրվա հացը։ Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության աշխատակիցները՝ նրանց ղեկավար Ավետ Բաբայանի հետ, իրեն եւ մյուս «պարկովշչիկներին» պարբերաբար տարել են ոստիկանության բաժիններ, վարչարարություն իրականացրել, տուգանել, ասել, որ այլեւս չզբաղվեն այդ «գործով», սակայն օրվա հացի խնդիրը լուծելու համար նրանք շարունակել են աշխատել։

Հերթական «նախազգուշացումը» Բաբայանն արել է սեպտեմբերի 7-ին՝ այս անգամ՝ ինքն անձամբ ծեծելով ու նվաստացնելով այս անձանց: «Քաղաքապետարանի աշխատողները տարան մեքենայով Կենտրոնի բաժին, նույն ձեւի գրեցին, արձանագրեցին, արդեն ուզում էինք գնայինք, մեկ էլ քաղաքապետարանի աշխատողներն ասեցին՝ մի րոպե սպասի, իմ հետեւից բերեցին 6-7 հոգի պարկովշչիկ։ Քաղաքապետարանի աշխատողներից մեկը եկավ՝ բռունցքով խփեց փորիս, ասեց․ «Լավ պրես ունե՞ս»։ Հետո ասեց՝ 10 րոպեից կտեսնես հալդ, ու ասեցին՝ հեռախոսներդ հանեք, որ չնկարեք, չձայնագրեք։ Սաղին շարեցին 4-րդ հարկի միջանցքում, հետո եկավ Ավետ Բաբայանը՝ մի քանի հոգու հետ, բոլորին քֆուրներ տվեց` ամեն մեկին հերթով ասեց ու սկսեց հերթով խփել։ Մեկը լացում էր, ասում էր՝ մի լացի, հաջորդ անգամ ուրիշ տեղ կտանեմ։ Խփողը մենակ ինքն էր։ Եկավ, ինձ մոտեցավ, 2 անգամ խփեց ծնոտիս։ Մարդ կար էնտեղ, որից արյուն էր գալիս։ Հետո իր աշխատողներին ասեց՝ սրանց թողեք՝ գնան: Չեմ ասում էլ էդ քֆուրները, ասեց՝ հաջորդ անգամ ուրիշ տեղ ա խոսացվելու։ Ոստիկանները էշի նման կանգնած` նայում էին․․․ Ինքն իրավունք ունի՞ գալ Կենտրոնի բաժին, բոլորի ներկայությամբ խփի»։ Ըստ մեր զրուցակցի՝ ոստիկանները դիտորդի դերում են եղել, ոչ ոք իրենց չի մոտեցել, ոչինչ չի ասել, չի խանգարել քաղաքապետարանի աշխատակցին։

Դեպքի վերաբերյալ ՆԳՆ-ից հաստատեցին․ սեպտեմբերի 7-ին քաղաքապետարանի գործընկերների հետ հերթական համատեղ միջոցառումն է իրականացվել․ «Քաղաքապետարանի գործընկերների հետ պարբերաբար նման միջոցառումներ իրականացվում են, հերթականը եղել է նաեւ սեպտեմբերի 7-ին»։ Սակայն «պարկովշչիկների»՝ բաժնում ծեծի ենթարկվելու վերաբերյալ մեկնաբանություն չտվեցին․ «Չենք մեկնաբանում»։ Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության բաժնի ղեկավար Ավետ Բաբայանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Հիշեցնենք, որ 2025-ին Բաբայանը կրկին սկանդալի կենտրոնում էր հայտնվել․ քաղաքապետի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ հայհոյախառն ու սպառնալից հաղորդագրություններ է ստացել Ավետ Բաբայանից, որից հետո հարձակվել են իր վրա՝ անհայտ անձը ծեծի է ենթարկել իրեն, եւ ինքը վստահ է, որ կազմակերպիչն Ավետ Բաբայանն է։ Վերջինս հերքել էր իր առնչությունը, սակայն դրանից հետո Տիգրան Ավինյանը նրան խիստ նկատողություն էր տվել։

«Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին