«Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ այն, ինչ հայկական է, հեռացնեն հայրենիքից, լինեն դա ազգային սիմվոլները, լինի Արցախը, լինեն Հայաստանի հողատարածքներն ու Հայաստանի քաղաքացիները, որոնք Հայաստանից դուրս են ապրում, լինեն սփյուռքահայերը:
Սա համատարած մի կեցվածք է, ամեն ինչ անում են, որ օտարեն մեր ժողովրդին իր հայրենիքից, անկախ նրանից՝ սփյուռքից են նրանք, թե Հայաստանից»,- ասում է The California Courier թերթի հիմնադիր խմբագիր Հարութ Սասունյանը` մեկնաբանելով ՀՀ կառավարության մտադրությունը` 5-10 անգամ բարձրացնելու ՀՀ քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու համար սահմանված պետական տուրքերը: Ինչպես հայտնի է, այդ օրենսդրական փոփոխությունների նախագիծն արդեն ներկայացված է հանրային քննարկման:
Հրապարակ թերթը Հարութ Սասունյանի հետ զրուցել է այս թեմայի շուրջ:
– Այս նոր կարգավորումներով, երբ սփյուռքահայից պահանջում են Հայաստանում ապրելու ստաժ ու մեծ տուրքեր (քաղաքացիություն ստանալը 50 հազար դրամից դառնալու է 250 հազար, քաղաքացիության դադարեցումը՝ 150 հազարից` 1 մլն 500 հազար), տպավորություն է, թե իշխանությունը փակում է հայրենիքի դռները։ Սա սփյուռքին պետությունից կտրելու միտումնավոր քա՞յլ է, թե՞ քաղաքական վախեր: Ինչո՞ւ է կառավարությունն այսպիսի արգելքներ հորինում սփյուռքի հայերի համար։
– Դուք տեսաք հունիսի 7-ի ընտրություններից առաջ, որ Հայաստանի քաղաքացիներին, որոնք գալիս էին Հայաստան՝ ընտրությանը մասնակցելու, որոնց մեկ մասը, եթե ոչ մեծ մասը, ապրում է Մոսկվայում, չէին թողնում, որ գան ու քվեարկեն՝ ասելով, որ պետք է նախ զինվորական վարժության գնան: Բայց դա պատճառաբանություն էր, որպեսզի չթողնեին, որ ընտրեն, մինչդեռ քաղաքացու տարրական իրավունքն է ժողովրդավար երկրում, որ իր քվեարկելու իրավունքն օգտագործի: Առանց ամաչելու, Փաշինյանն ամեն օր խոսում է ժողովրդավարության մասին, մինչդեռ նա ժողովրդավարությունից շատ հեռու մարդ է, ավելին՝ բռնապետ է: Ամեն որոշումները պետության բոլոր նախարարությունների, ԱԺ-ի, նախագահի, դատարանների փոխարեն ինքն է ընդունում, միանձնյա: Այս մարդն ինչ ուզում է, անում է, որովհետեւ ունի իշխանության լծակներ, անսահման միջոցներ, որոնք պատկանում են ժողովրդին, ոչ թե իրեն, ունի հազարավոր ոստիկաններ, որոնց հավատարմությունն իր հանդեպ պահպանելու համար բոնուսներ է տալիս:
– Սփյուռքին ուղղված` առավելություններ տվող ոչ մի քայլ չե՞ք տեսնում ՀՀ կառավարիչների գործունեության մեջ:
– Նա չի թողնում նույնիսկ, որ քաղաքացին գա ու ընտրի ընտրության օրը, ուր մնաց, որ սփյուռքին ավելի ընդառաջեն, որոշ առավելություններ տալով: Դա բացառված է, այս իշխանությունների մոտ նման բան երբեք չի լինելու: Արսեն Թորոսյանը մայիսին Ազգային ժողովում ելույթ ունեցավ, որում ասաց, որ մենք պետք է դուրս գանք մեր մոնոէթնիկ իրավիճակից եւ ներգաղթ կազմակերպենք, որ հարյուր հազարավոր օտարներ գան Հայաստան: Ունենք 7 մլն սփյուռքահայեր, եւ ոչ միայն չեն փորձում, որ սփյուռքահայերը Հայաստան փոխադրվեն, այլեւ ամեն ինչ անում են, որ ավելի խոչընդոտեն այն սփյուռքահայերին, որոնք ուզում են Հայաստան գալ, ի տարբերություն Իսրայելի, որը, մեկ հրեա անգամ եթե Իսրայել է գալիս, անմիջապես մուտքին արդեն պասպորտը տալիս են: Այդպես պետք է լինի: Եթե մտահոգ են, որ Հայաստանի բնակչության աճը բավարար չէ, թող մտածեն, թե ինչ կարող են անել, որ մեր սփյուռքահայ հայրենակիցների առնվազն մի մասը տեղափոխվի Հայաստան:
– Զարեհ Սինանյանը սփյուռքի գործերով հանձնակատարն է: Երեւի թե նա պետք է զբաղվի Ձեր ասած խնդրով, ոչ թե՝ Արսեն Թորոսյանը: Ի՞նչ է անում նա, նրա աշխատանքը Դուք զգո՞ւմ եք:
– Զարեհ Սինանյանը մի քանի տարի առաջ երբ մեկնեց Լիբանան, մի լրագրողի հարցազրույց տվեց ու ասաց, որ ուզում են, որ արաբները ներգաղթեն Հայաստան: Այստեղ երկու խնդիր կա: Մեկն այն է, որ Զարեհ Սինանյանը սփյուռքի գլխավոր հանձնակատարն է եւ ոչ մի կապ չունի օտարազգիների՝ Հայաստան ներգաղթելու հետ: Դա՝ ներգաղթը, այլ պաշտոնի աշխատանք է, իր գործը չէ: Իր գործը միայն հայերի հետ է, պետք է Հայաստանի ու սփյուռքի միջեւ կամուրջ լինի ինքը, բայց նա չի հասկանում դա: Օրինակ, նա պետք է խոսեր ոչ թե արաբներին Հայաստան բերելու մասին, այլ, թե ինչ անենք, որ սփյուռքահայերին քաջալերենք, որ Հայաստան փոխադրվեն: Դա է իր գործը: Տասնյակ օրինակներ կան, որ մեր իշխանություններն ամեն ինչ անում են՝ խոչընդոտելու սփյուռքահայերի ներգրավումը Հայաստանի կյանքի մեջ, եւ հեռացնում են մեզ, խանգարում են:
– Տեսեք, նոր կարգավորումներով՝ ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ ազգությամբ հայ անձը՝ ՀՀ-ում բնակություն հաստատելու պահից, իսկ այդ պահը համարվում է առնվազն 366 օր փաստացի գտնվելը: Այսինքն, ազգությամբ հայն այսքան պետք է բնակվի Հայաստանում, որ նոր ստանա քաղաքացիություն։ Սա ինչպե՞ս կգնահատեք:
– Սա անիմաստ մի բան է: Եթե որեւէ մեկն ուզում է ՀՀ քաղաքացի լինել, Հայաստանի կառավարությունը պետք է քաջալերի, անկախ նրանից՝ այդ մարդն ապրո՞ւմ է Հայաստանում, թե՞ ոչ, որովհետեւ այդ փաստաթուղթը՝ ՀՀ անձնագիրը, որ ես ունեմ, մեծ սիմվոլիկ արժեք ունի: Այդ թուղթը քեզ կապում է քո հայրենիքի հետ, զգում ես, որ քո հայրենիքի մասն ես, անկախ, թե ուր ես ապրում:
– Նոր կարգավորումների ֆինանսական մասի վերաբերյալ ի՞նչ կասեք: Այդքան բարձր տուրքեր դնելու նպատակը ո՞րն է․ 250 հազար՝ քաղաքացիություն ստանալու, 1,5 մլն` հրաժարվելու:
– Հայտնի է, որ պետությունը փորձում է նոր եկամուտների աղբյուրներ գտնել, դա է նրանց դարդը, որեւէ առիթ, որ գտնում են այդ փողերը հավաքելու համար, անկախ, թե ումից են հավաքում՝ սփյուռքահայից, թե հայաստանցուց: Այստեղ մի հսկայական նյութ էլ կա, որ շատերը չեն թափանցել: Երբ ասում են, որ քաղաքացիությունից հրաժարվելը 1,5 մլն դրամ է, նախ՝ այն քաղաքացիները, որոնք մեկնել են Հայաստանից, ի՞նչ պատճառ ունեն, որ 1,5 մլն դրամ տան, որ հրաժարվեն: Եթե մարդն արդեն տեղափոխվել է ու ապրում է, ասենք, Լոս Անջելեսում, ինչո՞ւ նա պետք է 1,5 մլն դրամ տա ու հրաժարվի քաղաքացիությունից: Պետությունը կարող է այդ անձնագիրն ուղղակի չնշել, անտեսել, դա պետության գործն է: Բայց կա մի խոր հարց. ԱՄՆ կառավարությունը վերջին ամիսներին խոսում է երկքաղաքացիությունն արգելելու մասին: ԱՄՆ-ում կա մոտ 300 հազար ՀՀ քաղաքացի: Եթե վաղը Թրամփը, որը հազար ու մի անիմաստ բաներ է անում, որոշի, որ որեւէ մեկը չպետք է երկքաղաքացի լինի, ապա մենք ունենք ԱՄՆ-ում մի քանի հարյուր հազար երկքաղաքացիներ: Եվ եթե այդ նոր օրենքն ընդունվի ԱՄՆ-ի կողմից, ամերիկյան կառավարությունը կդիմի օտար երկրներին, ներառյալ՝ Հայաստանին, ու կխնդրի, որ իրեն ուղարկի բոլոր երկքաղաքացիների ցուցակը: Այդ դեպքում կպահանջվի, որ մարդը փաստաթղթավորի քաղաքացիությունից հրաժարվելը: Այդ ժամանակ մի քանի հարյուր հազար հայաստանցի պարտավոր կլինի՝ յուրաքանչյուրը 1,5 մլն դրամ վճարել՝ մոտ 4 հազար դոլար, ու մի քանի մլրդ դոլար կստանա Հայաստանի պետությունը: Սա հսկայական եկամուտ է Հայաստանի կառավարության համար, որը ջրի պես փող է ծախսում, բոնուսներ է տալիս՝ պարգեւավճարներ, ու հիմա էլ գտել է եկամտի նոր աղբյուր՝ քաղաքացիությունից հրաժարվողների հաշվին: ԱՄՆ-ից զատ, ՀՀ քաղաքացիների ավելի մեծ համայնքը Ռուսաստանում է: Ու եթե վաղը Ռուսաստան-Հայաստան հարաբերություններն ավելի վատանան, Պուտինը կարող է ինքն էլ մի օրենք հանել, որով կարգելի ՌԴ-ում երկքաղաքացի լինելը: Այդ դեպքում ՌԴ-ի հայերը՝ մոտ 2 մլն քաղաքացի, պարտավոր կլինեն Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու: 2 մլն ՀՀ քաղաքացի, ամեն մեկը՝ 4 հազար դոլար, 8 մլրդ դոլար է ստացվում, ու սա մեծ պրոբլեմ կլինի հայության համար: 21-րդ դարում ենք ապրում, մարդիկ մի տուն ունեն Ֆրանսիայում, մի տուն՝ Լիբանանում, Կանադայում, մի քանի ամիս մնում են Հայաստան, մի քանի ամիս՝ այստեղ, եւ այս դարաշրջանում ոչ մի իմաստ չկա՝ պարտադրել մարդուն, որ նա մնայուն կերպով նույն տեղում ապրի:
– Դուք հեռվից մանրամասն հետեւում եք Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ ապօրինի ունեցվածքի բռնագանձման պատրվակով իրականացվող քայլերին։ Որպես ԱՄՆ քաղաքացի՝ ինչպե՞ս եք գնահատում իրավական այս պատկերը եւ հետընտրական շրջանի ձերբակալությունները։
– Ես մանրամասն հետեւում եմ, թե ինչ է տեղի ունենում: Հունիսի 7-ի ընտրություններից դեռ ամիսներ առաջ իշխանությունները սկսեցին ձերբակալել հարյուրավոր քաղաքացիների՝ ասելով, որ իրենք կաշառք են տվել, որպեսզի մարդիկ իշխանության դեմ քվեարկեն: Այս հարյուրավոր մարդկանցից գոնե մեկ հոգու վերաբերյալ չկա դատավճիռ: Դատ չի եղել: Նշանակում է՝ նրանք բոլորը, մինչեւ չդատվեն, անմեղ մարդիկ են: Ապա, ինչն ավելի մեծ հանցանք է իշխանության կողմից, ձերբակալվում են մեծահարուստ մարդիկ՝ պարոն Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, ասելով, որ ապօրինի ունեցվածք ունեն: Սա ընդամենը ամբաստանություն է, դատը դեռ չի եղել, բայց այդ մարդկանց ձերբակալում են ու իրենց ունեցվածքը վերցնում են նրանց ձեռքից: Ինչի՞ հիման վրա, եթե դատ չի եղել: Ո՞նց կարելի է անմեղ մարդուն ձերբակալել ու գրավել ունեցվածքը՝ ասելով, որ ապօրինի է, երբ չկա դատավճիռ: Ապօրինի է այն, ինչ որ պետությունն է անում:
– Դե, ունեցվածքը խլելու համար էլ անում են…
– Այո, դա էլ եկամտի աղբյուր է: Երբ որ Փաշինյանն ԱԺ պատգամավոր էր, անընդհատ ոտքի էր կանգնում, ասում էր՝ էս ի՞նչ է անում էս իշխանությունը, միլիոնավոր պարտքեր է վերցնում միջազգային կազմակերպություններից, ո՞նց պետք է վճարենք, դա մնալու է մեր ապագա սերունդների վզին, եւ այլն: Բայց այն ժամանակ պարտքը 7,7 մլրդ էր: Մոտ 30 տարում նախկին իշխանությունները մոտավորապես 7 մլրդ էին պարտք արել: Հիմա Փաշինյանը, որն անընդհատ խոսում էր պարտք անելու դեմ, 8 տարում կրկնապատկեց այդ 7 մլրդ-ն, դարձրեց 14 մլրդ, եւ սա էլ անիմաստ ու անպատասխանատու, սխալ գործելակերպ է:

Բաց մի թողեք
Կառավարությունն աշխատում է միայն իշխանությունը պահելու համար
Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել
Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում