Արցախն ուրացած, բազմահազարամյա հայաբնակ ու հայաբնիկ Արցախը թշնամուն հանձնած ու հայաթափության հանգեցրած փաշինյանական իշխանությունը հերթական անգամ թիրախավորել է ՀՅ Դաշնակցությանը:
«Փաստ» օրաթերթը գրում է. Հարցը միայն այն չէ, որ նախօրեին ՔՊ խմբակցության ներկայացուցիչներից մեկը (կրկնենք՝ բոլորը նույնն են) հայտարարեց, թե՝ «Դաշնակցականությունը պետք է մինչև արմատներն արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից»:
Այն, որ տեղի ունեցածն ամենևին էլ առանձին քպականի անհատական բռնկում չէր, ապացուցվեց շատ արագ: Քպական ծափահարությունները շարունակություն ստացան. իշխանությունների քարոզչական «աթսները» անցան համակարգված գրոհի՝ թիրախավորելով հայկական ամենաերկարակյաց կուսակցությանը: Մակարդակի մասին չխոսենք, դա ավելորդ շռայլություն կլինի: Ըստ այդմ, առավել ակնհայտ դարձավ, ՀՅԴ-ի թիրախավորումը պատահականություն չէ, առավել ևս՝ մեկ անձի նախաձեռնություն չէ (դա ՔՊ-ի դեպքում բացառվում է): Սա օրինաչափ է՝ հաշվի առնելով ամենայն ազգայինի դեմ իշխող կուսակցության ծավալած ագրեսիվ պայքարը, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ բացահայտ պատերազմը: Այդ համատեքստում ՀՅ Դաշնակցությունը, որ նաև ցանցային, համահայկական կառույց է, որ ազգային հիմքերի ու նպատակների վրա է գաղափարապես խարսխված, որ ազգային ինքնության, նաև երկրի պաշտպանության հարցերում մշտապես առաջին ճակատում է եղել ու կա, չէր կարող չթիրախավորվել այս իշխանության կողմից:
Հարցը, ճիշտ հասկանանք, Դաշնակցությանը ՔՊ-ի հարձակումներից պաշտպանելը չէ: Հազիվ թե այս կուսակցությունը պաշտպանության կարիք ունի: Առավել խորքային խնդիրներ կան, որոնք շատ մտահոգիչ են: Նախ՝ իշխող քաղաքական ուժն իրեն թույլ է տալիս, ինչպես ընդդիմադիր պատգամավորներն ու այլ քաղաքական գործիչներ նկատեցին, ֆաշիստական բնույթի հայտարարություններ, ընդդիմադիր քաղաքական ուժի գործունեությունն արգելելու (արմատախիլ անելու) անթաքույց սպառնալիքներ, անում է ներհասարակական ատելություն և անհանդուրժողականություն քարոզող արտահայտություններ (դե, այս վերջինը նորություն չէ):
Հա, ի դեպ, նույն քպականը ՀՅԴ մասին խոսելիս օգտագործեց «աղետաբեր», «կոնֆլիկտածին» բառերը: Չէ, լո՞ւրջ: Ախր, ո՞վ, այդ ո՞ր ուժի ներկայացուցիչն է խոսում նման բաներից: Անընդհատ, ամենօրյա ռեժիմով աղետ բերած ու բերող, «Եռաբլուրը» բազմապատկած, մեր զոհերին «պյուսմինուսով» հաշվող, Արցախը բեռ համարող, պարտությամբ հպարտացող քաղպայմանագրայիննե՞րը: Երբեմն այնպիսի տպավորություն է, որ քպականները հայելու առջև կանգնում են ու նոր ընդդիմության մասին խոսում: Երեկվա օրն էլ, ի դեպ, դա հավելյալ անգամ ապացուցեց:

Բաց մի թողեք
Ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանը չգիտի՞ …
Ինչո՞ւ խոշորացնել խոշորը. վանաձորյան մանիպուլյացիաներ
Լկտիության աղբյուրը դուք եք