17/09/2026

EU – Armenia

Լկտիության աղբյուրը դուք եք

Ի՜նչ հաճույքով է մարդը «Քյարքի» բառն արտաբերում` հոգու խորքից: Ինչպե՜ս է թքում հայ ժողովրդի ճակատին` «Քյարքի է` Քյարքի եմ ասում»:

Հրապարակ թերթը գրել է․ Ի՜նչ վերամբարձ տոնով է հայտարարում, թե Քյարքի ասելով, փակել է էսկալացիայի վերջին հնարավորությունը՝ անգամ չգիտակցելով, որ խուրմա ասելիս բերանդ չի քաղցրանում, եւ ինքը չի որոշում` էսկալացիա լինի, թե չլինի, Քյարքին հանձնվի, թե չհանձնվի, հաջորդը որ հատվածը հանձնվի, որտեղ «սահմանազատում» իրականացվի, ինչ քարտեզով իրականացվի եւ այլն:

Եթե ուրիշ ոչ մի բան չլիներ, ապա միայն մեկ փաստ` Ջերմուկի, Սեւ լճի ու Վարդենիսի հատվածներում ՀՀ սուվերեն տարածքում նստած ադրբեջանական զորքը բավական կլիներ, որ ցանկացած իշխանություն ամոթից գլուխը կախեր, իրեն մեղավոր զգար, զղջման խոսքեր ասեր, հասկանար, որ ամենակարեւոր անելիքը չի արել` ձախողել է իր խոստումները, եւ դա նաեւ վկայում է այն մասին, որ ինքն այլեւս չի տիրապետում իրավիճակին:

Բայց տեսեք՝ ինչ խրոխտ ու ճակատը բաց` ինքնավստահ հայտարարություններ է անում, գնում-հասնում 90-ականներ, 2000թ. եւ մեղադրանքներ ուղղում նախկին իշխանություններին, խոսակցությունը տեղափոխում Ռոբերտ Քոչարյանի կոշիկների եւ Լեւոն Քոչարյանի կոստյումի թեմային, հայտարարում, որ ոնց ասեմ, նենց էլ վարելու եք, որտեղով ասեմ, էդտեղով էլ քայլելու եք: Ձեր կարծիքով, այս անսահման ցինիզմն ու օրենքները, Սահմանադրությունը խախտելու «համարձակությունը» որտեղի՞ց է գալիս: Գալիս է հունիսի 7-ի արդյունքներից:

Ինչքան էլ մենք պնդենք, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, տոտալ բռնաճնշումներ են գործադրվել, եւ ԲՀԿ-ի 60 հազար ձայնն էլ անամոթաբար գողացվել է, ամեն դեպքում, պետք է արձանագրենք, որ մի հսկա զանգված ՔՊ-ին ձայն է տվել եւ այս լկտիության համահանցակիցն է: