Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիր եւ Արաքս խոշորացված համայնքներում։ 2 համայնքում էլ ՔՊ-ի թեկնածուները գործող ղեկավարներն են. Վարշամ Սարգսյանը՝ Արմավիրում, Ղազար Ղազարյանը՝ Արաքսում:
Հրապարակ թերթը գրել է․ Տեղեկացանք, որ այս համայնքներում ընդդիմությունը, մասնավորապես` «Ուժեղ Հայաստանը», չի առաջադրվելու: Տոտալ ճնշումներ են իրականացվել ընդդիմադիրների նկատմամբ, եւ նրանք չեն կարողացել մարդկանց համոզել, որ առաջադրվեն: Մարդիկ վախենում են քրեական հետապնդումներից, աշխատատեղ կորցնելուց:
Ընտրություններին ընդառաջ, 2 համայնքապետերն էլ լծվել են համայնքները «բարեկարգելու» գործին: Արմավիր քաղաքում ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ են ակտիվորեն ընթանում, բազմաբնակարան շենքերի բակային տարածքների սանմաքրման աշխատանքներ:
Օգոստոսի 30-ին համայնքապետը Տաթեւ Ասատրյանի մենահամերգն էր կազմակերպել, սեպտեմբերի 1-ից էլ ուսանողներին անվճար երթուղով ապահովեցին: Իսկ ովքեր են համայնքապետի իշխանական թեկնածուները:
Վարշամ Սարգսյանը 2005-2011թթ. սովորել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում» բաժնում։ Ավարտելուց հետո աշխատել է ՖԻՆՔԱ ունիվերսալ վարկային կազմակերպությունում:
2018 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո` հուլիսի 13-ից նշանակվել է Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալ, 2021 թվականին` նույն համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, որից հետո՝ 2024 թվականի հունվարի 15-ին, Արմավիրի ավագանու կողմից ընտրվել է Արմավիրի ղեկավար։
Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանն էլ է այս օրերին ակտիվ հանդիպումներ ունենում համայնքի բնակիչների հետ, փորձում է Արմավիրի համայնքապետից ոչ մի հարցում հետ չմնալ, նա նույնպես ուսանողների համար անվճար տրանսպորտ է հատկացրել. «Արաքս համայնքի սիրելի՛ բնակիչներ։ Տեղեկացնում ենք, որ մեկնարկել են անվճար ուսանողական տրանսպորտի գործարկման աշխատանքները։ Անվճար ուսանողական ավտոբուսների գործարկման աշխատանքները պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով՝ խնդրում ենք Արաքս համայնքի այն բնակիչներին, ովքեր սովորում են Երեւանում՝ միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում, երկօրյա ժամկետում հաշվառվել իրենց բնակավայրերի վարչական գրասենյակներում»։
Ղազար Ղազարյանը, սակայն, պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում:
Մամուլում գրվեց, որ ծեծկռտուք է տեղի ունեցել Արաքս խոշորացված համայնքի ղեկավարի մասնակցությամբ: «Դատալեքսից» տեղեկացանք, որ Ղ․ Ղազարյանը պետությանը՝ ի դեմս Արմավիրի մարզի Գայ համայնքի, անզգուշությամբ պատճառել է էական վնաս. Կարինե Սարգսյանը 2023 թ․ ապրիլի 10-ին Գայ համայնքի հողային ֆոնդից 0.09358 հա հողամասի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք եւ ստացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման № 10042023-04-0061 վկայական, որի պայմաններում համայնքը զրկվել է հիշյալ հողատարածքից: Ղազար Նշանի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 446-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքի կատարման համար: Սակայն դատական նիստերը մինչ օրս տարբեր պատճառներով հետաձգվում են՝ հանրային մեղադրողի աշխատանքային ծանրաբեռնվածության, վկաներին ծանուցելու հետ կապված պատճառաբանություններով կամ մեղադրողի միջնորդության հիմքով։ Հերթական դատական նիստը հոկտեմբերի 1-ին է նշանակված: ՔՊ-ն, փաստորեն, ոչ մի բանի առաջ կանգ չի առնում` անգամ քրեական մեղադրանքը վրան՝ դատվող անձանց է համայնքապետի թեկնածու առաջադրում:


Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը պատժում է իրեն քվե տված աղքատ, տգետ զանգվածին
Անհավասար աշխատավարձերը սաբոտաժի են հանգեցնելու. Լուսանկար
Աբսուրդն արդեն հյուր չէ, այլ տանտեր է մեր երկրում