05/11/2026

EU – Armenia

ՀՀ-ն պետական սահման չունի, սկանդալային հայտարարություն չեմ անում, տենց ա․ Միքայելյան

Հայաստանը դեռևս գտնվում է անկախ պետականության ձևավորման փուլում։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը։

Նրա խոսքով՝ ցանկալի է, որ Հայաստանը վերջնականապես ունենա պետական սահմաններ և կարողանա ամբողջությամբ անկախ պետություն լինել։

Միքայելյանը նշել է, որ անկախության համար պայքարած ազատամարտիկներն ու երկրապահները իրենց առջև դրված խնդիրն արել են, սակայն, նրա գնահատմամբ, հետագա քաղաքական գործընթացները պետք է հասցվեին վերջնական արդյունքի։

«Ազատամարտիկներն ու երկրապահներն իրենց գործը փայլուն արել են անկախության համար, բայց քաղաքական գործիչները պետք է այն տանեին մինչև վերջնական հաղթանակ»,– ասել է նա։

Միաժամանակ Միքայելյանը հարց է բարձրացրել՝ արդյոք հնարավոր է պետությունը լիարժեք անկախ համարել, եթե այն չունի միջազգայնորեն ճանաչված պետական սահմաններ։

«Մենք ասում ենք՝ անկախ ենք։ Բայց կա՞ օրինական, միջազգայնորեն ճանաչված պետական սահման»,– նշել է նա։

Լրագրողի դիտարկմանը, թե առանց պետական սահմանների առկայության դեպքում ինչպես է Հայաստանը համագործակցել միջազգային կառույցների հետ, Միքայելյանը պատասխանել է, որ երկիրը երկար տարիներ, իր գնահատմամբ, գտնվել է մեկ այլ պետության ազդեցության ներքո։

«Մենք եղել ենք ուրիշ պետության վասալ։ Այս տարիների ընթացքում ինչ թելադրել են, արել ենք»,– ասել է նա։

«Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. չկա պետություն, որ առանց պետական սահմանների անկախ է: 2020 թվականից մինչև այսօր մենք մեր ծառայությունը տանում ենք, որ վերջնականապես գնանք սահմանազատման, արդյոք կա՞ պետություն, որ առանց պետական սահմանների միջազգայնորեն ճանաչված անկախ է: Մենք ասում ենք, որ 35 տարի է՝ անկախ ենք, ունեցե՞լ ենք պետական սահման, մեզ ուրիշ պետությունը ինչ թելադրել է, այն էլ արել ենք այս տարիների ընթացքում:

Մենք պետական սահման ունե՞նք, մեր զինծառայողները կանգնած են այնտեղ, որտեղ պետք է սահմանազատում լինի, կարողանանք սահմանազատման գնալ: Ես գիտեմ, թե այս սահմանները ոնց են պահվել, ես մահվան ընդառաջ եմ գնացել, ես ասում եմ, որ նախորդ քաղաքական գործիչները պետք է այդ ամենը անեին, ոչ թե ալան-թալանով զբաղվեին»,- նշել է Միքայելյանը: