Հոկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն կոմիտեն 4 անձ էր ձերբակալել, այդ թվում՝ Երեւանի պետական համալսարանի երկու ամբիոնի վարիչների՝ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանին եւ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանին, որոնք նաեւ մերձավորներ են` Էդիկ Մինասյանը Վարդան Այվազյանի կնոջ հայրն է։
Հրապարակ թերթը գրել է․ Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ ասել էին, որ նրանք մեղադրվում են կաշառք վերցնելու եւ կաշառք ստանալուն օժանդակելու համար: Ժամեր անց դատարանն Այվազյանի համար երկամսյա կալանք սահմանեց, Մինասյանին` տնային կալանք:
Հիշեցնենք, որ սահմանադրագետ Վարդան Այվազյանը հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին մասնակցում էր Սուրեն Պետրոսյանի «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ցուցակով: Նա ցուցակի երկրորդ համարն էր: Նշենք, որ Վարդան Այվազյանը ժամանակին քննադատում էր իշխանություններին, իսկ Էդիկ Մինասյանը ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի եղբայրն է։ Մեր տեղեկություններով` ուսանողներից մեկը բողոք է ներկայացրել, թե իբր Վարդան Այվազյանին գումար է տվել՝ քննությունը ստանալու համար, սակայն այդպես էլ չի ստացել, իսկ Էդիկ Մինասյանի հետ նախապես պայմանավորվածություն է ձեռք բերել, որ այդ հարցը կլուծի: Մենք տեղեկացանք, որ գործի շրջանակներում չկա կոնկրետ ապացույց, որ Այվազյանը գումար է վերցրել, նա կալանավորվել է ուսանողի ցուցմունքի հիման վրա։
Մինասյանի պաշտպան Հռիփսիմե Գասպարյանը մեզ միայն ասաց․ «Գործը հիմնված է ենթադրությունների վրա»։ ԵՊՀ-ից տեղեկացանք, որ Վարդան Այվազյանին, որպես ամբիոնի վարիչ, այժմ փոխարինում է իրավագիտություն ֆակուլտետի դեկանը: Ասացին՝ ԵՊՀ-ում կարգն այդպիսին է: Ի դեպ, Սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս է նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, որն այս օրերին բառ անգամ չի ասել ամբիոնի վարիչի կալանավորման մասին, որի երկարամյա աշխատակիցն է ինքը:


Բաց մի թողեք
ՌԻԴ-ի ծրագիրը մնացել է թղթի վրա
Նիկոլ Փաշինյանն արդեն ճնշել է ու արդյունքի չի հասել
Միակ «գործիքը»