21/09/2026

EU – Armenia

Սասուն Միքայելյանի սկանդալային հայտարարությունից հետո փորձում են խմբագրել խոսքը

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի՝ Հայաստանի անկախության և պետական սահմանների վերաբերյալ այսօրվա հայտարարությունը նոր արձագանքների տեղիք է տվել։

Միքայելյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանը դեռևս գտնվում է անկախ պետականության ձևավորման փուլում։ Նրա խոսքով՝ ցանկալի է, որ Հայաստանը վերջնականապես ունենա պետական սահմաններ և լիարժեք անկախ պետություն լինի։

Միքայելյանը նաև հարց էր բարձրացրել՝ արդյոք հնարավոր է երկիրը անկախ համարել, եթե այն չունի օրինական, միջազգայնորեն ճանաչված պետական սահման։

Նրա այս հայտարարությունից հետո Անդրանիկ Քոչարյանը փորձել է հստակեցնել Միքայելյանի ասածը՝ շեշտադրելով, որ Հայաստանը պետական սահման ունի։

«Մենք պետական սահման ունենք»,- ասել է Քոչարյանը՝ խմբագրելով Սասուն Միքայելյանի խոսքը:

Հայաստանը դեռևս գտնվում է անկախ պետականության ձևավորման փուլում։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը։

Նրա խոսքով՝ ցանկալի է, որ Հայաստանը վերջնականապես ունենա պետական սահմաններ և կարողանա ամբողջությամբ անկախ պետություն լինել։

Միքայելյանը նշել է, որ անկախության համար պայքարած ազատամարտիկներն ու երկրապահները իրենց առջև դրված խնդիրն արել են, սակայն, նրա գնահատմամբ, հետագա քաղաքական գործընթացները պետք է հասցվեին վերջնական արդյունքի։

«Ազատամարտիկներն ու երկրապահներն իրենց գործը փայլուն արել են անկախության համար, բայց քաղաքական գործիչները պետք է այն տանեին մինչև վերջնական հաղթանակ»,– ասել է նա։

Միաժամանակ Միքայելյանը հարց է բարձրացրել՝ արդյոք հնարավոր է պետությունը լիարժեք անկախ համարել, եթե այն չունի միջազգայնորեն ճանաչված պետական սահմաններ։

«Մենք ասում ենք՝ անկախ ենք։ Բայց կա՞ օրինական, միջազգայնորեն ճանաչված պետական սահման»,– նշել է նա։

Լրագրողի դիտարկմանը, թե առանց պետական սահմանների առկայության դեպքում ինչպես է Հայաստանը համագործակցել միջազգային կառույցների հետ, Միքայելյանը պատասխանել է, որ երկիրը երկար տարիներ, իր գնահատմամբ, գտնվել է մեկ այլ պետության ազդեցության ներքո։

«Մենք եղել ենք ուրիշ պետության վասալ։ Այս տարիների ընթացքում ինչ թելադրել են, արել ենք»,– ասել է նա։