25/09/2026

EU – Armenia

Ի՞նչ է կատարվում խոզի մսի շուկայում․ ՍԱՏՄ-ն հերքում է տարածվող տեղեկությունները

Վերջին օրերին սոցիալական ցանցերում տարածվում են լուրեր, թե Հայաստան է ներկրվում կասկածելի ծագման, չստուգված և հակաբիոտիկներով հագեցած, մեծածավալ խմբաքանակներով խոզի միս, որն այնուհետև վաճառվում է որպես տեղական արտադրանք։

Հրապարակումներում նաև նշվում է, որ ներկրված մսի իրացումը կարող է վտանգ ներկայացնել սպառողների առողջության համար և վնասել տեղական արտադրողներին։

«Հայկական ժամանակ»-ը փորձել է պարզել, թե իրականում ինչ է կատարվում խոզի մսի շուկայում։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից մեզ հետ զրույցում հերքել են տարածվող տեղեկությունները՝ դրանք որակելով իրականությանը չհամապատասխանող։

Տեսչական մարմնից հայտնել են, որ մսի ներկրման նկատմամբ սահմանային հատվածներում իրականացվում է պատշաճ վերահսկողություն։ Մսի խմբաքանակները ենթարկվում են համապատասխանության պարտադիր ստուգումների, իսկ առանց անհրաժեշտ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, լաբորատոր փորձարկումների և սահմանված անվտանգության նորմերի համապատասխանության որևէ խմբաքանակ չի կարող հատել սահմանը և հայտնվել Հայաստանի ներքին շուկայում։

ՍԱՏՄ-ն նաև նշում է, որ մշտադիտարկումներ և ստուգումներ է իրականացնում առևտրի կետերում՝ մակնշման խախտումներով կամ ծագման կեղծմամբ մսի իրացումը բացառելու նպատակով։

Ըստ տեսչական մարմնի՝ խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրառվում են օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ, իսկ տվյալ խմբաքանակը հանվում է իրացումից և ոչնչացվում։

Հարցի շուրջ զրուցել ենք նաև տեղական խոզի մսի արտադրությամբ զբաղվող «Օջախ Ագրո» ընկերության ներկայացուցիչների հետ՝ հասկանալու, թե ոլորտում գործող տնտեսվարողի դիտարկմամբ ինչ իրավիճակ է շուկայում։

Ընկերությունից նշել են, որ «Օջախ Ագրո»-ն ոլորտում գործունեություն է ծավալում ավելի քան 25 տարի և զբաղվում է նաև տեղական արտադրությամբ։ Ընկերությունում մասնավորապես արհեստական սերմնավորման միջոցով փորձում են զարգացնել խոզաբուծության ոլորտը, իսկ մորթն իրականացնում են բացառապես սպանդանոցային եղանակով։

Միաժամանակ ընկերությունից ընդգծել են, որ Հայաստանում խոզի մսի պահանջարկը բավականին մեծ է, և միայն տեղական արտադրությամբ այն ամբողջությամբ բավարարելը դժվար կլինի։

«Մենք միաժամանակ աշխատում ենք մի քանի ուղղությամբ, որպեսզի շուկայում կարողանանք ապահովել որակյալ խոզի միս՝ հնարավորինս մատչելի գնով։ Առանց մեր այդ ջանքերի խոզի մսի գինը կարող է հասնել տավարի մսի գնին։ Մեր քայլերի արդյունքում այսօր մեր 3 միլիոն հայրենակիցները հնարավորություն ունեն խոզի միս ձեռք բերել ավելի մատչելի գնով։

Ինչ վերաբերում է հիվանդ կամ անտիբիոտիկներով մշակված մսին, ապա նման մսի իրացումը մենք բացառում ենք։ Մինչև շուկա մտնելը միսն անցնում է անհրաժեշտ լաբորատոր ստուգումներ, ինչը թույլ է տալիս վերահսկել դրա անվտանգությունն ու որակը։

Մեր գործունեությունը միայն մսի արտադրությամբ չի սահմանափակվում։ Մենք նաև արտադրում և իրացնում ենք օրգանիկ կերեր, որոնք նախատեսված են խոզերի առողջ աճի, ճիշտ զարգացման և բարձր արտադրողականության ապահովման համար»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։

Այսպիսով, այս պահին ՍԱՏՄ-ն հերքում է խոզի մսի կասկածելի ծագման, անվտանգության պահանջներին չհամապատասխանող խմբաքանակների ներկրման և դրանք որպես տեղական արտադրանք իրացնելու վերաբերյալ տարածվող պնդումները։ Միաժամանակ ոլորտի ներկայացուցիչները շեշտում են, որ շուկայում առկա պահանջարկը բավարարելու համար տեղական արտադրության զարգացմանը զուգահեռ ներկրումն անհրաժեշտ է։

Իսկ սպառողների համար առանցքային հարցը շարունակում է մնալ շուկայում իրացվող մսի անվտանգությունն ու պատշաճ վերահսկողությունը։