Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման ժամանակ խոսել է Ազգերի լիգայում անցկացրած հանդիպումների, ինչպես նաև վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստների մասին։
Հիշեցնենք, որ մեր ընտրանին վաստակած 4 միավորով ընթանում է Ազգերի լիգայի C2 խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում։
— Պարոն Մելիքյան, մոտ մեկ տարի ու մեկ ամիս առաջ, երբ ստանձնեցիք ազգային հավաքականի ղեկը, Ձեր հարցազրույցներն ու ասուլիսները երկրպագուների մոտ մեծ ակնկալիքներ ստեղծեցին: Տպավորություն էր, որ դրական արդյունքներ են լինելու, և հավաքականն ապագա ունի: Անցել է մեկ տարի, և Ազգերի լիգան այն մրցաշարն էր, որտեղ բոլորը կոնկրետ արդյունք էին սպասում: Ի՞նչ պատահեց իրականում:
— Մեծ սիրով կպատասխանեմ, քանի որ գիտեմ՝ այս հարցը բոլորին է հետաքրքրում: Ես ընդունել եմ քանդված հավաքական՝ խոշոր պարտություններով և ոչ առողջ ներքին մթնոլորտով, բայց վստահ էի, որ շատ բան եմ փոխելու: Այս մեկ տարվա ընթացքում խոշոր հաշվով պարտվել ենք միայն Պորտուգալիային, ինչն օբյեկտիվ է. մեր հավաքականն առայժմ պատրաստ չէ հաղթել նման մրցակցի: Բայց մյուս բոլոր թիմերի դեմ մենք եղել ենք մրցունակ, պայքարել ենք մինչև վերջ ու ունեցել ենք հաղթելու հնարավորություն: Մեկ տարի անց մենք ունենք պայքարող, միասնական ու նվիրված թիմ: Տարիներ շարունակ հավաքականը չէր կարողանում անառիկ պահել սեփական դարպասը, իսկ հիմա մենք ընդունակ ենք գոլ բաց չթողնել և հաղթել: Ինչ վերաբերում է Ազգերի լիգային, ապա Լատվիայի և Մոնտենեգրոյի դեմ տնային խաղերից հետո բոլորս ոգևորված էինք. երևաց, որ թիմում կա հաղթողի հոգեբանություն, կարգապահություն և նվիրվածություն:
— Առաջին երկու խաղից հետո իրոք այդպես էր: Իսկ ի՞նչ եղավ երրորդ և չորրորդ խաղերում:
— Խնդիրը ռեսուրսների պակասն էր: Շատերն ասում էին, թե ես արդարանում կամ ապահովագրում եմ ինձ, բայց դա փաստ է: Մեկ տարի առաջ ես չէի կարող գուշակել, որ վճռորոշ խաղերին մոտենալիս ունենալու ենք 14 ֆուտբոլիստի կորուստ:
— Ռեսուրսների թեման ամենաքննարկվողն է: Կարծիքներ կան, որ բացակայող ֆուտբոլիստները, միևնույն է, մեկնարկային կազմում չէին խաղալու…
— Ֆուտբոլը թվեր և փաստեր է սիրում: Եկեք միասին նայենք վնասվածք ունեցողների ցանկը. Հենրի Ավագյան, Վահան Բիչախչյան, Հրանտ-Լեոն Ռանոս, Ֆինն Գերագուսյան, Ստյոպա Մկրտչյան, Սերգեյ Մուրադյան, Կամո Հովհաննիսյան: Սա մաքուր յոթ հոգի:
— Հովհաննես Համբարձումյանն էլ էր բացակայում հավաքականից, դրան էլ կարող ենք անդրադառնալ:
— Հովհաննես Համբարձումյանն առանձին թեմա է, որի մասին հիմա չեմ ուզում խոսել: Ութերորդը Դավիթ Դավիդյանն է, իններորդը՝ Էդգար Գրիգորյանը…
— Ով ինչ-որ պահի կփոխարինե՞ր Թիկնիզյանին:
— Թիկնիզյանը չորս խաղ անընդմեջ չէր խաղա, Էդգարին կօգտագործեի որպես ռեզերվ, որպեսզի փոխարիներ նրան: Տասներորդը Հովհաննես Հարությունյանն է, որն արդեն լավ մարզավիճակ էր հավաքել: Նա միակն է, որ լավ մարզավիճակում գտնվելու դեպքում կարող է փոխարինել Էդուարդ Սպերցյանին, որպեսզի վերջինս գոնե 30 րոպե հանգստանար և վնասվածքով չխաղար: Սա դեռ միայն տասը հոգին է: Սրան գումարած Բուենոն, Օգնյեն Չանչարևիչը, Բանդիկյանն ու Ղարիբյանը՝ դառնում է տասնչորս: Իսկ տասնհինգերորդը Սպերցյանն էր, ով վերջին խաղում, վնասվածք ունենալով հանդերձ, պնդեց ու մտավ դաշտ՝ թիմին օգնելու համար: Արդեն տասնհինգ կորուստ:
Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 12-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելով Կիպրոսի ընտրանուն։


Բաց մի թողեք
«Եվրոպայում ավարտին է մոտենում կլիմայական նորմայից տաք եղանակի շրջանը». կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան
Երբ մարդը սովորի ուրախանալ ուրիշների հաջողությամբ, Աստված նրան էլ կտա ուրիշների բոլոր հաջողություններից
Ինչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է