Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաեւը կալանավորվել է 2 ամիս ժամկետով՝ տեղեկացրել է Հայաստանի քննչական կոմիտեն, որտեղ Շաքի բնակավայրում արձանագրված դեպքի վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած դեպքից հետո ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր իրենց զինծառայողի՝ ծառայության վայրը լքելու մասին՝ չբացառելով, որ նա Հայաստանի սահմանն ապօրինի հատել է եւ գտնվում է մեր տարածքում։ Երկու օր շարունակ իբրեւ թե երկու երկրների իրավասու մարմիններն իրականացրել են որոնողական աշխատանքներ, բայց՝ ապարդյուն։
Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը, Հրապարակ թերթի հետ զրույցում՝ անդրադառնալով տեղի ունեցածին, ասում է. «Հիմա պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել: Ինչպե՞ս է ստացվում, որ իշխանությունն ու իշխանությանը սպասարկող հանրային գործիչների կարծիքն այսքան միանման է: Եթե ադրբեջանցին անցել է ՀՀ տարածք, դրա հետ կապված՝ սեպտեմբերի 26-ին Բաքվում միտինգներ են արել, որ զինծառայող է կորել, սակայն մինչեւ ամսի 29-ը մենք որեւէ ինֆորմացիա չունեինք, որը ենթադրում են, որ նրա՝ ՀՀ սահման մտնելու օրն է: Ո՞վ է որոշել, որ նա ամսի 29-ին է Հայաստան մտել, այլ ոչ թե ամսի 26-ին: Ստացվում է, որ նա ոչ թե երկու օր է Հայաստանում մնացել, այլ՝ հինգ: Նույնիսկ եթե վերցնենք երկու օր, այստեղ հարց է ծագում` ադրբեջանցին մտնում է ՀՀ տարածք, ենթադրվում է, որ նրան պետք է հետեւեին: Ո՞նց է ստացվում, որ նա հրաշալի գիտեր բոլոր այն տարածքները, որոնցով Ադրբեջանից կարող էր հանգիստ մտնել Հայաստան: Դրանք ականապատված տարածքներ չեն եղել: Ադրբեջանցի զինվորին որտեղի՞ց ականապատման քարտեզը: Որտեղի՞ց նա գիտեր, որ այդ տարածքներում չկան դիրքապահներ: Ստացվում է, որ այդ տարածքները ե՛ւ Ադրբեջանի կողմից էին ազատ, ե՛ւ Հայաստանի: Որտեղի՞ց է այդ զինվորն այդքան ինֆորմացված եղել: Որտեղի՞ց նրան այն տեղեկությունը, որ այդ տարածքներում համապատասխան սարքերով հսկողություն չի կատարվում: Այսօրվա տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս կիլոմետրերով արձանագրել հակառակորդի շարժը, անգամ՝ գիշերվա ժամերին: Ներկայացնում են, որ էդ «խեղճը» Հայաստան է մտել բռնության ենթարկված վիճակում: Բռնության ենթարկված մարդն իրեն այդ ձեւով չի պահում, կարող եմ նույնիսկ ասել, թե ինչ քայլեր է կատարում: Առաջին իսկ պատահած մարդուն խնդրում է, որ իրեն ուղեկցեն իրավապահ համակարգ, որեւէ կառույց, եւ ասում է, որ ցանկանում է հանձնվել: Ինքնաձիգն էլ հեռու է դնում, ասելով` տեսեք, ես ունեմ կրակելու հնարավորություն, բայց չեմ կրակում, չունեմ ցանկություն, ես օգնություն եմ հայցում: Մենք պետք է այս ամենին գնահատականներ տանք: Չի կարելի ողջ օրը արտահանձնելուց կամ փոխանցումից խոսել: Ի՞նչ փոխանակենք, ո՞ւմ փոխանակենք: Պետք է պարզենք, թե նա ոնց է անցել սահմանը, ինչ ինֆորմացիա ուներ: Եթե մենք շարունակ խոսենք նրան հանձնելու մասին, նա ոչ մի բան չի պատմի: Իշխանության ներկայացուցիչն ասում է` չենք ասել, որ խուճապ չառաջանա, բայց գուցե էլի են զինվորներ հատել սահմանը: Այսօր էլ ասում է` եթե դիվերսիա լիներ, մեզ նախապես տեղյակ չէին պահի այդ մասին: Նույնիսկ ադրբեջանցիները տեղյակ են պահել այս մարդկանց, որ զինվոր է անցել ՀՀ սահմանը, բայց օրեր շարունակ չեն կարողացել այդ զինվորին հայտնաբերել: Ցանկացած ռազմական օպերացիայի ժամանակ կարող են դասալիքներ անցնել սահմանը, ենթադրենք՝ մի դասալիք է հատել սահմանը ու եւս չորս զինվոր: Մեկին բռնում ես, մյուս չորսը դիվերսիա են անելու, ո՞վ է դրա պատասխանը տալու: Այդ ադրբեջանցի զինծառայողն ամեն ինչ իմացել է մեր սահմանի մասին: Իմացել է, որ ականապատ չի եղել տարածքը, իմացել է, որ դիրքապահ չկա, իմացել է, որ տեխնիկա չկա: Այս ամենը չի՞ հետաքրքրում մեր իշխանությանը: Ասում ենք՝ Սյունիքով միջանցք չտանք, բայց պարզվում է, որ այդ միջանցքը լավ էլ կա: Ուղղակի մենք այդ մասին նոր ենք իմանում: Իշխանավորների ասածները եթե համադրենք, կհասկանանք, թե ինչպես են պաշտպանում ադրբեջանցուն»:

Բաց մի թողեք
Փաշինյանը շարունակում է ոչնչացնել մեր դիմադրության պաշարները
Պասիվ պաշտպանությունը հաղթանակի չի հասցնում
2026-ին ձեւավորված 9-րդ գումարման ԱԺ-ն այս 8 տարվա «թագուպսակն» է