2027 թվականի հունվարի 1-ից էլեկտրոնային առևտրի հարթակները նոր պարտավորություն կունենան․ դրանք յուրաքանչյուր ամիս Պետական եկամուտների կոմիտեին պետք է տեղեկություններ փոխանցեն Հայաստանից ԵԱՏՄ անդամ այլ երկրներ իրականացված առցանց վաճառքների վերաբերյալ։
Կառավարությունը հաստատել է համապատասխան որոշման նախագիծը, որը վերաբերում է այն դեպքերին, երբ Հայաստանում գրանցված կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը առևտրային հարթակի միջոցով ապրանք է վաճառում ԵԱՏՄ մեկ այլ երկրում բնակվող ֆիզիկական անձի։
Նոր կարգավորմամբ հարթակները ՊԵԿ-ին պետք է տրամադրեն տեղեկություններ վաճառողի, վաճառված ապրանքի և դրա տեղափոխման վերաբերյալ։ Եթե ապրանքի տեղափոխումը հաստատող փաստաթուղթ կա, ապա պետք է ներկայացվեն նաև դրա համարը և ամսաթիվը։
Տեղեկատվություն պետք է փոխանցվի նաև ապրանքի վերադարձի կամ արդեն վճարված պատվերից գնորդի հրաժարվելու դեպքում։
Տվյալները ՊԵԿ-ին կներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 20-ը։ Եթե հարթակը հետագայում իր փոխանցած տեղեկություններում սխալ հայտնաբերի, պարտավոր կլինի ՊԵԿ-ին ուղարկել ճշտված տվյալներ։
Միաժամանակ նախագծով պարտավորություններ են սահմանվում նաև ՊԵԿ-ի համար։ Հարկային մարմինը հարթակից ստացված տեղեկատվությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում պետք է հասանելի դարձնի համապատասխան վաճառողին՝ այն տեղադրելով նրա անձնական էջում։
Նախագծով կարգավորվում է նաև ԱԱՀ-ի հարցը։ Եթե Հայաստանից ԵԱՏՄ մեկ այլ երկիր ապրանք է վաճառվում էլեկտրոնային առևտրի հարթակի միջոցով, վաճառողը կարող է տվյալ գործարքի մասով ԱԱՀ չվճարել։ Դրա համար ՊԵԿ-ը պետք է հարթակից ստանա վաճառքը հաստատող համապատասխան տվյալները։

Բաց մի թողեք
Առանց նոր հարկերի՝ ԵՄ-ին սպառնում է բյուջետային հսկայական պակասուրդ
Հայաստանի պետական պարտքի տոկոսների բեռը մոտ 3 անգամ ավելի բարձր է, քան Ադրբեջանում
Ո՞ր երկրների քաղաքացիների համար է Հայաստանը վերացնում վիզայի լրացուցիչ պահանջները