26/10/2026

EU – Armenia

Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ․ հայտարարություն

Հայկական կողմը տարբեր ժամկետներ է նշում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, սակայն Բաքուն միշտ պատրաստ է վերջնականապես կարգավորել այս հարցը։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում իր հոլանդացի գործընկեր Թոմ Բերենդսենի հետ կայացած ճեպազրույցի ժամանակ, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը ուշադիր հետևում և գրանցում է հայ պաշտոնյաների բոլոր հայտարարությունները այս հարցի վերաբերյալ։

«Ես ևս մեկ անգամ կցանկանայի ընդգծել, որ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում անսասան և հստակ է։ Անցած տարվա ընթացքում ադրբեջանական կողմը բազմաթիվ միակողմանի քայլեր է ձեռնարկել, և Հայաստանը, ինչպես բոլորը, տեսել է դա», – ասել է Բայրամովը։

Նախարարը նշել է, որ Հայաստանի ներսում որոշակի գործընթացներ են ընթանում, և սահմանադրական փոփոխությունները, մի շարք պատճառներով, բխում են հենց Հայաստանի իշխանությունների շահերից։

«Ի վերջո, Ադրբեջանը միշտ պատրաստ է վերջնականապես հաստատել խաղաղության համաձայնագիրը (խաղաղության պայմանագիր կնքել) և շարունակում է հավատարիմ մնալ այս գործընթացին», – ընդգծել է արտաքին գործերի նախարարը։