Ավարտվել է Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ի դաստիարակի կողմից անչափահաս սանի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Ն. Մ.-ն, հանդիսանալով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ի դաստիարակ, 2026 թվականի օգոստոսի 9-ին ֆիզիկական բռնության է ենթարկել իրենից կախվածության մեջ գտնվող, նույն կազմակերպությունում շուրջօրյա խնամքի ծառայություն ստացող, 2012 թվականին ծնված անչափահաս սանին։
Մասնավորապես Ն. Մ.-ն, օրվա կարգացուցակով սահմանված քնի ժամին ննջասենյակում գտնվելու փոխարեն անչափահասին նկատելով միջանցքում, վերջինիս հրելով տեղափոխել է խմբասենյակ, որտեղ գտնվող այլ սաների և աշխատակիցների ներկայությամբ տևական ժամանակ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով անչափահաս սանին պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ՝ Ն. Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը անչափահասի նկատմամբ)։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, որը հետագայում փոփոխվել է տնային կալանքով։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Բաց մի թողեք
Մասիսի ոստիկանները ձերբակալել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում ազգականների միջև վիճաբանություն է եղել, ինչը վերածվել է ծեծկռտուքի
Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ