28/10/2026

EU – Armenia

Ադրբեջանի դեմ ջախջախիչ հաղթանակ տարաք, հիմա անցել եք մե՞զ․․․

44-օրյա պատերազմի ժամանակ իշխանությունն իր քարոզչությամբ անընդհատ հայտարարում էր, որ ջախջախիչ հաղթանակ է տանում Ադրբեջանի դեմ։ Վերջը ի՞նչ եղավ։ Ջախջախիչ պարտվեց։

Հրապարակ թերթը գրել է․ Նման պարտությունից հետո կա՛մ լռում ու հեռանում են, կա՛մ ջախջախիչ պարտության մատնած հակառակորդին թույլ են տալիս, որ սեփական երկիրը տանի ջախջախիչ պարտության։ Մենք այդ փուլի ավարտական մասում ենք։ Բոլոր բնագավառներում իշխանությունը ջախջախիչ պարտության է մատնել երկիրը, մեզ։

Որպեսզի չթվարկեմ մեր բոլոր ջախջախիչ պարտությունները, նշեմ Փաշինյանի վերջին արձանագրումը՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Բառացի ասում է՝ ջախջախիչ հաղթանակ տարանք։ Ասես խոսքը դարձյալ մեր պատերազմող հակառակորդի մասին է։

«Խորհրդարանական ընտրություններին խոստացել էի, որ ռոբա-սերժա-կալուգա-կտրիճական ուժերը կամ մի բառով ասած՝ լրտեսական ուժերը, պատերազմի եռագլուխ, քառագլուխ կուսակցությունը պետք է ոչնչացվի։ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների օգնությամբ և աջակցությամբ»։

ՀՀ քաղաքացին չի հավատում նրա ջախջախիչ հաղթանակին։ Նա արդեն տեսել է, թե ինչպիսի ջախջախիչ հաղթանակ է Փաշինյանը տարել Ադրբեջանի դեմ։ Ու անմիջապես քմծիծաղում է՝ Իբր Ադրբեջանի դեմ ջախջախիչ հաղթանակ տարաք, հիմա անցել եք մե՞զ․․․

Փաշինյանի ջախջախիչ հաղթանակը մեր ինքնության դեմ է՝ Եկեղեցու, ՀՀ-ում ազդեցիկ ու հայրենասիրական ուժերի դեմ։ Ամեն ինչի դեմ է, ինչը ազգային է։ Մեր հաղթանակների, մեր հաղթողների, հերոսների դեմ է։ Ու նա փորձում է մարդկանց համոզել, թե իր կռիվը «լրտեսական» ուժերի դե՞մ է։

Նրա կռիվը Հայաստանի դեմ է։ Հայաստանի՜․․․

Ինքը ջախջախիչ պարտվելով՝ սեփական վերքերը բուժում է մեր երկիրը, հայրենակիցներին նսեմացնելու, ստորացնելու դարմանի միջոցով։ Ինքը թռչնի թևերը կտրում ու նրա թևերով ուզում է թռչել։ Այդպես չի լինում։ Թռչնի թևերը կտրելով՝ ինքդ թռչել չես կարող։

Բայց նա կարծես հենց դրանից է հագուրդ ստանում՝ թռչունը գետնին տապալված, ասֆալտին փռած տեսնելուց․․․ Բայց ո՞վ գիտի, գուցե հենց դա՞ է իր հաղթանակի պատկերացումը՝ Հայաստանը ծնկի բերել, հայի թևերը կտրել ու հետո հայտարարել, թե ջախջախիչ հաղթանակ է տարել։