Դրա միջազգային արժեքը ձևավորվում է պետության հեղինակությամբ, արտաքին հարաբերությունների որակով և տարիների ընթացքում ձեռք բերված վստահությամբ։ Այդ արժեքն անմիջականորեն զգում է քաղաքացին՝ սահմաններ հատելիս, կրթության և աշխատանքի հնարավորություններ փնտրելիս, գործարար կապեր հաստատելիս։ Անձնագրի նկատմամբ միջազգային վստահությունը նաև երկրի զարգացման, պետական կառավարման որակի և արտաքին քաղաքականության արդյունավետության կարևոր ցուցանիշ է։
Հայաստանի անկախությունը մեզ տվեց սեփական պետության անձնագիր և աշխարհում ինքնուրույն ներկայանալու իրավունք։ Սակայն երեքուկես տասնամյակ անց Հայաստանի քաղաքացին բազմաթիվ երկրներ մեկնելու համար դեռ կախված է օտարերկրյա հյուպատոսությունների որոշումներից։ Այս սահմանափակումը հաղթահարելը պետական զարգացման կարևոր խնդիր է։ Հայաստանի միջազգային դիրքերի ամրապնդումը պետք է արտահայտվի նաև քաղաքացիների առօրյա կյանքում՝ ազատ տեղաշարժվելու, կրթվելու, աշխատելու և աշխարհի հետ ավելի լայն կապեր հաստատելու հնարավորություններով։ Ի վերջո, պետության միջազգային ձեռքբերումների իրական արժեքը չափվում է նաև այն ազատությամբ, որը դրանք ապահովում են նրա քաղաքացիների համար։
Հոկտեմբերի 31-ից Հայաստանում մեկնարկած կենսաչափական փաստաթղթերի նախագրանցումը և նոյեմբերի 1-ից նախատեսված նոր համակարգի գործարկումը կարևոր քայլ են այդ ուղղությամբ։ Էլեկտրոնային չիպով, թվային լուսանկարով և մատնահետքերով նոր անձնագիրը հնարավորություն է տալիս միջազգային չափանիշներով ստուգել մարդու ինքնությունը, բարձրացնել փաստաթղթերի պաշտպանվածությունը և ստեղծել սահմանային ավտոմատացված վերահսկողության տեխնիկական հիմքերը։ Հայաստանը նախկինում նույնպես տրամադրել է կենսաչափական անձնագրեր, սակայն դրանց միջազգային էլեկտրոնային ստուգման հնարավորությունները լիարժեք չէին ապահովվել։ Նոր համակարգը կոչված է լուծելու նաև այդ խնդիրը։
Այս փոփոխության նշանակությունը հասկանալու համար արժե հիշել խորհրդային անցյալը։ Խորհրդային Միությունում անձնագիրը քաղաքացու տեղաշարժը վերահսկելու պետական համակարգի բաղադրիչ էր։ Արտասահման մեկնելու համար անհրաժեշտ էր իշխանության թույլտվությունը, իսկ բնակության վայրի ընտրությունը սահմանափակվում էր գրանցման կանոններով։ Հայաստանի անկախությունը հաստատեց սեփական քաղաքացիությունն ու ազգային անձնագիրը։ Հաջորդ երեքուկես տասնամյակների ընթացքում միջազգային տեղաշարժի ազատության ընդլայնումը դարձավ արտաքին հարաբերությունների և պետական զարգացման կարևոր խնդիր։
Այսօր Հայաստանը հնարավորություն ունի այդ խնդրի լուծման ուղղությամբ էական առաջընթաց գրանցելու։ Կենսաչափական նոր համակարգի առանձնահատուկ նշանակությունը կապված է Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի հետ։ 2024 թվականին մեկնարկած երկխոսության շրջանակում 2025 թվականի նոյեմբերին Հայաստանին ներկայացվեց գործողությունների ծրագիրը։
Այն նախատեսում է անվտանգ անձնագրային համակարգ, սահմանային կառավարման կատարելագործում, միգրացիոն գործընթացների վերահսկողություն, կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքար, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանություն։
Եվրոպական միությունը ցանկանում է վստահ լինել իր տարածք մուտք գործող անձանց փաստաթղթերի իսկության, նույնականացման համակարգերի հուսալիության և գործընկեր պետության ստանձնած պարտավորությունների կատարման հարցում։ Կենսաչափական անձնագիրը այդ վստահության ձևավորման գործնական միջոցներից է։
Նման ճանապարհ արդեն անցել են Հայաստանի հետ համադրելի պատմական անցյալ ունեցող երկրներ։ Մոլդովան 2014 թվականին ստացավ Շենգենյան գոտի առանց վիզայի կարճաժամկետ այցելությունների հնարավորություն։ Վրաստանն ու Ուկրաինան դրան հասան 2017 թվականին։ Երեք երկրներն էլ նախապես իրականացրել էին փաստաթղթային անվտանգության, սահմանային կառավարման և պետական ինստիտուտների բարեփոխումներ։ Նրանց օրինակը ցույց է տալիս, որ միջազգային ազատ տեղաշարժը հետևողական պետական աշխատանքի և փոխադարձ վստահության արդյունք է։
Հայաստանի համար այդ հեռանկարը միանգամայն իրական է, սակայն դեռ պահանջում է ժամանակ և պարտավորությունների կատարում։ Նոր անձնագիր ստանալը ինքնաբերաբար չի վերացնում վիզայի պահանջը։ Գործընթացի հաջող ավարտը և Եվրամիության համապատասխան որոշումը կարող են Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն տալ Շենգենյան գոտի այցելել առանց վիզայի՝ 180 օրվա ընթացքում մինչև 90 օր ժամկետով։ Սա նշանակալի փոփոխություն կլինի հարյուր հազարավոր մարդկանց կյանքի և Հայաստանի միջազգային կապերի համար։
Այդ հնարավորության տնտեսական արժեքը նույնպես մեծ է։ Ժամանակակից աշխարհում երկրների մրցունակությունը կախված է մարդկանց, գիտելիքի, տեխնոլոգիաների և կապիտալի շարժունակությունից։ Փոքր ներքին շուկա ունեցող Հայաստանի համար միջազգային տնտեսական կապերի ընդլայնումը զարգացման անհրաժեշտ պայման է։ Եվրոպացի գործընկերոջ հետ հանդիպման մեկնող գործարարը, միջազգային գիտաժողովի մասնակցող գիտնականը, կրթական ծրագրից օգտվող ուսանողը կամ արտասահմանում ապրող ընտանիքին այցելող քաղաքացին այսօր հաճախ ստիպված են անցնել երկարատև վիզային ընթացակարգերով։ Այդ խոչընդոտների նվազեցումը խնայում է ժամանակ և միջոցներ, ընդլայնում համագործակցության հնարավորությունները։
Այս համատեքստում կենսաչափական համակարգը ստանում է նաև աշխարհաքաղաքական նշանակություն։ Հայաստանը ձգտում է ընդլայնել իր արտաքին կապերը, զարգացնել հաղորդակցությունները և ավելի ակտիվ մասնակցել միջազգային տնտեսական գործընթացներին։ Այդ քաղաքականության հաջողության համար անհրաժեշտ են ժամանակակից ճանապարհներ, երկաթուղիներ, էներգետիկ և թվային ենթակառուցվածքներ։ Նույնքան կարևոր է մարդկանց ազատ տեղաշարժը։ Միջազգային կապերը կառուցվում են նաև համալսարաններում, գործարար հանդիպումներում, գիտական կենտրոններում և մարդկային անմիջական շփումներում։
Այստեղ, սակայն, առաջանում է պետական պատասխանատվության մեկ այլ կարևոր հարց։ Կենսաչափական տվյալների հավաքագրումն ու պահպանումը պահանջում են անվտանգության և վերահսկողության խիստ երաշխիքներ։ Մատնահետքն ու դեմքի թվային պատկերը մարդու կենսաչափական անձնական տվյալներից են։ Քաղաքացին պետք է հստակ իմանա՝ ովքեր են դրանց հասանելիություն ստանում, ինչ նպատակով են դրանք օգտագործվում և ինչպես է կանխվում չարաշահումը։ Մասնավոր ընկերության ներգրավումը փաստաթղթերի տրամադրման գործընթացում առավել է կարևորում պետական վերահսկողությունն ու հանրային հաշվետվողականությունը։
Կարևոր է նաև ծառայությունների մատչելիությունը։ Նոր անձնագրի համար սահմանված 28 650 դրամը բազմաթիվ ընտանիքների համար զգալի ծախս է։ Պետությունը պետք է ապահովի սպասարկման հասանելիությունը մարզերում և սոցիալական աջակցության գործուն մեխանիզմներ։ Գործող անձնագրերն իրենց ուժը պահպանում են մինչև վավերականության ժամկետի ավարտը, ուստի քաղաքացիներին դրանց անհապաղ փոխարինման պարտադրանք չկա։
Հայաստանի կենսաչափական նոր համակարգի գործարկումը պետական արդիականացման կարևոր փուլ է։ Դրա իրական արդյունքը կախված կլինի ծառայությունների որակից, տվյալների անվտանգությունից, միջազգային ճանաչումից և եվրոպական վիզային ազատականացման գործընթացի առաջընթացից։
Հայաստանի միջազգային դիրքի ամրապնդումը պետք է շոշափելի լինի նաև սովորական քաղաքացու կյանքում։ Ազատ տեղաշարժը ընդլայնում է մարդու ընտրության, աշխատանքի, կրթության և զարգացման հնարավորությունները։ Այն մեծացնում է երկրի մասնակցությունը միջազգային տնտեսական ու հասարակական կյանքին։
Անձնագրի իրական արժեքը որոշվում է այն հնարավորություններով, որոնք հասանելի են դառնում դրա տիրոջը։ Հայաստանի առաջիկա կարևոր խնդիրներից է հասնել այնպիսի միջազգային վստահության, որի շնորհիվ հայկական անձնագիրը քաղաքացու առաջ ավելի շատ դռներ կբացի։


Բաց մի թողեք
Ի՞նչ պետք է անեն խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը
Հարյուր հազարավոր ցուցարարներ Եվրոպայի փողոցներում, սոցիալական ճգնաժամը խորանում է
Պատերազմում ձեռք բերած առավելությունները Բաքուն այժմ ձգտում է ամրապնդել դիվանագիտական հարթակներում՝ մեծացնելով իր քաղաքական ազդեցությունը