06/11/2026

EU – Armenia

Ինչպես միշտ` ուշացած

Ընդդիմությունը նախօրեին հավաք-քննարկում արեց եւ 4 կետից կազմված հայտարարություն տարածեց: Անշուշտ, լավ է եւ պետք է ողջունել:

Հրապարակ թերթը գրել է․ Բայց, ինչպես միշտ, այս քայլն էլ էր ուշացած. նման հավաք- քննարկում պետք է նախաձեռնեին ամիսներ, եթե չասենք` 1-2 տարի առաջ, որպեսզի «հիվանդությունը չխորանար», հնարավոր լիներ ժամանակին կանխել այս զարգացումները, որոնց բախվել ենք այսօր:

Որպեսզի թույլ չտրվեր քաղաքական հետապնդումների, Եկեղեցու դեմ այս վայրի արշավի մոլեգնումը: Որպեսզի նախընտրական փուլում հասարակությանն ակտիվացնեին- մոտիվացնեին եւ իշխանության անպատժելիությունն էլ ակամայից չխրախուսեին: Որպեսզի չստացվեր, որ ամեն անգամ ընդդիմադիրները քայլ են անում, երբ դանակը ոսկորին է հասնում, եւ այլեւս հնարավոր չի լինում կանխել «բեսպրեդելի» թափանիվը:

Առհասարակ, ցանկացած իշխանություն հղփանալու, պետական լծակները չարաշահելու, կոռուպցիայի մեջ թաղվելու, քաղաքական հակառակորդներին քրեական մեթոդներով ճնշելու հակումներ ունի: Եվ հանրային վերահսկողությունը չի սահմանափակվում միայն ընտրությունների ժամանակ` 5 տարին մեկ ձայն տալով կամ չտալով: Հանրային հսկողությունն արտահայտվում է ամենօրյա ռեժիմով, սխալ քայլ անող իշխանություններին պատժելուն ուղղված գործողություններով:

Ոչ մի երկրում մարդիկ չեն սպասում, որ գա ընտրությունների օրը, եւ խելոք` շարվեշարան գնան ընտրատեղամասեր, որպեսզի մերժեն սխալը սխալի հետեւից անող իշխանություններին, որովհետեւ 5 տարին շատ մեծ ընթացք է, 5 տարում չարիքի վերածված իշխանությունները կարող են անդառնալի հետեւանքներ առաջացնել, անվերականգնելի կորուստներ պատճառել երկրին:

Ոչ մի երկրում հանրությունը չի սպասում, որ հատ-հատ կալանավորեն բոլոր ընդդիմադիր գործիչներին եւ ամայացնեն քաղաքական դաշտը: