Հայաստանը ԵԱՏՄ անդամությունից զրկելու հարցը մեզ համար այսօրվա դրությամբ մնում է ամենաառաջնային մտահոգություններից մեկը՝ խաղաղության հաստատման սպասումներից հետո, քանի որ դրանից է կախված երկրի տնտեսության հավասարակշռությունը և բնակչության սոցիալական վիճակը։
ԵԱՏՄ անդամությունը սառեցնելու դեպքում Հայաստանը կհայտնվի տնտեսական կոլապսի մեջ, ինչպես նախազգուշացնում են տնտեսագետները․ ռուսական արտահանման հսկայական շուկայից վերջնականապես զրկվելով՝ հայ տնտեսվարողների արտադրողականությունը կտրուկ կնվազի՝ պայմանավորված պահանջարկի խիստ անկմամբ։ Իսկ դա կբերի ՀՆԱ-ի կրճատման և տնտեսական ցուցանիշների չնախատեսված անկման, ինչը չի կարող բացասաբար չանդրադառնալ երկրի սոցիալ-տնտեսական պատկերի վրա։
Դե իսկ ԵԱՏՄ առանցքային երկրի՝ Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի թանկացումը միանշանակ կհանգեցնի անզուսպ գնաճի՝ արժեզրկելով եկամուտները և ավելի խորացնելով երկրում աղքատության մակարդակը։ Հավանաբար, իշխանությունները հասկանում են այս վտանգները, ինչպես նաև գիտակցում են, որ սոցիալական դժգոհությունը ի վերջո կարող է մի գեղեցիկ օր իրենց մոտալուտ աթոռազրկման մեկնարկը տալ։ Այդ պատճառով էլ ջանք ու եռանդ չեն խնայում Ռուսաստանի հետ հարաբերությունները ստատուս քվոյի մակարդակում պահելու համար՝ ձգտելով ավելի չվատթարացնել դրանք և Ռուսաստանին չդրդել կոշտ ու ավելի կտրուկ քայլերի։
Հայաստանը հակված է Ռուսաստանի հետ կառուցողական բանակցությունների, որպեսզի մեղմի վերջինիս զայրույթը՝ Հայաստանի իշխանությունների վարած երկդիմի քաղաքականության համար։ Բայց Ռուսաստանը վճռական է տրամադրված, և ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայությունն ապահովելու համար պայման է դրել հանրաքվե անցկացնել՝ հստակեցնելու երկրի քաղաքական կուրսը և շուտափույթ պատասխան տալու, թե ի վերջո Հայաստանը ո՞ր կառույցի կազմում է ուզում մնալ։
Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այս հարցում, իհարկե, հստակ է այն առումով, որ նախապատվությունը տրվելու է Եվրամիությանը։ Բայց քանի որ Եվրամիությունը Երևանին հստակ ոչինչ չի խոստացել, և Երևանն էլ աչքի առաջ ունի ԵՄ-ից խաբված այլ պետությունների օրինակը, Նիկոլ Փաշինյանը «աղվեսի խաղ» է խաղում՝ ոտքը կախ գցելով ԵԱՏՄ-ում և դեռ սպառնալով Ռուսաստանին, թե վերջինս իրավունք չունի Հայաստանին հեռացնելու կազմակերպությունից, քանի որ նման ընթացակարգ գոյություն չունի։ Սակայն Փաշինյանի սպառնալիքներին ԵԱՏՄ երկրները հնար գտան և հայտնաբերեցին այն իրավական հիմքը, որով նախատեսում են սառեցնել Հայաստանի անդամակցությունը՝ Վիեննայի համապատասխան կոնվենցիան։
Միայն դրանից հետո հայ պաշտոնյաների հռետորաբանությունը կտրուկ փափկեց։ Հայաստանն անգամ խնդրեց հետաձգել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այն նիստը, որում պետք է քննարկվեր հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կիրառած սահմանափակումների բողոքարկման հարցը, չնայած բարձրացված հարցերի վերաբերյալ փորձագիտական եզրակացություններն արդեն պատրաստ էին։ Հիշեցնենք, որ դեռ սեպտեմբեր ամսին Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում բողոքարկել էր հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի կիրառվող սահմանափակումները և ակնկալում էր, որ առկա մեխանիզմների գործադրմամբ խոչընդոտները կվերացվեն։ Նիստը նախատեսված էր այս ամսվա երեքին, բայց Հայաստանի խնդրանքով այն մեկ շաբաթով հետաձգվել է։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հաստատելով, որ բողոքի քննարկումը հետաձգվել է իր և ԵԱՏՄ համապատասխան նախարարի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում։ Պապոյանը, սակայն, չի բացահայտել հետաձգման իրական պատճառը՝ արդյո՞ք այն Ռուսաստանի հետ ձեռք բերված ներքին
պայմանավորվածության արդյունք է, թե՞ գուցե Հայաստանը լիարժեք չի պատրաստվել իրավական հակադարձումներին ու հիմնավորումներին և այդպիսով ժամանակ է շահում։ Նախատեսվում է, որ բողոքարկման նիստը կհրավիրվի նոյեմբերի տասին։
Ամեն դեպքում, հայաստանյան դիվանագիտական խոսույթում ակնհայտ է, որ Ռուսաստանի հանդեպ շեշտադրումները փոխվել են։ Ազգային ժողովում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հույս հայտնեց, որ ՌԴ գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել երկրների հարաբերությունները, ինչի արդյունքում սահմանափակումները առաջիկայում կվերացվեն։ Միրզոյանը հույսը դրել է նաև Փաշինյան-Պուտին նախատեսվող հանդիպման վրա, որի ժամանակ պետք է, ինչպես Փաշինյանն է սիրում ասել, գույքագրել ԵԱՏՄ-ից Հայաստանի ստացած օգուտները և հեռացվելու դեպքում կրած վնասները։ Բայց հանդիպման ժամկետ դեռ չի որոշվել, և պարզ չէ՝ այն կկայանա՞, թե՞ ավելի շուտ ԵԱՏՄ երկրների համաժողովը տեղի կունենա, որն էլ կարող է վճռորոշ դառնալ մեզ համար։
Ռուսաստանը, դատելով ՌԴ նախագահի խոսույթից, ժամանակ էր տվել Հայաստանին հանրաքվե անցկացնելու համար, բայց Փաշինյանը թե՛ Պուտինի հետ վերջին հանդիպմանը, թե՛ հիմա շարունակում է պնդել, որ չի պատրաստվում առաջիկայում հանրաքվե անցկացնել, մանավանդ ԵԱՏՄ կազմում մնալու առաջարկով։
«Եվրոնյուզին» տված հարցազրույցում էլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ներկայում չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, սակայն գործընթացները կարող են բերել նրան, որ 2027-2028 թվականներին Հայաստանը պաշտոնապես ԵՄ-ին դիմի լիարժեք անդամակցության գործընթաց սկսելու համար։ Փաշինյանն ընդունում է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և ինչ-որ պահի երկիրը կանգնելու է ընտրության առաջ։
Թեև երկարաժամկետ հեռանկարում ԵՄ-ին անդամակցությունը և ԵԱՏՄ-ին մասնակցությունն անհամատեղելի են, Հայաստանը կարող է ԵՄ անդամության հայտ ներկայացնել միայն 2027-2028 թվականներին․ այդուհանդերձ, Փաշինյանի դիտարկմամբ՝ այս պահին հանրաքվեի անհրաժեշտ ընթացակարգերը դեռևս ապահովված չեն։ ԵՄ լիիրավ անդամ դառնալու հայտ ներկայացնելու համար վարչապետը բազմիցս նշել է, որ Հայաստանը բոլոր ոլորտներում պետք է համապատասխանի եվրոպական չափորոշիչներին, որից հետո միայն կարող է նման հավակնություն ներկայացնել։
Հավանաբար, Փաշինյանն ինքն էլ է հասկանում, որ Հայաստանը շատ հեռու է ԵՄ չափորոշիչներին համապատասխանելուց, և իրենք այդքան քաղաքական կամք ու մտավոր ներուժ էլ չունեն նման համապատասխանություն ապահովելու համար, և եթե անգամ այդ կառույցում երբևէ հնարավոր լինի Հայաստանն ընդգրկել, ապա դա զուտ քաղաքական որոշում է լինելու։ Առայժմ Եվրամիությունը բավարարվում է Հայաստանին «փշրանքներով» կերակրելով, ինչի դիմաց ԵԱՏՄ կառույցից ստացվող առավելությունները շատ ավելի մեծ օգուտներ են տալիս Հայաստանին։ Դրա վկայությունն են նաև մեր երկրի տնտեսական աճի բարձր ցուցանիշները և վերջին ամիսներին ռուսաստանյան սահմանափակումների հետ կապված այդ աճի դանդաղումը կամ հետընթացը։
Պարզ է, որ իշխանություններն ամեն ինչ անելու են այդ առավելություններից չզրկվելու համար։ Ուստի հետաքրքիր է հետևել, թե Նիկոլ Փաշինյանն ինչպիսի՞ քայլերի կգնա Ռուսաստանին սիրաշահելու և միաժամանակ ԵՄ-ի խանդն ու զայրույթը չառաջացնելու համար։


Բաց մի թողեք
ԵՄ-ում տվյալների կենտրոնների դեմ բողոքի ակցիաները թիրախավորում են Բրյուսելը. Լուսանկար
Սկանդալային քննարկում սահմանադրական խորհրդի նիստում
ՍԴ նախագահ ընտրելու երրորդ փորձն է․ ովքեր են թեկնածուները