«Հայաստանի իշխանությունները շարունակում են TRIPP նախագծի իրականացման գործընթացը, սակայն այս խոշոր տնտեսական ծրագրի շուրջ կան մի շարք հարցեր, որոնց պատասխանները հանրության համար դեռ ամբողջությամբ պարզ չեն։
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP նախագծի վերաբերյալ հրապարակված շրջանակային համաձայնագիրը և ուշադրության արժանի մի շարք դրույթներ արձանագրել։
Նախ՝ նոյեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել TRIPP զարգացման ընկերության բաժնետերերի միջև կնքվելիք համաձայնագրին։ Ընկերությունում ամերիկյան կողմն ունենալու է 74 տոկոս, Հայաստանը՝ 26 տոկոս բաժնեմաս։ Տնօրենների խորհրդի հինգ անդամներից երեքին նշանակելու է ամերիկյան, երկուսին՝ հայկական կողմը։
Սակայն հարցը միայն բաժնեմասերի հարաբերակցությունը չէ։
Շրջանակային համաձայնագրի 6-րդ հոդվածով նախատեսվում է, որ Հայաստանը TRIPP զարգացման ընկերությանը պետք է տրամադրի բացառիկ հողօգտագործման և զարգացման իրավունքներ՝ սկզբնական 49 տարով։ Ընդ որում՝ համաձայնագրով նախատեսվում է նաև այդ ժամկետի երկարաձգման հնարավորություն ևս 50 տարով։
Ուշագրավ է նաև, որ ծրագրի համար անհրաժեշտ հողատարածքների սեփականության և երրորդ անձանց իրավունքներից ազատման հետ կապված ֆինանսական ծախսերը նախատեսվում է դնել Հայաստանի վրա։
Այսինքն՝ նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ հողային հարցերի կարգավորման ֆինանսական բեռը ստանձնելու է հայկական պետությունը։
Մյուս ուշագրավ հանգամանքը հարկային արտոնություններն են։ Շրջանակային համաձայնագրով նախատեսվում է, որ ամերիկյան կողմին փոխանցվող շահաբաժինները որոշակի պայմանների առկայության դեպքում Հայաստանում չեն հարկվի։ Նույն փաստաթղթով սահմանված են նաև այլ հարկային արտոնություններ TRIPP ընկերության և դրա դուստր կառույցների համար
Հարց է առաջանում՝ որքանո՞վ են հաշվարկված այն հնարավոր հարկային եկամուտները, որոնցից Հայաստանը կարող է զրկվել այս արտոնությունների հետևանքով, և ինչպիսի՞ տնտեսական օգուտ է ակնկալում պետությունը նախագծի իրականացումից։
Մյուս կողմից՝ ընկերության բաժնետերերի համաձայնագրի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 16 խումբ ռազմավարական հարցերի շուրջ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է լինելու երկու կողմերի համաձայնությունը։ Դրանց թվում են ներդրողների ընտրությունը, երրորդ կողմերի մասնակցությունը, կոնցեսիոն պայմանները, ֆինանսական որոշումները և գնումների քաղաքականությունը։
Այսպիսով, իշխանությունները հայտարարում են, որ Հայաստանը պահպանելու է ինքնիշխանությունն ու կոնցեսիոն իրավունքներ տրամադրելու բացառիկ իրավասությունը, սակայն ծրագրի կառավարման և ներդրողների ընտրության գործընթացում ամերիկյան կողմն ունենալու է գերակշռող բաժնեմաս և երեք ներկայացուցիչ հինգ հոգանոց խորհրդում։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձելու է պարզել՝ որքան գումար է նախատեսվում ներդնել TRIPP ծրագրում, ինչ տնտեսական եկամուտներ է ստանալու Հայաստանը, որքան կարժենա անհրաժեշտ հողատարածքների նախապատրաստումը, և ինչ չափի հարկային արտոնություններ են նախատեսված ամերիկյան կողմի համար։
Առանձին հարց է նաև այն, թե ինչու բաժնետերերի համաձայնագիրը կարգավորվելու է ԱՄՆ-ի և Նյու Յորք նահանգի օրենսդրությամբ, և ինչ կոնկրետ շեղումներ են նախատեսվում Հայաստանի օրենսդրությունից։
Այս ամենը հատկապես կարևոր է այն պատճառով, որ խոսքը Հայաստանի անկախությունից ի վեր ամենախոշոր տնտեսական նախագիծն է, ինչպես այն բնորոշել է Նիկոլ Փաշինյանը։ Իսկ նման նախագծի պայմանները պետք է լինեն առավելագույնս թափանցիկ»։


Բաց մի թողեք
Ո՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունի․ Լուսանկար
Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին
Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են