Մոսկվան Մեծամորի ատոմային էլեկտրակայանի անվտանգության վերաբերյալ տարածվող տեղեկությունները գնահատում է որպես հայ-ռուսական էներգետիկ համագործակցությունը խաթարելու փորձ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
Զախարովայի խոսքով՝ նման հրապարակումների նպատակը կարող է լինել Ռուսաստանի մասնակցությամբ ծրագրերին խոչընդոտելը և Հայաստանում արևմտյան նախագծերի ու տեխնոլոգիաների առաջմղումը։ Նա նշել է, որ ներկայում հայ և ռուս մասնագետներն աշխատում են ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ։
Մեծամորի ԱԷԿ-ը Հարավային Կովկասում գործող միակ ատոմակայանն է և ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի շուրջ 30 տոկոսը։ Կայանի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին մասնակցում է «Ռոսատոմը»։
«Մեծամորի ատոմային էլեկտրակայանը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի առանցքային բաղադրիչն է. դրա փակումը միայն կմեծացնի հանրապետության էներգետիկ կախվածությունն այլ պետություններից», ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Մեծամորի ԱԷԿ-ն արտադրում է էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը։ Մատչելի էլեկտրաէներգիայի կայուն արտադրությունը երկար տարիներ հանրապետությանը հնարավորություն է տվել խթանել տեխնոլոգիական առաջընթացը և զարգացնել արդյունաբերությունը։
Ժամանակակից աշխարհում, հատկապես հաշվի առնելով մի շարք եվրոպական երկրների անհաջող փորձը՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցնելու հարցում, միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը ինքնիշխանության և էներգետիկ անվտանգության գործոն է։
Մոսկվան Մեծամորի ԱԷԿ-ի հետ կապված անվտանգության ենթադրյալ սպառնալիքների մասին շրջանառվող լուրերը դիտարկում է որպես ռուս-հայկական էներգետիկ հարաբերություններում սեպ խրելու, ինչպես նաև տարածաշրջանի համար վնասակար և անվտանգության տեսանկյունից ռուսականին էապես զիջող արևմտյան նախագծերն ու տեխնոլոգիաները խթանելու փորձ»,- նշել է Զախարովան։

Բաց մի թողեք
Դատարանն անօրինական է համարել Թրամփի՝ նաև Հայաստանին վերաբերող որոշումը
Հոլոքոստի մասնագետին բերել են, որ Հայոց ցեղասպանությունը ժխտի․ Լուսանկար
«Համաեվրոպական աղետի հավանականությունը մնում է շատ բարձր»