23/08/2026

EU – Armenia

Իրանը պատասխանատվությո՞ւն է ստանձնել, թե՞ ասվածը «հուսահատության ճիչ» է

Պատերազմը մի որոշակի պահի պետք է ավարտվի։ Ավելի լավ է ավարտել այսօր, երբ մենք ուժեղ դիրքեր ունենք, հեղինակություն ենք վայելում, երբ ամբողջ աշխարհը մեր հաղթանակը ճանաչում է։

Ինչպես Etemad Online-ին հղելով գրել է ռուսաստանյան «Կոմերսանտը», այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Փեզեշքիանը։ Մոտ երեք շաբաթ առաջ Իրանի նախագահը, խոսելով ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքից, ասել է, որ Թեհրանը պետք է «հասնի նրան, որպեսզի Միացյալ Նահանգները կատարեն փոխըմբռնման հուշագրի բոլոր պայմանները»։

Խոսքը կողմերի միջև հունիսի 17-18-ին հեռավար ձևաչափով ստորագրված «Իսլամաբադյան համաձայնագրի» մասին է։ Այն, իրոք, կարելի է իրանական դիվանագիության ծանրակշիռ հաջողություն համարել։

Թեհրանին հաջողվել է կրակի դադարեցման «նախապայմանների» շարքից դուրս թողնել իր ոչ միայն միջուկային, այլև հրթիռային ծրագրի հետ կապված հարցերը և այդ առումով ոչ մի պարտավորություն չստանձնել։

Իրանի նախագահը, իհարկե, բուն ուղերձը «մի փոքր գունազարդել» է, երբ ասել է, թե «ամբողջ աշխարհը ճանաչում է իրանական հաղթանակը», բայց նրա ձևակերպման ենթատեքստից հետևում է, որ Իրանի համար ԱՄՆ հետ պայմանավորվածության «ավելի լավ ժամանակ և նպաստավոր պայմաններ կարող է և հետագայում չլինեն»։

Վաշինգտոնը Թեհրանի հանդեպ մոտեցումը փոխել է՝ ռումբերի և հրթիռների փոխարեն ընտրելով շրջափակումը և ֆինանսա-տնտեսական ավելի խիստ պատժամիջոցները։

Այս համատեքստում Հայաստանի փորձագիտական որոշակի շրջանակներ և քաղաքական գործիչներ վերստին շրջանառել են նարատիվ, որ Իրանը «TRIPP նախագծի իրականացումը թույլ չի տա»։

Նրանք, ընդսմին, հանդես են գալիս որպես «Իրանի անկեղծ բարեկամներ» և ներշնչում, որ Իրանը TRIPP-ին «դեմ է, քանի որ այն թուրանական միջանցք» է։ Իսկ ինչո՞ւ Թուրքիան և Ադրբեջանը, որ «թուրանական միջանցքի» առաջին շահառուն են, չեն աջակցում, որպեսզի ԱՄՆ-ը «կոտրի» Իրանին։

Այս հարցի պատասխանը տալիս է Իրանի նախագահը՝ առաջարկելով կամ Միացյալ Նահանգներին «խնդրելով» պատերազմը կանգնեցնել և համապարփակ պայմանագիր ստորագրել։

TRIPP-ը Իրանի անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և հեղինակությանը սպառնալիք չէ։ Իրանի էքզիստենցիալ սպառնալիքը Թավրիզն է, թուրքական անջատողականությունը, տարածքային մասնատման և պետական փլուզման առարկայական հեռանկարը։

Իսկ Թուրքիան ԱՄՆ-ին չի աջակցում, որպեսզի Իրանը պատերազմը շարունակի և հյուծվի։ Միանգամայն հավանական այս զարգացումների դիտանկյունից եթե գնահատվի, ապա TRIPP-ը հնարավորություն է թե Հայաստանի, թե միաժամանակ Իրանի համար։

Իրանի նախագահը, որքանով հասկացվում է, երկրի լրջագույն փորձությունների կանխատեսում ունի։ Պարզ չէ, սակայն, նա պատերազմը դադարեցնելու և սպառնալիքները կանխելու լուրջ պատասխանատվությո՞ւն է ստանձնել, թե՞ ասվածը «հուսահատության ճիչ» է։