26/08/2026

EU – Armenia

Համայնքապետը տաղ է ձոնել` Սուրեն Պապիկյանին նվիրված. Լուսանկար

Վերջին օրերին բանակում զինվորների մահվան դեպքերը ցնցել են հանրությանը, բորբոքել զայրույթը, եւ բնական է, որ մարդիկ պահանջում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականը, իսկ Պապիկյանի հարազատ համայնքի՝ Լոռի Բերդի ղեկավար Արայիկ Ներսիսյանն իր «աջակցությունն» է հայտնել նախարարին: Նա համայնքապետարանի պաշտոնական էջում Պապիկյանին նվիրված մի «տաղ է ձոնել» եւ համայնքապետարանի աշխատողներին հրահանգել այն տարածել:

Օրեր առաջ իմացանք, որ Արայիկ Ներսիսյանը ՔՊ-ի սրտի թեկնածուն է՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք Ստեփանավան խոշորացվող համայնքի (Ստեփանավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ) ընտրություններում: Պարզ է, որ նա երախտապարտ է, արդեն իրեն խոշորացված համայնքի ղեկավար է զգում եւ հրահանգել է տեքստը տարածել նաեւ Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների էջերով:

«Պետական մտածողություն, մարդկային բարձր արժեքներ, հայրենի քաղաքի հանդեպ պատասխանատվություն. Սուրեն Պապիկյանի մասին խոսելիս առաջին հերթին պետք է խոսել իր արմատները չմոռացող հայրենասեր մարդու, պետական հմուտ գործչի եւ իր հայրենի քաղաքի հանդեպ առանձնահատուկ նվիրվածություն ունեցող արժանի ստեփանավանցու մասին։ Ս. Պապիկյանի պետական գործունեությունն առանձնանում է անձնական պատասխանատվությամբ, հետեւողականությամբ եւ պետական շահի նկատմամբ առաջնային հստակ դիրքորոշմամբ։ Պաշտպանության նախարարի պաշտոնում նրա աշխատանքը միտված է ԶՈՒ արդիականացմանը, բանակի կարողությունների ամրապնդմանն ու հզորացմանը, տեխնոլոգիական վերազինմանը եւ պրոֆեսիոնալ զինծառայողի ինստիտուտի զարգացմանը։ Այս ուղղությամբ իրականացվող համակարգային փոփոխություններն այսօր արդեն տեսանելի եւ ակնհայտ են։ Ստեփանավանը հպարտ է իր արժանի զավակով եւ վստահ, որ նրա ներդրումն ու նվիրումը պետականաշինության զարգացման գործում շարունակական են լինելու՝ ի նպաստ ՀՀ հզորացմանն ու առաջընթացին»,- գրված է ուղերձում։

Արայիկ Ներսիսյանին հարցրինք՝ տեքստը Ձեզ տվել են, որ տեղադրե՞ք, թե՞ Ձեր նախաձեռնությունն է։ «Չէ, չեն ասել, մենք ենք տարածել: Տեղադրել ենք, որ մեր աջակցությունը հայտնենք նախարարին: Հիմնականում պատճառը եղել է տարբեր անձանց կողմից հրապարակումներն ու քննադատությունները նախարարին: Պատկերացրեք՝ բանակ մարդիկ գնում են դպրոցից, մարդիկ գնում են ընտանիքից, ու մենք, ճանաչելով այդ մարդուն, ես ընդամենը իրավունք եմ վերապահել միջամտություն, առարկություն անել, քանի որ անձամբ ճանաչում եմ Պապիկյանին, նրա նվիրվածությանը բանակին, ծանոթ եմ իր ծրագրերին: Այն, որ որոշակի խնդիրներ կան, դա կապված չէ անձի հետ: Բանակը՝ դա դաստիարակելու համար չի, այսօր բանակն ունի նոր զինատեսակներ, սնունդն ավելի լավն է, ինչ վերաբերում է բանակում մահերին, իհարկե՝ ցավալի է մի ընտանիքում կորուստը, նրանց համար աշխարհը վերանում է»:

Կարծում եք՝ խաղաղ պայմաններում բանակում գրանցված մահվան դեպքերի հետ կապված՝ նախարարի մեղավորությո՞ւնը չկա։ «Չէ, հիմնականում նախարարի աշխատանքը կապված է լուրջ ծրագրերի հետ, ասենք՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը կամ, ասենք, ատեստավորման հետ կապված ծրագրերը, որ էսօր բանակում զինվորը պետք է զբաղված լինի, պետք է պրոֆեսիոնալ բանակ լինի: Մարդը պետք է ստանա 3-4 անգամ ավել աշխատավարձ, չի կարա պարապ մարդն այդ աշխատավարձը ստանա, պիտի զբաղվի ուսումով, պետք է զբաղվի սպորտով, իր անձնական առողջությամբ եւ պիտանի լինի բանակին: Այդ ծրագրերով ընդամենը զինվորին կամ սպային պարապ ժամանակ չպիտի չմնա: Եթե դեռ այդ գործընթացը կիսատ է, չի կարելի քննադատել, չի կարելի չտեսնել բավականին արած, դրած, կայացված մեր բանակի առավելությունները»:

Դուք եղե՞լ եք դիրքերում, տեսե՞լ եք, թե ինչ աշխատանքներ են կատարվել բանակում։ «Իհարկե, եղել եմ Սյունիքում, Կիրանցում: Լինելով այդտեղ՝ պատկերացրել եմ, ոնց կարող էր կարճ ժամանակահատվածում… ու եթե զինվորը զորացրվում էր, եթե ուրիշ հիվանդություն ձեռք բերած չէր լինում, գոնե վախեցած էր լինում: Այսօր մեր պաշտպանական դիրքերը տեսնելով՝ ասում եմ, որ սա պետք է ավելի շուտ լիներ, իսկ վատ բարքերը, դեպքերը ցավալի են: Ինչ վերաբերում է նման դեպքերին, դրանք բանակում չեն առաջացել, մարդիկ բանակում չեն կրթվում: Եթե բանակ են գնում, պետք է այդ էտապներն անցած լինեն: Այսօր նաեւ մանկապարտեզների եւ դպրոցների ուշադրությունն է առաջնային համարվում, որը որ ժամանակի ընթացքում կտանի դրա վերացմանը: Եթե մի պետության մեջ նպատակները դարերի համար են, երեխաներին կրթության են տալիս: Եթե այսօր դպրոցաշինություն է գնում, եւ մանկապարտեզներ են համատարած կառուցում, հաստատ համոզված եմ, որ կտանի նրան, որ մեր դիրքերում նմանատիպ բաները կնվազեն կամ չեն լինի»:

«Հրապարակ»․ Համայնքապետը տաղ է ձոնել` Սուրեն Պապիկյանին նվիրված