Այն, ինչ տարիներ առաջ կդիտվեր որպես քաղաքական ինքնասպանություն, խայտառակություն կամ կատարյալ հիմարություն, այսօր դարձել է պաշտոնական լրահոսի սովորական նյութ։ Ամեն հաջորդ օրը գալիս է ապացուցելու, որ անտրամաբանականի ու անհեթեթի սահմանն անվերջ է։
Հրապարակ թերթը գրել է․ Ե՞րբ սովորեցինք եւ ինչպե՞ս հասանք այն կետին, որ պետականության, անվտանգության, օրենքի, արժանապատվության մասին ամենածանր հարցերը քննարկվում են նույն շարքում՝ ով ինչ հագավ, ով ում հարսանիքին գնաց, ինչ երաժշտության տակ պարեց։
«Իրական Հայաստանում» պետության պատմական հիշողությունը, Անկախության հռչակագիրը, ազգային նպատակները ներկայացվում են որպես վտանգավոր բեռ։ Պետության հիմնարար փաստաթղթի եւ պետականության գաղափարի նկատմամբ կասկածը ներկայացվում է որպես հենց պետականությունը պաշտպանելու միջոց։
ԱԺ-ի աշխատանքը դիտող հայաստանցին այլեւս չի հարցնում․ «Ինչպե՞ս կարող է այս ԱԺ-ն լինել երկրի օրենսդիր մարմինը», ասում է՝ «տեսա՞ք, թե ինչ կռիվ-տրաքոց եղավ ԱԺ-ում»։ Աբսուրդը կատարյալ է, եւ հենց այդ աբսուրդի մեջ է տեղավորվում վարչապետի խրոխտ հայտարարությունը՝ եթե Նարեկ Նալբանդյանն իր եւ իր ընտանիքի միջեւ կապը չհերքի, նրա ճակատագիրն ավելի դաժան է լինելու, քան մյուսներինը։ Իրավական պետությունում կան հասկացություններ՝ օրենք, ապացույց, մեղադրանք, պատիժ։ Մեր ժողովրդին մատուցվում է ուրիշ հասկացություն՝ «դաժան ճակատագիր»: Վարչապետը «ճակատագրեր» է որոշում։ Ահա՝ այստեղ է աբսուրդը։ Եվ հասարակությունն արդեն սովորել է դրան։
Եվ սա միակ աբսուրդը չէ․ տեսանյութեր տարածվեցին Հովհաննավանքի խնջույքի ու ռաբիս երաժշտությամբ համեմված զվարճությունների մասին։ Վարչապետն ուզում է Հայաստանը դարձնել ուրախության երկիր, վանքում էլ սկսում են քննարկել՝ ինչ երաժշտության տակ է հարմար ուրախանալ: Մնում է եկեղեցական օրացույցում «տժժանքի օր» էլ հայտնվի։ Իրավապաշտպան Իրինա Յոլյանը ներկայացնում է, որ Գորիսի 72-ամյա բնակչուհի Կարինե Մանանյանը 50 տարի անկողնային հիվանդ է, առաջին կարգի հաշմանդամ, ստանում է 52 հազար դրամ կենսաթոշակ, սոցգնահատումից հետո գտել են, որ կենսավիճակը բարելավվել է «ինքնըստինքյան», ուստի՝ զրկվում է նպաստից:
Իսկ երբ խոսքը հասնում է մարդկանց, ովքեր իրենց կյանքն ու անունը կապել են Հայաստանի բանակի ու պետականության հետ, աբսուրդը վերածվում է ազգային արժանապատվության խնդրի։ Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը հայտարարել է, որ վերադարձրել է Հայաստանի անձնագիրը։ Դրանից հետո ստացել է ծանուցում․ «Դուք զրկված եք քաղաքացիությունից»։ Ապշեցուցիչն այն է, որ պետությունը վաստակավոր հայի հետ խոսում է այն լեզվով, որը թողնում է մերժված ու դուրս մղված լինելու տպավորություն։ Պաշտոնները հավերժ չեն։ Այսօրվա իշխանավորն էլ նախկին է դառնալու։ Լավ կլիներ, որ իշխանությունից հեռանալիս յուրաքանչյուրն իր հետեւից թողներ ոչ թե վիրավորված մարդկանց ցանկ, այլ այնպիսի հիշողություն, որի առաջ ինքն էլ կարողանար գլուխը բաց կանգնել։
Մի ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաների որեւէ անհեթեթ հայտարարությունը հանրային սկանդալ էր առաջացնում։ Հիմա այն դառնում է սքրինշոթ, հումորի թեմա, ասել-խոսել-զվարճանալու առիթ։ Մի ժամանակ պաշտոնյայի վիրավորական խոսքը կարող էր պաշտոնում մնալ-չմնալու հարց առաջացնել։ Հիմա այն դառնում է մեմ։ Մի ժամանակ պետականությանն առնչվող վտանգավոր միտքը մարդկանց ստիպում էր փողոց դուրս գալ։ Հիմա այն մի քանի ժամ քննարկվում է, հետո գալիս է նոր՝ ավելի արտառոց լուր, եւ նախորդն արդեն մոռացվում է։ Ահա թե որտեղ է տեղի ունեցել ամենավտանգավոր փոփոխությունը։ Մենք սկսել ենք աբսուրդի «շմոլի» տակ ապրել։ Ամեն օր մի նոր բան է տեղի ունենում, որը երեկ անհնար էր թվում, իսկ այսօր կարդում, ժպտում ու անցնում ենք առաջ։ Եվ հենց այդ պահին աբսուրդը հաղթում է։
Հասարակության հոգնածությունը հասկանալի է։ Կորուստները, անորոշությունը, սոցիալական խնդիրները, անվերջ բախումները մարդուն կարող են հասցնել մի վիճակի, երբ ծիծաղը դառնում է ինքնապաշտպանություն։ Ծիծաղում ենք, որովհետեւ բարկանալու ուժ չունենք։ Մեմ ենք ստեղծում, որովհետեւ իրականության դեմ պայքարելու ամենահեշտ ձեւն այն ծաղրելն է։ Ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ անհեթեթությունը դարձել է առօրյա, առօրյան՝ սովորական, սովորականը՝ ընդունելի։ Աբսուրդի հաղթանակը հենց դա է։ Եվ աբսուրդն այն չէ, որ Հայաստանում անհեթեթ բաներ են տեղի ունենում։ Աբսուրդն այն է, որ Հայաստանում աբսուրդն այլեւս աբսուրդ չի դիտվում։

Բաց մի թողեք
Ո՞ւ ․․․ չոռ ու ցավ
Դիմակայունության ծրագրով ամֆիթատրոն են կառուցել
Պատճառը ՀՀ կառավարության դիրքորոշումն է